«ՈՉ ԹԵ ՏՈՆԱԾԱՌ, ԱՅԼ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌ»
Արխիվ 12-16«ՈՉ ԹԵ ՏՈՆԱԾԱՌ, ԱՅԼ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌ»
Ամանորին մնացել են հաշված օրեր, եւ մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները ստացել են տոնական տեսք` ազդարարելով, որ ժամանակն է, որպեսզի բնակիչներն էլ զարդարեն իրենց բնակարանները: Էլ ի՞նչ Ամանոր` առանց շքեղ եւ լուսավոր տոնական եղեւնու: Շատերն են մտահոգված` ինչպես զարդարել տոնածառը, որպեսզի տոնը խորհրդանշող գեղեցկուհին հաղորդի տոնական տեսք ու տրամադրություն:
Ամանորյա տոնածառը զարդարելու հաճելի հոգսը թեթեւացնելու համար «Իրավունքը» զրուցեց ազգագրագետի եւ դիզայների հետ, որոնց տված հետաքրքիր խորհուրդներն անշուշտ կօգնեն բոլորին` յուրահատուկ տոնածառ, իսկ նրանց բարեմաղթանքները` հաճելի տրամադրություն ունենալու համար:
«ԱՄԱՆՈՐԸ ՆՇՈՒՄ ԵՆՔ` ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»
Ազգագրագետ, գեղանկարիչ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.
- Նախկինում Արեւելյան Հայաստանում նշել են Նավասարդ ու Բարեկենդան, իսկ Արեւմտյան Հայաստանում` Նոր Տարի, որի խորհրդանիշը եղել է Կաղանդ պապը: Իր նշանակությամբ Կաղանդ պապը խորհրդանշում է տարվա առաջին օրը, այն ունի նաեւ տիեզերական գաղափար, որը պոզավոր գլխարկ է կրել, ինչն արդեն կապված է տիեզերքի հետ` որպես արական կերպար:
Նոր տարին կապված է ծառի ու խաչի հետ, երկուսն էլ կենաց ծառ են: Եղեւնին խաչի նման է եւ խորհրդանշում է Քրիստոսին: Բայց ամանորյա ծառն ավելի շատ պետք է լինի կանացի, որովհետեւ խորհրդանշում է ընտանիքը, իսկ ընտանիքի խորհրդանիշը կինն է: Սուրբ ծնունդի խորհրդանիշը խաչն է, այն ցույց է տալիս աշխարհի չորս կողմը: Արեւմտյան Հայաստանում Ամանորին պատրաստել են գաթա, մեջը ճյուղ են դրել, որի վրա կախել են աղանդեր, հետո ծառը տարել են եկեղեցի` օրհնելու: Այնուհետեւ, ընտանիքի յուրաքանչյուր անդամ ծառին կապել է իր մազը, եւ այն այրել են: Իսկ ահա Արեւելայն Հայաստանում զարդարել են բալենու ծառ: Երեխաները ավետիսներ են ասել ու շրջել տնետուն, իսկ այսօր Ամանորը նշում ենք` առանց հաշվի առնելու հին ծեսերը: Այժմ յուրաքանչյուրը տոնածառը զարդարում եւ Ամանորը նշում է յուրովի: Այս տարի իմ ամանորյա եղեւնին չիչխանի ծառն է, որը զարդարվել է ձեռքի աշխատանքներով եւ դարձել ոչ թե տոնածառ, այլ` տոնական ծառ: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ ուրախանում են, բայց ավանդույթների` երգի, պարի, տաղերի ու ավետիսների մասին ոչինչ չգիտեն:
Շնորհավորում եմ հայ ժողովրդի գալիք Ամանորը, ցանկանում աշխարհին խաղաղություն, հայ զինվորներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ: Բոլորն ինչ նպատակներ ունեն առ Աստված, թող կատարվեն: Կցանկանայի նաեւ, որ մի քիչ հետ գնայինք` դեպի ավանդույթներ, մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ, ինչպես մեր պարերը` երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԼԻՆԵԼՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է»
Քանդակագործ, նկարիչ, դիզայներ ՆՈՒՌ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ.
- Ինձ համար իմ ուրախությունն իմ ընտանիքն է, երեխաները: Մեր տոնածառը հիմնականում զարդարվում է երեխաներիս պատրաստած խաղալիքներով եւ ընտանեկան լուսանկարներով: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր գունապնակը: Մարդիկ կան, որ տոնածառը համապատասխանեցնում են տան ինտերիերին, մարդիկ կան, որ ունեն հնուց պահված խաղալիքներ, որոնք նրանց մանկության հուշերն են առաջ բերում, սա շատ գեղեցիկ ավանդույթ Է: Ցանկացած պարագայում յուրահատուկ լինելն ավելի լավ է:
Կցանկանայի, որ այս տարին լինի խաղաղ, հաղթի սերն ու բարությունը, եւ յուրաքանչյուր ընտանիք իրեն ընկալի որպես մեկ ամբողջ ազգի ներկայացուցիչ: Որովհետեւ ընտանիքը փոքրիկ երկիր է, եթե այդ փոքրիկ երկրում կարողանանք խաղաղություն եւ սեր ստեղծել, ապա մեծ երկրում էլ այն անպայման կլինի:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk