ՄԻԱԿ ԱԿՆԿԱԼԻՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՆ Է
Արխիվ 12-16ՄԻԱԿ ԱԿՆԿԱԼԻՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՐԱԿԱՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼՆ Է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն` Բեռն, որտեղ հաջորդ օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` կկայանա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերոգրյալին` արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ նշեց, որ եթե ինչ-որ արտառոց բան չլինի, ապա կկայանա հանդիպումը: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման ակնկալիքներին` ընդծեց.
–Միակ ակնկալիքն այն է, որ կարողանան Ադրբեջանին իրական դաշտ բերել, ոչ ավել, որովհետեւ այն քայլերը, որոնք նա անում է, հակասում են թե՛ միջազգային իրավունքին, թե՛ միջնորդների բոլոր հորդորներին եւ ընդհանուր առմամբ` միջազգային պրակտիկային: Քիչ է մնացել հանդիպմանը, կտեսնենք` կհաջողվի՞ Ադրբեջանին բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն:
– Պարոն փոխնախարար, ամեն դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ձգտում են հարցն արդեն ավարտին հասցնել: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս շրջանում բեկումնային շրջադարձը:
– Սա պարզապես սկիզբն է այդ ուղղության: Սովորաբար, միջնորդները միշտ փորձում են հավասարության նշան դնել, իսկ այսօր արդեն ակնհայտ է, որ կա փոփոխություն: Իհարկե, դա դեռ բավարար չէ, բայց համանախագահների հայտարարությւններում արդեն հստակ երեւում է հասցեատերը: Եվ կարծում եմ` եթե Բաքուն, վերջիվերջո, իրական դաշտ չգա, խնդիրն ավելի է խորանալու:
Այսօր բանակցային գործընթացում տեղի է ունենում խեղաթյուրում: Եվ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը` լինի ուժային, թե դիվանագիտական ոլորտում, լիովին իրար համապատասխանում է: Ավելին ասեմ` ի սկզբանե Ղարաբաղյան համկամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն` Սումգայիթով, ջարդերով եւ այդպես շարունակաբար: Ու առ այսօր դրանից չի հրաժարվում եւ քանի դեռ չի հրաժարվել, բանակցայն գործընթացում որեւէ առաջընթաց սպասել անհնարին է: Ինչպես նաեւ միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ ելքը միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk