«Պերմյակովի սատանայապաշտ լինելը որոշ անձիք փորձում են այլ նպատակներով օգտագործել». Ա. Ամարյան
Արխիվ 12-16«Պերմյակովի սատանայապաշտ լինելը որոշ անձիք
փորձում են այլ նպատակներով օգտագործել». Ա. Ամարյան
Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության մեկնարկին նրա սատանիստական խմբի անդամ լինելու մասին բացահայտումը կամ ավելի ճիշտ վերհանումը շատերի զարմանքը հարուցեց: Քանի որ ի սկզբանե կարծիք կար նաեւ, որ Պերմյակովն այս հանցագործության այսպես ասած գործիքն է: Բայց նրա սատանիս լինելու հանգամանքը, փաստորեն, նոր շրջադարձ է բերում գործում: Պերմյակովը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում անդամակցում է սատանիստների խմբին, այս հանգամանքն է, որ Ավետիսյանների իրավահաջորդների համար հիմք է դարձել չշրջանցել իրողությունը, նրանք միջնորդել են դատարանից բացարկ հայտնել դատախազին: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններ կարծում են, թե սատանիստ լինելու հանգամանքը բացատրում է, թե ինչու է Պերմյակովը կատարել այս հանցագործությունը:
Վերոհիշյալի հետ կապված փորձեցինք մեկնաբանություններ խնդրել Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻՑ, ով ասաց.
- Պերմյակովի սատանայապաշտությունը կամ աղանդավորությունը պարզ էր դեռ առաջին օրվանից եւ հրապարակվել էր մեր կենտրոնի կողմից: Եվ հենց դեպքից անմիջապես հետո ռուսական կողմը հասատել էր այդ հանգամանքը, որ Պերմյակովի ծնողները աղանդավորական կառույցի հովիվներ են: Իսկ այն, որ միայն այսօր է դրա մասին բարձրաձայնվում, որ Պերմյակովը սատանայապաշտ է` մի նպատակ ունի, վերջինիս ուղարկել հոգեբուժարան, որտեղից Պերմյակովը այլեւս դուրս չի գա եւ բացի դրանից կփակվի այդ էջը, որով կարելի կլիներ հետագայում պարզել իսկական պատճառները: Համենայնդեպս, իմ կարծիքով, Պերմյակովի սատանայապաշտ լինելը որոշ անձիք փորձում են այլ նպատակներով օգտագործել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասններ կարդացեք «Իրավունք» թերթի 2015 թվականի վերջին` ուրբաթ օրվա տպագիր համարում :
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk