ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՐԱԽ, ԲԱՅՑ ՈՉ ՀՆԱՐԱՄԻՏ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՐԱԽ, ԲԱՅՑ ՈՉ ՀՆԱՐԱՄԻՏ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ
Ճիշտն ասած, մտքովս երբեք չէր անցնի, որ ՀԱԿ-ն իր հավերժական անհաջողակ Լյովիկ Զուրաբյանով կհամարեմ ավելի ծանրակշիռ, քան մեկ այլ կոնկրետ քաղաքական ուժ: Բայց ամեն ինչ համեմատության մեջ է: «Ժառանգությունում» աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ «Նոր Հայաստանի» «փրկչիստների», եւ հատկապես Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կլոունադան հատել է երեւակայության բոլոր սահմանները: Նրանց համեմատ` նույնիսկ Լյովիկ Զուրաբյանը կարող է քչից-շատից լուրջ թվալ:
ԱՆԼՐՋԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ՀԱԿ-ն իր համար գտել է զբաղմունք, որը տեղավորվում է խորհրդարանական կուսակցության գործունեության տրամաբանության մեջ: Խոսքը պատգամավորական ստորագրահավաք նախաձեռնելն է` Սահմանադրական դատարան դիմելու նպատակով, եւ թեեւ քիչ հավանական է, որ անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքվեն, սակայն փաստ է, որ ստորագրահավաքին միացել է ՕԵԿ խմբակցությունն ամբողջ կազմով: Ճիշտ է, թեեւ Զուրաբյան Լյովիկը թվեր է կրակում` գրեթե կես միլիոն կեղծված քվեների մասին` ի զորու չլինելով շոշափելի փաստեր ներկայացնել, իսկ Արամ Մանուկյանը հրապարակավ հնչեցնում է պառավ ջադուին վայել անեծքներ, սակայն գոնե կարող են հայտարարել, թե փորձեցին, նույնիսկ ԱԺ այլ խմբակցություններից մարդ ներգրավեցին, բայց չստացվեց:
Իսկ «Նոր Հայաստանը» զբաղված է ծիծաղաշարժ ակցիաներով, Րաֆֆի Հովհաննիսյանը առաջ է քաշում մեկը մյուսից ավելի աբսուրդային գաղափարներ, Զարուհի Փոստանջյանն էլ ԱԺ ամբիոնից իր ճվճվոցներով արդեն հասցրել է կոշտուկներ գոյացնել քաղաքացիների ու հատկապես գործընկեր պատգամավորների թմբկաթաղանթներին:
Բացարձակ ծիծաղաշարժ եւ կրկեսային են ոչ միայն շուրջօրյա հանրահավաք-մանրահավաքները Ազատության հրապարակում, այլ նաեւ «Նոր Հայաստանի» մարզային այցելությունները: Ամենուրեք հավաքվում է այնքան քիչ մարդ, որ, ինչպես նկատեց Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նույնիսկ ամենասակավամարդ քննարկումներին (երբ գործը դեռ չի հասել քվեարկության) ավելի շատ մասնակից կա, քան այդ «միտինգներին»:
«Նոր Հայաստանը» շատ կարեւոր էր համարում այցը Սյունիքի մարզ եւ «պարոն Լիսկային» դիվադադար անելը: Կապան քաղաքը հայտնի է նրանով, որ ե՛ւ 2013-ի ընտրություններին, ե՛ւ հանրաքվեին իրեն դրսեւորեց որպես առավելապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող համայնք:
Երեւի թե, Զարուհուն եւ Րաֆֆուն թվում էր, որ, եթե 2013-ին Րաֆֆին Կապանում ստացավ 60 տոկոսից ավելի քվե, թեեւ այդտեղ նմուշի համար մեկ «ժառանգական» իսկ չկար, ապա հիմա էլ պետք է Կապանն իրենց գրկաբաց ընդունի: Սակայն այդպես չեղավ, ընդունեցին բավականին սառը, նաեւ Զարուհի Փոստանջյանի խրտվիլակն այրեցին (Աշոտյանի ականջը կանչի, առաջինը, կարծես թե, այդ գաղափարը նրա շուրթերից էր հնչել): Անշուշտ, կլինեն պնդումներ, միգուցե դա նաեւ այդպես է, որ խրտվիլակավառությունը կազմակերպվել էր Սյունիքի մարզպետի կողմից, սակայն դա իրագործել չէր լինի, եթե կապանցիները առնվազն չեզոք վերաբերմունք չունենային: Դե ինչ, կապանցիները թեեւ ընդդիմադիր տրամադրություն ունեն, սակայն, այնուամենայնիվ, հաստակող սյունեցիներ են, ովքեր անլուրջ մարդ չեն սիրում, լինի դա իշխանական, թե` ընդդիմադիր:
Պարզ է, որ «Նոր Հայաստանում» չեն կարող չգիտակցել սեփական գործողությունների կրկեսային բնույթը: Ժիրայր Սէֆիլյանն էլ մատնանշել էր, որ իրենց ակցիաների սակավամարդությունը ոչ թե ժողովրդի մեղքով է, այլ սեփական սխալ մարտավարության: Ի վերջո, ընդդիմադիր տրամադրություն ունեցող, բողոքավոր քաղաքացին իր վերաբերմունքը քվեատուփի մոտ արտահայտելուց հետո ամենեւին էլ պարտավոր չէ գալ հրապարակում «ցիրկի կլոունների» ելույթները լսելու ու, առավել եւս, նրանց կոչով ինչ-որ բան անելու: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ բացի հիասթափությունից, այդ ակցիաները ուրիշ արդյունք չեն կարող ապահովել: Իսկ միգուցե նպատակը հենց հիասթափություն սերմանե՞լն է:
Ի դեպ, Արտաշես Գեղամյանը պնդում է, որ Զարուհի Փոստանջյանի մշտական խորհրդարանական լաչառությունները լավ էլ տեղավորվում են «կառավարելի քաոսի» հայտնի ամերիկյան տեխնոլոգիայի շրջանակներում: Պարոն Գեղամյանը հիշեցնում է նաեւ Ալեն Դալեսի այն դասական խոսքը, որ հակառակորդ կամ թիրախ երկրում հարկ է սերմանել անվստահություն բոլորի եւ ամեն ինչի նկատմամբ, ու, բնականաբար, այդ բոլորի մեջ մտնում է եւ ընդդիմության ինստիտուտը: Այնպես որ, այդ ինստիտուտի ու ընդհանրապես կուսակցական համակարգի վարկաբեկումը խորհրդարանական կառավարման անցնող երկրում կարելի է դիտարկել որպես «կառավարելի քաոսի» եւ հոգեբանական պատերազմի բաղադրիչներ:
Ինչ վերաբերում է «Նոր Հայաստանում» ընդգրկվածներին, ապա մարդիկ ստացել են սեփական քաղաքական ինքնաոչնչացման գնով մթնոլորտն առավելապես փչացնելու առաջադրանք, որը եւ կատարում են կլոունադայի միջոցով:
ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎԵԼՈՒ
Անշուշտ, մթնոլորտ փչացնելու գործին լծված է ոչ միայն «Նոր Հայաստանը»: Նույն ՀԱԿ-ն էլ այդ ուղղությամբ աշխատում է, սակայն գոնե նվազագույն չափով փորձում է մնալ քաղաքական վարքագծի շրջանակներում: Այսպես, պատահական չէր, որ ծերուկ Տեր-Պետրոսյանը հանրաքվեից հետո գերադասեց լռությունը, ընդամենը հանրաքվեի օրով կոչ անելով գալ տեղամասեր եւ քվեարկել, իսկ ՀԱԿ խմբակցությունն էլ փորձում է միանգամայն քաղաքական քայլ անել` պատգամավորական ստորագրություններով մտնել Սահմանադրական դատարան: Բայց մթնոլորտը փչացնելու գործընթացից ետ չի մնում եւ Ռոբերտ Քոչարյանը, ում գրասենյակը հանրաքվեից հետո արդեն նոր «բլթոց» է հրապարակել` հանրաքվեի մասին հարեւաններին հարցուփորձ անելու հորդորով: Ռոբերտ Սեդրակիչը, անշուշտ, ավելի շահած կլիներ լռության դեպքում, սակայն նրա խառնվածքն է նրան մղում թունավոր խոսքեր արտադրելուն` անգամ սեփական վարկանիշի հաշվին:
Իսկ թե ինչպես են նոր եւ «նորացված» քաղաքական ուժերը պատրաստվում 2017-ի ընտրություններին, ապա բոլորի մոտ սպասումներ կան, թե ինչ կլինի մինչեւ գարուն: Արա Աբրահամյանն է ծրագրել իր կուսակցական մեկնարկը կատարել մարտ ամսին, ՕԵԿ-ը առայժմ սահմանափակվում է` ՀԱԿ-ի ստորագրահավաքին միանալով եւ ԱԺ ամբիոնից սովորական քննադատությամբ, ստվերից դուրս չի դրսեւորվել եւ ԲՀԿ-ի օսկանյանական թեւի հիման վրա Քոչարյանի հենարան նոր կուսակցություն ստեղծելու գործընթացը: Դե պարզ է, սպասողական վիճակների հիմնական դրդապատճառը աշխարհաքաղաքական զարգացումներն են, ու ի վերջո Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը ինչ-որ հանգուցալուծում պետք է ստանա:
Սակայն, օրինակ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզմունք է հայտնում, որ անորոշությունը կձգվի մինչեւ աշուն. «Հանրաքվեից հետո ունենք ավելի անորոշ մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերը մարգինալացվել են` գրեթե չեն գործում կամ բարոյալքված են. պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի առաջին գծում ոչ թե խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերն էին, այլ արտախորհրդարանական ընդդիմությունը: Մյուս կողմից` անորոշությունը պահպանվում է նաեւ իշխանամետ դաշտում: Կարծում եմ, այս իրավիճակը կշարունակվի մինչեւ 2016թ. կեսերը, երբ քաղաքական կյանքը վերստին կմտնի ակտիվ փուլ, եւ բոլոր քաղաքական ուժերը կսկսեն նախապատրաստվել 2017թ. խորհրդարանական ընտրություններին»: Քաղաքագետը նաեւ բացառում է իրավիճակի ապակայունացումը, եթե չլինի արտաքին ուժերի կտրուկ ազդեցություն. «Համենայնդեպս այն ուժերը, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը, չունեն դրա համար անհրաժեշտ ռեսուրսները: Հետեւենք իրադարձությունների զարգացմանը` չբացառելով արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, առաջին հերթին` սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված ռիսկերը»:
Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ապա բուն հանրաքվեն եւ այդտեղ արտահայտված դիրքորոշումը, կարծես թե, այնքան էլ ազդեցություն չեն ունենա այդ կուսակցությունների վարկանիշների վրա: Դաշնակները միշտ եւ հետեւողականորեն պաշտպանել են խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը, իսկ ԲՀԿ-ն էլ պահպանել է պատկառելի մարդկային եւ ֆինանսական ռեսուրս: Ի դեպ, ռեսուրսով օժտված է եւ ՕԵԿ-ը, որը բացի մարդկանցից ու փողից, ունի նաեւ հեռուստատեսություն:
Իսկ նորաստեղծ արդեն հայտնի կուսակցությունների պարագայում բավականին տարբերություններ կան: Թեեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» չմասնակցելով հանրաքվեի քարոզչությանը` շահել են այնքանով, որ վարկանիշ չեն կորցրել, սակայն դինամիկայի մեջ կան էական տարբերություններ: Նիկոլը բավականին շրջահայաց է, ու թեեւ ԱԺ ամբիոնից հաճախ հանդես է գալիս կտրուկ ելույթներով, սակայն երբեւէ չի ցցում իր աշխարհաքաղաքական նախապատվությունը: Իսկ Էդմոն Մարուքյանի մոտ գործերը կարող են գնալ «դբա վատը», քանզի նա գլխանց հանդես է գալիս հանրության մեծամասնության կողմից անգամ բնազդական մակարդակով մերժվող գաղափարներով: Այսպես, ընդգծված արեւմտամետությունը, ԵՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ-ին միանալու կոչերը հաստատ դուր չեն գա բնակչության մեծամասնությանը, առավել եւս հիմա, երբ ռուս-թուրքական հարաբերությունները սրվում են, եւ մենք էլ այդ սրման մասնակից ենք` թեկուզեւ առայժմ անուղղակի: Իսկ մյուս` հանրության կողմից մերժվող մոտեցումն այն է, որ «Լուսավոր Հայաստանը» ցցելով հանդերձ սեփական հակումը դեպի ազատական գաղափարախոսություն` Հայաստանի հիմնական դժբախտությունն է հռչակում պահպանողական գաղափարախոսությունը: Իսկ ինչպես հայտնի է, մեր ժողովուրդը պահպանողական է, ու հայ հանրությունը միշտ վերապահումով ու մտավախությամբ է ընկալում նոր ու անհասկանալի փոփոխությունները: Նույնիսկ հանրաքվեին «ոչ» քվեարկողների դրդապատճառներում կարելի է գտնել ոչ միայն բողոք իշխանություններից, այլեւ փոփոխությունների վախի բաղադրիչը: Ու դրանով «Լուսավոր Հայաստանը» ինքն իրեն արդեն մեկնարկի պահին դնում է կախվածության մեջ հիմնականում ֆինանսական ռեսուրսից, քանզի ոչ մի ողջամիտ հայ առանց փողի չի ընդգրկվի մի կառույցում, որը երազում է վռնդել ռուսներին եւ մերժել պահպանողական մոտեցումները:
Իսկ միավորումները... Առավել եւս խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` յուրաքանչյուրը ձգտում է վերմակը քաշել իր վրա, ու դժվար թե խելքը գլխին դաշինքային ֆորմատներ լինեն ընտրություններից առաջ: Հանրությունը լավ է հիշում, թե ինչ ստացվեց ՀԱԿ դաշինքից, ու ինչքան անարդյունավետ եղան «եռյակներն» ու «քառյակները»` ԲՀԿ-ի մասնակցությամբ, ԼՏՊ-ի «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում:
Բայց միանշանակ է մի բան` այսօր շուրջ կես միլիոն բողոքավոր ընտրողները իրենց ձայնը տալու տեղ չունեն, քանզի հին արմատական ընդդիմադիրները ամբողջովին լուսանցքում են եւ նույնիսկ լուսանցքից դուրս, իսկ նորերը եւ «նորացվածները» դեռ պետք է կատաղի պայքար մղեն այդ ընտրազանգվածի համար: ՕԵԿ-ը պետք է հաղթահարի սեփական վարկաբեկվածությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը վարկանիշ հավաքելու խնդիր ունեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk