«ԿԱՐՄԻՐ ԵՐԱԶԱՆՔԸ» ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16«ԿԱՐՄԻՐ ԵՐԱԶԱՆՔԸ» ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջերս կայացավ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս 6-րդ ամենամյա ծրագիրը, որի փակման պաշտոնական արարողության ժամանակ ամփոփվեցին նաեւ արդեն ավանդական դարձած գրախոսականների մրցույթի արդյունքները: Ժյուրին որոշեց, որ այս տարի 1-ին մրցանակ չի շնորհվի, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը բաժանվեցին 4 աշխատանքների միջեւ։
Այսպիսով` 2-րդ մրցանակին արժանացավ 2 գրախոսական՝ Թամարա Հակոբյանի «Դժբախտ մարդկանց երջանիկ սերը» եւ Զոհրաբ Սարգսյանի (Սարգիս ՅԱՆ) «Կարմիր երազանքը»` Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի մասին։ 3-րդ մրցանակը կիսեցին Աննա Նադարյանը («1915») եւ Զարուհի Սիմոնյանը («1915. Ատելություն 100 տարի անց»), որոնց գրախոսականները Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմի մասին էին:
«Իրավունքի» հետ զրույցում երկրորդ մրցանակին արժանացած, Երեւանի մշակույթի պետական քոլեջի հեռուստահաղորդավարության 4-րդ կուրսի սան ԶՈՀՐԱԲ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատմեց, որ գրելիս չի մտածել, թե մրցանակի կարժանանա: Ավելին` նույնիսկ տեղյակ էլ չի եղել, որ գրվածքը, որպես գրախոսական, մասնակցելու է մրցույթին.
- Նախ «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմը պատահական դիտել եմ տանը, հեռուստացույցով եւ շատ եմ հավանել, նույնիսկ ակամայից նմանեցրել եմ ու համեմատություններ տարել «Հայֆիլմի» արտադրած ֆիլմերի հետ, որոնք անգին գոհարներ են մեզ համար: Այդպես, դասապրոցեսի ժամանակ ռեժիսուրայի դասախոս, ռեժիսոր Արսեն Առաքելյանը հանձնարարեց գրել գրախոսական: Ի սկզբանե մտածում էի, որ այն զուտ տնային հանձնարարական է ու այդ սկզբունքով էլ գրեցի` այնպես, ինչպես մտածում էի, գաղափար անգամ չունենալով, որ մրցույթի պիտի մասնակցի: Ընդհանրապես ընկեր Արսենը լինելով ստեղծագործ մարդ` ինձ միշտ ասում է, որ շեղվեմ իմ այդ ռեալ իրականությունից ու ստեղծագործեմ` թռչեմ հեռուներ: Այս աշխատանքի ժամանակ հետեւեցի իր խորհրդին, որքան ազատություն տվեցի մտքերիս, այդքան էլ հավաքեցի դրանք` իրականության մեջ: Չնայած` ֆիլմն էլ էր դա թույլ տալիս, քանի որ մերօրյա իրականության մասին է: Ճիշտ է, ներկայացնում է 1995-96 թվականները, բայց մեր օրերում այն շատ համահունչ է, այսօր էլ մեր գյուղերում կան լքված տներ, ծեր ծնողներ, որոնք սպասում են երկրից դուրս բնակվող իրենց որդիների ուղարկած գումարին: Մերօրյա ֆիլմ է, երեւի դա է ամենակարեւոր հատկանիշը:
- Այսինքն` ստացվում է, եթե իմանայիք, որ մրցույթի համար եք գրում, ավելի վա՞տ կգրեիք:
- Այո, գուցե ավելի վատ, որովհետեւ այս դեպքում իմ լսարանը համակուրսեցիներս էին ու իմ դասախոսը, ովքեր ծանոթ էին ինձ ու իմ ձեռագրին: Իսկ, իմանալու դեպքում պետք է գնայի ինչ-որ կոմպրոմիսի, գրեի մի բան, որը հասու լիներ բոլորին: Աշխատանքն ավարտելուց հետո, դասի ժամանակ ընկեր Արսենն ասաց, որ ուղարկեմ տվյալ էլեկտրոնային հասցեին: Ես էլ կարծելով, որ դա իր հասցեն է, գալիս եմ տուն, տիտղոսաթերթ կազմում ու ուղարկում: 2-3 օր անց եմ միայն իմանում, որ «Կինոաշնան» շրջանակներում մասնակցել եմ մրցույթին, իսկ էլեկտրոնային հասցեն էլ պատկանում է Ազգային կինոկենտրոնին: Երբ իմացա, ինքս ինձ ասացի, լավ, կարեւորը հանձնարարականս կատարել եմ` պարտաճանաչ ուսանողի կարգավիճակով, մնացածն էլ` ինչ եղավ, եղավ: Այդպես, ժամանակի սղության պատճառով չգնացի փառատոնի փակմանը, որի ժամանակ էլ հենց ամփոփվել են գրախոսականները: Երեկոյան զանգահարեցին կուրսընկերներս ու ասացին, որ մրցանակ եմ շահել: Սկզբում լուրջ չվերաբերվեցի, հետո որոշ ժամանակ անց հետ զանգահարեցի կուրսընկերուհուս, որ մանրամասնի, թե ինչ է իրականում եղել: Լավ իմանալով հայկական մենթալիտետը` ծանոթ-բարեկամ իրավիճակներին, չէի հավատում, որ մրցանակակիր եմ: Իմ դեպքում ծանոթ-բարեկամի փոխարեն, ունեի «Կարմիր երազանք» վերնագրած երկուս ու կես էջանոց աշխատանք: Ինչեւէ, իմ «Կարմիր երազանքն» ասաց իր ասելիքը ու ամենաուրախալին`գնահատվեց հենց Կինոկենտրոնի կողմից, մի ամբողջ փառատոնի շրջանակներում, ինչն ավելի մեծ ինքնավստահություն է ներշնչում քեզ, քան` համալսարանական, կամ այլ մրցույթ: Սա քոլեջում ուսանելու ընթացքում իմ առաջին մրցանակն է, այս տարի ընկեր Արսենի միջամտությամբ` կամա թե ակամ, դարձա հերոս:
- Զոհրաբ, մրցանակաբաշխության ժամանակ անունդ հնչեց որպես Սարգիս Յան ու հենց այդպես էլ գրված է պատվոգրի վրա...
- Այո, սոցցանցում գրանցված եմ միայն ազգանունով` Սարկիս Յան, Կինոկենտրոնի աշխատակիցները կարծել են, որ կրճատել եմ անունս ու խուսափելով` թողել եմ միայն ազգանվանս յանը: Իրականում սոցցանցում ցանկացել եմ միայն ազգանունը գրանցել: Նույնիսկ, երբ բեմից հայտարարում են Սարկիս Յան, կուրսընկերներս ուշադրություն չեն դարձնում, միայն «ուշքի» են գալիս «Կարմիր երազանք» վերնագիրը լսելիս, քանի որ աշխատանքն իրենց ծանոթ էր, ընթերցվել էր դասի ժամանակ: Ու անմիջապես բարձրանում են բեմ եւ իմ փոխարեն ստանում մրցանակը, ինչի համար շնորհակալ եմ իրենց:
- Հետո անվանափոխություն արեցի՞ք, թե այդպես էլ մնաց:
- Պատվոգրում գրված է, որ տրվում է 2-րդ կարգի դիպլոմ Սարկիս Յանին` Զոհրաբ Սարգսյանի փոխարեն: Ինձ բոլորն ասում են, որ դիմեմ Կինոկենտրոն, բայց Քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանն ասաց, թող այդպես էլ մնա, դա կլինի իմ կեղծանունը, չէ որ մեր իրականության մեջ շատ քիչ են կեղծանունները: Ես էլ ժպիտով համաձայնեցի ու կարելի է ասել հաշտվեցի այդ մտքի հետ եւ որոշեցի հենց այդպես էլ թողնել` հնչեղ ազգանուն ու լավ կեղծանուն է, մոտ ապագայում հաստատ կկիրառեմ:
- Ապագա հեռուստահաղորդավար եք, լրագրող, գուցե կես ճանապարհից շեղվեք ու որպես քննադա՞տ հանդես գաք:
- Մրցանակը ստանալուց հետո նման մտադրություն եղավ ինձ մոտ: Միշտ խուսափել եմ կոնֆլիկտային իրադրություններից, իսկ սա այն դեպքն է, երբ կարող ես քո քննադաըությամբ կամ բարձրացնել տվյալ մարդու աշխատանքը, որը մի ամբողջ թիմի աշխատանք է, կամ էլ`գցել, ինչն արդեն քեզանից ու քո գրիչից է կախված: Այս աշխատանքից հետո կարծում եմ` կարող եմ նաեւ բարձրացնել շատերի աշխատանքը, բայց այն աշխատանքը, որն իսկապես լավն է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk