15 ՄԵԹՈԴ` ԱՄԱՆՈՐՅԱ ԳՆՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՍԹԱՓ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-1615 ՄԵԹՈԴ` ԱՄԱՆՈՐՅԱ ԳՆՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ
ՍԹԱՓ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մինչ բոլորը զբաղված են ամանորյա գնումներով եւ ջանասիրաբար փորձում են օգտվել «շլացուցիչ» զեղչային համակարգից, հաղորդավար, պրոդյուսեր ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ առաջարկում է 15 մեթոդ` գնումներից առաջ սթափ մտածելու եւ մտացածին զեղչերին գերի չդառնալու համար:
Նորույթ չէ, որ ամբողջ աշխարհում հատկապես նախատոնական շրջանում առեւտրային կազմակերպությունները կիրառում են տարատեսակ մարքեթինգային հնարքներ՝ հաճախորդների ուշադրությունն իրենց ուղղությամբ սեւեռելու եւ առեւտրի ծավալները մեծացնելու նպատակով։ Այդպիսի տեխնոլոգիաներ, բնականաբար, կիրառվում են նաեւ
Հայաստանում՝ հաշվի առնելով ոչ միայն տարիքային, սեռային, մասնագիտական ու այլ առանձնահատկություններն, այլեւ համազգային բարդույթներն, ասենք, ամանորյա ճոխ սեղանի տվայտանքների շուրջ։ Եվ նեղսրտելն ու բողոքելն այս կամ այն կազմակերպության «կլպել հաճախորդին» ակցիայից, մեղմ ասած, պարապ գործ է։ Մարքեթինգային խայծերը հաշվարկած են հաճախորդի 5 զգայարանների վրա՝ համի, հոտառության, լսողության, տեսողության, շոշափելիքի։ Հարց է առաջանում․ ինչպե՞ս իրականացնել հաջող գնում։ Մարքեթինգային հնարքների զոհը չդառնալու համար առանձնացրել եմ 15 մասնագիտական խորհուրդ․
1. Գնումն իրականացրեք միայն նախապես կազմած ցուցակով։ Հակառակ դեպքում
նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես աշխատավարձը թողեցիք խանութում։
2. Խանութ այցելելիս հիշեք, որ ցանկացած առեւտրային գործարք ենթադրում է շահույթ, ոչ թե կորուստ։ Այս տրամաբանությամբ է առաջնորդվում ցանկացած առեւտրային կազմակերպություն։ Մի շտապեք օգտվել տարատեսակ «շահութաբեր» առաջարկ-ակցիաներից։
3. Մի շտապեք գնել ձեռքի տակ ընկած ամեն իր, որի վրա մեծ կարմիր տառերով գրված է ԶԵՂՉ 10-90 % (անպայման նայեք սնունդի ժամկետը)։ Ի դեպ, օգտագործման ժամկետի ավարտին մոտեցող սնունդը դրված է լինում առաջին շարքում։ Մի ալարեք եւ ստուգեք հետեւի շարքերը։
4. Խուսափեք արհեստականորեն «վայ ախչի, հեսա կպՌծնի» խայծից։ Սուպերմակետում
ոչինչ եւ երբեք չի պՌծնում։ Եթե բոլորը «վրա են տվել» ինչ-որ ապրանքի, պարտադիր չէ, որ հետեւեք նրանց վարքին։
5. Կանխիկ առեւտուր․ ապացուցված է, որ մենք ավելի դժվարությամբ բաժանվում ենք կանխիկ փողից, քան էլեկտրոնային դրամական հաշվից։ Մինչ սուպերմարկետ մտնելը կանխիկացրեք քարտում եղած էլեկտրոնային գումարը:
6. Մի կատարեք սննդի գնումներ՝ «դատարկ ստամոքսով»։
7. Մի շտապեք գնել հաճելի բուրող սնունդը, երբ նկատում եք, որ այն յուրահատուկ էֆեկտիվ բուրմունք ունի։ Այն շատ հաճախ, ոչ թե տվյալ ապրանքի, այլ ароматизатор-ների բույրն է։
8. Մեկ, երկու իր գնելու համար մի վերցրեք մեծ սայլակ, հատկապես, երբ դուք ամոթով
առեւտուր անողներից եք։ Վերցրեք փոքրիկ զամբյուղ կամ մտեք առանց զամբյուղի։ Մեծ սայլակը ձեզ «կստիպի լցնել իրեն»։
9. Եթե գիտեք ձեզ անհրաժեշտ ապրանքի տեղն, ապա շտապեք դեպի այդ կողմն՝ առանց փայլող զրթիկները զննելու եւ մի վերցրեք ապրանքն, եթե այն ձեզ հարկավոր չէ։ Ապացուցված է, որ լավ փաթեթավորումն առեւտրի գործում մեծագույն խթանիչ է։
10. Եթե հարկավոր է գնել միրգ կամ հատիկավոր սնունդ, ապա գնեք քաշով, ոչ թե տուփով: Քաշով դուք կգնեք, որքան հարկավոր է, իսկ տուփով՝ ամբողջ պարունակությամբ։ Ի դեպ, փաթեթավորման համար դուք նույնպես վճարում եք՝ աննկատ։
11. Ապրանք ընտրելիս այն փնտրեք ոչ միայն հաճախորդի համար հարմար տեղադրված
վայրերում, այլեւ վերեւի եւ ներքեւի դարակներում։ Ի դեպ, առեւտուրն իրականացրեք ձախից-աջ սկզբունքով։ Հաշվարկած է․ մարդիկ ենթագիտակցորեն ապրանքը վերցնում են աջ ձեռքով, հետեւաբար այդ հատվածում վաճառողը տեղադրում է ավելի շահութաբեր ապրանք։
12. Համարձակորեն հրաժարվեք անպետք ապրանքից, եթե նույնիսկ «հանդգնել եքե համտեսել այն։
13. Միշտ չէ, որ «էժան ապրանքն» իսկապես էժան է։ Մարքեթինգում հաճախ հանդիպող այս հնարքին ծանոթ են քչերը։ Հաճախ թանկ ապրանքների կողքին դրվում է «էժանագին ապրանք», որն իրականում էժան է իր կողքին տեղադրված իրերի համեմատ, սակայն, իրականում, այն էապես թանկ է հարեւան խանութում եղած նույն ապրանքի համեմատ։
14. Վճարելիս մի ալարեք եւ ստուգեք ապրանքը՝ համեմատելով մուտքագրածը տոպրակի պարունակության հետ։
15. Եվ ամենավերջում․ սուպերմարկետների «կլպել հաճախորդին» ամանորյա ակցիաների դեմ կռիվ տալու փոխարեն պարզապես հաշտվեք մարքեթինգային գործոնի գոյության հետ։ Եվ հիշեք․ այս հնարքները ձեւավորվում են հաշվարկելով ձեր սովորույթները, բարդույթներն ու «պոնտերը»։ Հետեւաբար ձեզ կոտորելու փոխարեն հանգիստ հրաժարվեք նոր տարվա «ապառիկ ճոխություններից», ձերբազատվեք անիմաստ բարդույթներից, հյուրասիրեք, որքան կարող եք, ոչ թե, որքան պահանջում են ջիջիլի սկզբունքն ու ամոթի կեղծ զգացումը։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk