ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԻՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՏՈՒՆ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԻՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՏՈՒՆ
Արարատի մարզի Նոր կյանք գյուղում դեկտեմբերի 14-ին, գլխի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու մահվան միակ վարկածը, որ շրջանառվում է գյուղում, ինքնասպանությունն է: Տղամարդու հարազատներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում անդրադառնալով ողբերգությանը՝ նկատեց.
-Շատ խելոք, աշխատող մարդ էր: Մի քանի օր առաջ էր արտագնա աշխատանքից տուն եկել: Ասում են՝ հետը փող չէր բերել: Դրա պատճառով (ոնց որ ասում-խոսում են, որովհետեւ մենք էլ հստակ ոչինչ չգիտենք) եկած օրվանից տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել: Սկսել էր անչափ խմել, նախօրեին վիճել էր կնոջ հետ, կինն էլ՝ որդուն վերցրել, շորերը հավաքել ու գնացել է հոր տուն: Դրանից հետո էս տղան անելանելիությունից անընդհատ խմում էր: Չգիտեմ, ամենայն հավանականությամբ, հենց բաժանումն է այդ սարսափելի դեպքի պատճառ դարձել:
- Կինն արդեն եկե՞լ է:
- Ո՛չ: Պատկերացրեք մինչեւ էս պահը (երեկ ժամը 5-ը- Ի. Ա.) ոչ մեկ չի եկել: Դիմել ենք գյուղապետարան, որ դիմում գրեն ՊՆ, որ ծառայող տղան գա, մասնակցի հոր հուղարկավորությանը: Շվարած մնացել ենք, ախր կինն էլ համեստ, կրթված աղջիկ էր: Թե ինչ աստիճան է եղել իրենց վեճը, որ թողել է մարդուն ու գնացել, հայտնի է մենակ իրան: Նորմալ ապրող ընտանիք էին: Որ ասեմ սոցիալական պայմաններն են ստիպել, էդ էլ` դժվար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk