ՀՅԴ-Ը ՈՒ ԲՀԿ-Ը «ՊԱՏԺԵՑԻՆ» ՀԱԿ-ԻՆ. ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ը ՈՒ ԲՀԿ-Ը «ՊԱՏԺԵՑԻՆ» ՀԱԿ-ԻՆ.
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Այսօր դեկտեմբերի 18-ն է`վերջին օրը, երբ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կարող են միանալ պատգամավորները:
Հիշեցնենք` ընդդիմադիր ՀԱԿ-ը նախաձեռնել է ստորագրահավաք սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրական հանրաքվեն վիճարկելու պահանջով:
Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ ՀԱԿ-ի նախաձեռնությանը օնլայն տարբերակով միացել է նաեւ ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը, ով կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ինչո՞ւ օնլայն, քանի որ Լյուդմիլա Սարգսյանն արտերկրում է: Իսկ օրենքը հստակ սահմանում է` եթե պատգամավորի ստորագրությունը չկա որեւէ փաստաթղթի տակ, այլ տարբերակները իրավական ուժ չունեն:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունք»-ը տեղեկացավ` ՀՅԴ-ն երեկ երեկոյան ստացել է ՀԱԿ-ի նախաձեռնությունը փաստաթղթի տարբերակով, սակայն որոշել են` չեն միանում ստորագրահավաքին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «քոչարյանական» թեւի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը, ով հանրաքվեից հետո ասել էր, որ հանրաքվեն վստահության մթնոլորտում չի անցել, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Եթե հավաքվի 26 ստորագրություն եւ ես 27-րդը լինեմ, ապա ես թերահավատորեն վերաբերելով այս գործընթացին, կմիանամ նախաձեռնությանը»:
«Իրավունք»-ը հետաքրքրվեց` ինչն է ետ պահում պատգամավորին, այնուամենայնիվ, միանալ ստոգրահավաքին, եթե անգամ 26 ստորագրություն չլինի, ԲՀԿ-ականն ասաց. «Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:
«Քոչարյանական թեւի» մյուս պատգամավորները` Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը եւս կրկնօրինակեցին Մարգարյանի դիրքորոշումը` եթե որոշիչ լինի իրենց ստորագրությունը, կմիանան:
Փաստորեն, ՀՀԿ-ի ապագա կոալիցիոն գործընկերները (չնայած ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ը հերքում ենիշխանության հետ կոալիցիա կազմելու խոսակցությունները) «պատժեցին» ու միայնակ թողեցին ընդդիմադիր գործընկերոջը` ՀԱԿ-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk