ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԸ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԸ
Չոփը մտցնենք պատի մեջ` վերջապես «Նոր Հայաստանի» շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը մի ճիշտ միտք ասաց: Անդրադառնալով իր իսկ նախաձեռնած «շուրջօրյա անհնազանդության» հանրահավաքների պերճախոս սակավամարդությանը` նա հայտարարեց, որ չի կարելի արդարանալ, թե ժողովուրդը չեկավ, այդ պատճառով չստացվեց, որ մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ` «Նոր Հայաստանի» եւ ընդհանրապես ընդդիմության սխալ մարտավարությունը:
ԵՐԲ ՈՉԻՆՉԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՉՆՉԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Անշուշտ, սխալ մարտավարության թեզը ամենեւին էլ Սէֆիլյանի գյուտը չէ: ՀՀԿ ներկայացուցիչները արդեն տարիներով ընդդիմադիրներին հորդորում են սեփական անհաջողությունների պատճառը փնտրել իրենց մեջ, այլ ոչ թե արտաքին հանգամանքների ու, առավել եւս, ժողովրդի վրա մեղքը բարդել:
Եվ այսպես, ինչն է պատճառը, որ թեեւ Սահմանադրության հանրաքվեն արձանագրեց 421 հազար «ոչ» եւ 53 հազար «անվավեր» քվեներ, այսինքն` դժգոհների գրեթե կեսմիլիոնանոց բանակ, սակայն փողոցն ու հրապարակը դատարկ մնացին: Խոսքը հենց իշխանությունից դժգոհների մասին է, քանզի սկզբունքային, գաղափարական դրդապատճառներով «ոչ» ասելու համար նախագծի տեքստը գոնե ուշադիր կարդալ էր անհրաժեշտ: Իսկ կարդացող գրեթե չկար, այս կամ այն դրույթի դեմ փաստարկ ունեցողները վաղուց արտահայտվել էին ու հայտնի են գործնականում անուն առ անուն, քանզի այսօրվա ազատ համացանցը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս առանց միջնորդի հրապարակել սեփական փաստարկները:
Մեր կարծիքով` այստեղ կա երկու հանգամանք` մի կողմից ներկայիս արմատական ընդդիմադիրներից բողոքավոր զանգվածը վաղուց հիասթափվել է եւ որեւէ ցանկություն չունի գնալ անընդհատ պարտվող թույլիկների հետեւից, մյուս կողմից` մեր ժողովրդի նույնիսկ դժգոհ հատվածը անվստահությամբ է վերաբերվում «նարնջագույն» գաղափարին` հեղաշրջման միջոցով ամերիկամետ վարչակազմ իշխանության բերելուն: Այս երկրորդ հանգամանքը, կարծում ենք, նույնիսկ ավելի ծանրակշիռ է, քանզի Սէֆիլյանի «Նոր Հայաստանում» հին ընդդիմությունից կան միայն Րաֆֆին` իր որոշ թիմակիցներով, իսկ մյուսները քաղաքականապես նոր դեմքեր են, բայց, այնուամենայնիվ, «Նոր Հայաստանի» թարմությունը զանգվածին ավելի քիչ է հրապուրում, քան նույնիսկ ձախորդփանոսության խորհրդանիշ ՀԱԿ-ը: Հիշենք թեկուզ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի ժամանակների ընդդիմությանը` այն ժամանակ ամոթ էր համարվում այն հանրահավաքը, որին 20 հազարից պակաս մարդ կար: Եվ ընդդիմությունը կարողանում էր լրջորեն անհանգստացնել եւ ցնցել իշխանությանը, ուներ այդքան զորություն եւ ազդեցություն: Դրա պատճառն այն էր, որ այն ժամանակվա ընդդիմությունը առավելապես հենվում էր ներսի ռեսուրսի, այլ ոչ թե արտաքին ուժերի վրա:
Իսկ 2007-ից ի վեր, երբ 10 տարվա լռությունից հետո ԼՏՊ-ն վերադարձավ ակտիվ քաղաքականություն, ընդդիմությունը սկսեց կրել առավելապես «նարնջագույն», «քեռի Սեմի» վրա հենվող եւ «քեռի Սեմի» հանձնարարությունները կատարող ուժի բնույթ: Հետեւանքը` բավականին արագ մարումը եւ հեղինակազրկումը:
Ու միանգամայն բնական է, որ բանը հասնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ծիծաղաշարժ քայլերին, երբ ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելու կլոունադային հետեւում է թաղային հեղինակությունների հրաժարական պահանջելը: Այդ երեւույթը բավականին դիպուկ բնութագրել է քաղաքական վերլուծաբան Կարեն Վարդանյանը. «Այդ երբվանից Հայաստանում «թաղային հեղինակություն» ասվածը դարձավ պաշտոն, որ մի հատ էլ պետք է նրանց հրաժարականը պահանջել... «Թաղային հեղինակություն» ասվածը յուրաքանչյուր համայնքում կամ թաղամասում շատ նեղ (որպես կանոն` հանցավոր բարքերով ապրող) շրջանակի կողմից ընդունված անձնավորություն է, եւ միայն այդ խիստ փոքրաթիվ, մատների վրա հաշված մարդկանց համար տվյալ մարդը կարող է հանդիսանալ հեղինակություն: Նույն տեղում ապրող մնացած մարդիկ` ճնշող մեծամասնությունը, չեն ապրում վերոհիշյալ բարքերով, հաշվի չեն առնում դրանք, չեն հարգում այդ բարքերն ու այդ բարքերին գերի դարձածներին, հետեւաբար, մարդկանց ճնշող մեծամասնության համար այդ «հեղինակություն» ասվածները ոչինչ են, զրո, փաստացի` գոյություն չունեցող կատեգորիա: Այսինքն` ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է «ոչնչի հրաժարականը»: Դա նշանակում է, որ Հովհաննիսյանը նախեւառաջ այդ «ոչնչին» ընդունում է որպես հեղինակություն, հակառակ դեպքում` որպես ի՞նչ պետք է ընդհանրապես խոսեր գոյություն չունեցող կատեգորիայի մասին»:
ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՆՈՐ ԵՎ «ՆՈՐԱՑՎՈՂ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Ամենածայրահեղ ուժերը, որ ներկայացված են Սէֆիլյանով, Զարուհի Փոստանջյանով եւ Րաֆֆիով, ըստ էության` սպասարկում են ամերիկյան շահը: «Քեռի Սեմը» չկարողանալով կյանքի կոչել իր ծրագիրը, այժմ տենդագին ձեռնարկում է հապճեպ քայլեր: Մի կողմից ԱՄՆ դեսպանը կոպտորեն քիթը խոթում է հանրաքվեի արդյունքների մեջ, բարբառում կեղծիքների մեծ ծավալի մասին: Մինչդեռ նախորդ բոլոր համապետական ընտրությունները, առավել եւս Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի օրոք, հաստատ այս հանրաքվեից լավը չէին, դրանց զգալի մասն էլ` էապես ավելի վատը, սակայն նույն ԱՄՆ-ն մշտապես դրական էր գն ահատում դրանց արդյունքները: Մյուս կողմից` դեսպանը դրսեւորեց կասկածելի հոգածություն` վնասազերծված զինյալ հանցավոր խմբավորման մասին: Թե ինչպես են ԱՄՆ-ում մոտենում ահաբեկչական գործունեությանը` դրա վկան բազում գաղտնի բանտերն են, ուր պաշտոնապես թույլատրված է նույնիսկ խոշտանգել ահաբեկչության մեջ կասկածվողներին: Իսկ այստեղ հանկարծ հոգատարություն է դրսեւորվում, մինչդեռ, ըստ մամուլում հայտնված արտահոսքերի, ձերբակալվածների քանակը հասել է 48-ի, ու նրանց մեջ շոշափելի կշիռ ունեն կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները, այսինքն` նաեւ Վատիկանի հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին կարող է խոսք լինել...
Իսկ ներքաղաքական ասպարեզում ամերիկացիները առաջին գիծ են նետում ծայրահեղականներին: Հենց ի կատարումն նրանց ծրագրերի` Ազատության հրապարակում շարունակվում են անիմաստ մանրահավաքները, որոնք մտադրություն կա նույնիսկ ամանորյա տոներին շարունակել: Հենց այդ ծրագրերի շրջանակում Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում օրը մի քանի անգամ ամբիոնից լաչառություն է անում` ձգտելով կազմալուծել խորհրդարանի աշխատանքը: Հենց այդ ծրագրի բաղկացուցիչ մասն են եւ բազում ծախու գրչակների եւ «կիբերմարտիկների» թույնով ու ատելությամբ ներծծված խոսքային արտավիժումները, որոնց ինտենսիվությունն այնքան է, որ առանց հակագազի, համացանց մտնելը վտանգավոր է:
Պարզ է, որ Սէֆիլյանը, Զարուհին, Րաֆֆին, որոշ արտառոց գրանտածիծ դեմքերը քաղաքական ապագա ունենալ չեն կարող, եւ նրանք այժմ տերերի կողմից ուղարկվում են զոհաբերվելու վերջին քաղաքական գրոհներում: Սակայն լիովին անհասկանալի է` ժողովրդի կողմից վատ ընկալվող եւ անվստահություն առաջացնող արեւմտամետությունը, նույնիսկ արեւմտամոլությունը ինչու է դարձել նորաստեղծ ուժերից մեկի` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնաքարը: Ինչ հույսեր ունի այդ կուսակցությունը այդպիսի ուղեգծով հասնել հաջողության 2017-ին:
Մյուսներն անհամեմատ ավելի զգուշավոր եւ շրջահայաց են: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չի շտապում ցցել սեփական ամերիկամետությունը, եւ նրա աջ ձեռքը` Վարդան Օսկանյանը, ամերիկյան ծայրահեղականներին համակարգում է ստվերից, ինքը գրեթե չերեւալով ասպարեզում: Արա Աբրահամյանն էլ, որի հետ այդքան հույսեր են կապում քոչարյանականները, չի շտապում թուրը վերցնել եւ ընկնել ասպարեզ, եւ այդ պատճառով իր քաղաքական դեբյուտը հետաձգել է մինչեւ մարտ: Պարզ է, որ եթե նա հիմա բոբիկանա եւ մտնի ամերիկամետ ջրերը, ապա ռուսները շատ արագ նրա նկատմամբ կգործադրեն միլիարդատերից բոմժ կամ նույնիսկ ընչազուրկ բանտարկյալ սարքելու տեխնոլոգիան: Իսկ մինչեւ մարտ, գոնե քչից-շատից պարզ կդառնա, թե դեպի որ հանգրվան հասած կլինի ռուս-ամերիկյան կատաղի աշխարհաքաղաքական հակամարտությունը:
Էլ ավելի սպասողական, զուսպ ու շրջահայաց են իրենց դրսեւորում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», եւ հերթական ընդդիմադիր փուլում գտնվող ՕԵԿ-ը: ՕԵԿ-ը մեջներից այն կուսակցությունն է, որը թեեւ հասցրել է ահավոր հեղինակազրկվել, սակայն ունի շոշափելի ֆինանսական ռեսուրսներ, ունի հեռուստաալիք, բոլոր բնակավայրերում ունի մարդիկ, իսկ կուսակցապետ Արթուր Բաղդասարյանն ունի կապեր ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ ԱՄՆ-ում: Պարզ է, որ սրընթացորեն վերակողմնորոշվող Արթուր Վահանիչը սպասում է, թե ուր են փչելու գնալով ավելի ու ավելի փոթորիկների նմանվող աշխարհաքաղաքական քամիները, ու նաեւ ինչ վիճակում կլինեն Ռոբերտ Քոչարյանն ու Արա Աբրահամյանը, որպեսզի ճիշտ ժամանակին հայտնվի ուժեղի կողքին: Իսկ որ այդ արվեստին Ա. Բաղդասարյանը շատ լավ է տիրապետում` դրա օրինակները բազում են ՕԵԿ-ի պատմությունում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk