ԵՎ ՀՆՉԵՑԻՆ ԱՆԹԱՍԻԲ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՅԱԹԻՆԵՐ
Արխիվ 12-16ԵՎ ՀՆՉԵՑԻՆ ԱՆԹԱՍԻԲ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՅԱԹԻՆԵՐ
Չէ, իրոք, 100 տարի առաջ նահատակված ու այսօր սրբադասված մեր նախնիները մի օր գալու են ամենքիս հետեւից ու պատիվ պահանջեն: Այո, պատիվ` հայուհուն բռնաբարող, մանկանը կյանքից զրկող, կեղեքող ու թալանող ազգի հետ այսօր ներդաշնակության մեղեդիներ իրար ականջին մրմնջալու համար: Երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը երեւանյան մշակութային օջախներից մեկում, որտեղ հայ եւ թուրք երաժիշտները շեշտում ենք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին «Ներդաշնակության մեղեդի» խորագրով համատեղ համերգ իրականացրին: Իսկ նպատակն էր մշակութային կապերի միջոցով ժողովուրդների մերձեցումը: Զավե՞շտ է, թե՞ ճակատագրի հեգնանք, որ այսօր պապիդ սպանած ազգի ժառանգների հետ որոշ արվեստագետներ որոշել են մերձենալ: Չէ՛, ոչ մի զավեշտ էլ չկա, այլ ազգիս ամոթն է, հատկապես, երբ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունն անգամ չներեց Թուրքիային` իր մի ինքնաթիռը ոչնչացնելու համար` խզելով տնտեսական հարաբերությունները, վերջ դնելով զբոսաշրջությանը, բոյկոտելով թուրքական արտադրությունը: Մինչդեռ մենք այսօր ներդաշնակության մեղեդիներ ենք խաղացնում, բա ո՞ւր կորավ մեր թասիբը: Ու սա էլ դեռ բավական չէ, դեկտեմբերի 22-ին նույն կազմով մշակութային մերձեցման ջատագով մեր հայրենակիցները պատրաստվում են նույն համերգը կրկնել Ստամբուլում:
Ի դեպ, պարզվում է, որ այստեղ էլի ԱՄՆ դեսպանատան մատը խառն է: Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ անդրադառնալով այս համերգին` գրել է. «Հետաքրքիր է, չէ՞, որ ԱՄՆ դեսպանատունը «Ներդաշնակության մեղեդի» խորագրով հայ-թուրքական համատեղ համերգ է կազմակերպում Երեւանում: Հավաքել են մի քանի երաժիշտների, որոնք ոգեւորված պնդում են, թե «երկար տարիներ հարեւանությամբ ապրելով` հայկական եւ թուրքական մշակույթները միահյուսվել են իրար»: Եղբայրություն, հանդուրժողականություն են քարոզում: Պարզվում է` բոլորը «վաղուց էին երազում» դրա մասին, բայց հնարավորություն չկար...»: Այո, ԱՄՆ-ի թեթեւ ձեռքով այսօր ականատեսն ենք լինում մշակութային այս տեսակ ստրկացման:
Հավելենք, որ միջմշակութային այս նախաձեռնության շրջանակում նույն բեմում հանդես են եկել հայ հանրահայտ «The Beautified Project» ռոք խումբը, հայկական ծագումով ստամբուլաբնակ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլին եւ ժողովրդական գործիքների թուրք հայտնի կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը եւ Մերթ Էլմասը:
Մեզ մնում է սթափության կոչ անել հայ մասնակիցներին եւ հորդորել` նախեւառաջ ականջ դնել Հայոց 100-ամյա ցավի մեղեդուն, հետո ներդաշնակվել Թուրքիայի հետ, ով, ի դեպ, այսօր զբաղված է իսլամիստ ահաբեկիչների ֆինանսավորմամբ ու եզդի ազգի ցեղասպանությամբ:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk