ՀԻՄԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿԱ՞, ԹԵ ՉԷ
Արխիվ 12-16ՀԻՄԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿԱ՞, ԹԵ ՉԷ
Օրերս խորհրդարանում «ժառանգական» Զարուհի Փոստանջյանը բողոքում էր, թե էլեկտրական էներգիայի դիմաց կառավարության փոխհատուցումները բաժանորդներին չի հասնում: Տիկին Զառայի հաճախակի ոչ ադեկվատ պահվածքը հաշվի առնելով՝ կարելի էր եւ ուշադրություն չդարձնել: Բայց ահա վերջին ժամանակներս քիչ չեն նման բողոքներ հայտնող քաղաքացիները, եւ դա արդեն լուրջ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջ բերում: Ուստիեւ՝ դիմեցինք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որի լրատվական ծառայությունից ի պատասխան ասացին.
Կառավարությունը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին եւ ՓՄՁ-ներին: Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ: Անցած չորս ամիսներին կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով բարձրացնել սուբսիդավորման հասցեականությունը եւ այն տրամադրել միայն առավել քիչ սպառում ունեցող խմբերին: Խոսքն ամսվա ընթացքում մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է: Չնայած դրան, բնակիչ-սպառողների մեծ մասը` շուրջ 70 տոկոսը, շարունակում է օգտվել փոխհատուցումից: Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար: Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ:
Միգուցե: Բայց փաստն այն է, որ շատ բաժանորդներ բողոքում են, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարման անդորրագրերից նույնիսկ գլուխ չեն հանում, թե ինչքան են ծախսել, ստացե՞լ են փոխհատուցում եւ այլն: Այն պարզ պատճառով, որ հաճախ այդ անդորրագրերում ամեն բան շատ խառն է ներկայացված, ինչն առաջ է բերել խոսակցությունների շարան, որ հատուկ է արված, որ մարդիկ չհասկանան էլ, թե ինչի համար, ինչ վճարեցին: Մեր այդ հարցին ի պատասխան նախարարությունից միայն արձագանքեցին.
- Այդ հարցով դիմեք ՀԷՑ-ին:
Այսինքն` նախարարությանը չի՞ հետաքրքրում, թե ՀԷՑ-ը՝ տնտեսվարողը ինչ կերպ է աշխատում բնակչության հետ. առնվազն տարօրինակ է: Ամեն դեպքում՝ ՀԷՑ-ին եւս դիմեցինք, որտեղից մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԸ հակադարձեց.
- Կարո՞ղ եք նմանատիպ մի կտրոն ցույց տալ, որտեղ ամեն բան խառն ու անհասկանալի է գրված:
- Այո, բազմաթիվ:
- Հստակ նշված է ամեն բան: Մենք երբվանի՞ց ենք այդ նոր սիստեմով աշխատում:
- Արդեն մի քանի ամիս:
- Այո, սկզբում ուղղակի բաժանորդները չէին կարողանում հասկանալ, բայց մենք բացատրեցինք: Դրան գումարած՝ մեր կայքում էլ կա, եւ յուրաքանչյուր բաժանորդ, եթե իր անդորրագիրը վերցնելով որոշակի բաներ չի հասկանում, կարող է հավաքել իր բաժանորդական քարտի համարը, մտնել եւ մեր կայքում էլ նայել: Այնպես որ, ամեն բան հստակ տարանջատված է, չկա նման խնդիր:
Երբ այս պատասխանը փոխանցեցինք անդորրագրերի խուճուճ լինելուց մեզ բողոք հայտնած քաղաքացուն, վերջինս միանգամայն տրամաբանական արձագանք հայտնեց.
- Ինձ, որպես սպառողի, ՀԷՑ-ը ոչ մի բան էլ չի բացատրել: Իսկ եթե մի քանիսին բացատրել է, թե ինչպես պետք է բառիս բուն իմաստով՝ վերծանել գաղտնագրի նմանվող այդ արտոնագրերը, կնշանակի, որ իմ եւ նրանց միջեւ, որպես հավասարազոր սպառողների, ջոկողություն է դրել:
Դրանից զատ՝ ես ինչ-որ բան, տվյալ դեպքում՝ էլ.էներգիա գնելու համար պարտավոր չեմ մասնավոր տնտեսվարողի կայքերում տվյալներ փնտրել: Պարզապես նրանք պետք է յուրաքանչյուր սպառողի տան այնպիսի վճարման կտրոն, որ միանգամից երեւա՝ այս ամսվա ընթացքում օգտագործել եմ այսքան հոսանք, որի գինն այսքան է, եւ այս մասն էլ փոխհատուցվել է: Դա անելը շատ հեշտ է, եւ երբ փոխարենը այնպիսի խուճուճ անդորրագրեր են տալիս, որ մի բան էլ պետք է բացատրեն, թե ինչն ինչ է, ապա նշանակում է, որ կա՛մ որոշ պաշտոնյաների մասնագիտական ունակությունն է կաղում, կա՛մ՝ դիտավորյալ են խճճում:
Ի դեպ, այս ամենի հետ մեկտեղ շրջանառվում է նաեւ այն խոսակցությունը, որ ՀԷՑ-ի էլեկտրիկները, բաժանորդների ցուցմունքները գրանցելիս, մի երկու օրվա տվյալ էս կողմից են ավելացնում, մի երկու օրվա՝ այն կողմից, որ 250 կՎտ-ն անցնի: Այդպես՝ մի ամիս «կգերազանցի», եւ սպառողը փոխհատուցումից դուրս կմնա, մյուս ամիս, ոչինչ, թող ստանա, մեկ ամիս անց՝ էլի կարող է գերազանցել...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk