«ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ». ԿԳ նախարարը «ոչ»-ի ակտիվիստ ուսուցչի ազատման դիմումի մասին
Արխիվ 12-16«ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ».
ԿԳ նախարարը «ոչ»-ի ակտիվիստ ուսուցչի ազատման դիմումի մասին
Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ անդրադարձավ նաեւ Երեւանի 145 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանին հանրաքվեից հետո աշխատանքից ազատելու մասին վերջերս չարչրկված թեմային: Ըստ ԿԳ նախարարի, այս հարցին իր կողմից որեւէ գերատեսչական արձագանք տալու խնդիր չկա, որովհետեւ այդ դպրոցը չի գտնվում ԿԳՆ ենթակայության տակ. «Իրավական արձագանք նույնպես չեմ կարող տալ, որովհետեւ ազատված ուսուցիչն ինքն է ազատման դիմում գրել, ինչը գոնե ինձ համար զարմանալի է, որ պայքարող մարդն ինքն է նման քայլի գնում: Եվ ես կարծում եմ` այստեղ քաղաքականություն փնտրել պետք չէ, որովհետեւ նա աշխատանքի է ընդունվել, երբ արդեն հայտնի է եղել որպես ակտիվիստ»: Այնուամենայնիվ, ծագած խնդրի լուծումը Ա. Աշոտյանը տեսնում է միայն դատական ճանապարհով. «Չասե´ք, թե չեք վստահում դատական համակարգին: Եթե անգամ չեք էլ հավատում, ապա, միեւնույն է, դա լրացուցիչ հնարավորություն է հանրային ուշադրությունն առկա խնդիրների վրա սեւեռելու համար»: Ապա հավելեց. «Ողջունում եմ երիտասարդների քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, եւ պետք է համաձայնեք, որ բազում ուսանողներ, դասախոսներ կային նաեւ «ոչ» պատասխանը քարոզող ճամբարում»: Եվ վերջում կրթական ոլորտում տիրող իրավիճակի համար պատասխանատու գործադիրի ներկայացուցիչը շեշտեց, որ կրթական համակարգն իր ներսում քաղաքականացված չէ, ուսումնական հաստատությունների պատերից ներս քաղաքկանություն չկա, իսկ որտեղ կա, պատժվում է: Մինչդեռ այդ պատերից դուրս յուրաքանչյուրը տնօրինում է իր քաղաքական ու քաղաքացիական իրավունքները` լինի ընդդիմության, թե իշխանության դաշտում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk