ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԳԵՈՐԳԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ
Արխիվ 12-16ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԳԵՈՐԳԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ
Դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ, երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԵՈՐԳԻ ՇՄԱՎՈՆԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ:
Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:
1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1965 թվականից` բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն: 1973-1991 թ.-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը: 1977 թվականից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 2003 թվականից պրոֆեսոր է:
Գ. Գյոդակյանը հեղինակ է հայ երաժշտության պատմությանը եւ տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների: Երկար տարիներ զբաղվել է Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությամբ եւ հանրահռչակմամբ: Լինելով համաշխարհային երաժշտական արվեստի լավագույն մասնագետներից մեկը՝ տարիներ շարունակ, որպես մանկավարժ եվրոպական երաժշտական արվեստի տեսական հմտություններ է փոխանցել բազմաթիվ երաժշտագետների:
Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար նա արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, Մովսես Խորենացի մեդալի:
Մեծ մտավորականի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ:
Գեորգի Գյոդակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի թանգարանին կից` Նուբարաշենի 14-րդ փողոցում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 23-ին, նույն վայրում, ժամը 14:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk