ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ԵՎ THE NO SMOKING ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ԵՎ THE NO SMOKING ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին սերբ ռեժիսոր, դերասան եւ երաժիշտ ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ եւ The No Smoking նվագախումբը համերգով հանդես կգան Երեւանում: Աշխարհահռչակ կինոռեժիսորը The No Smoking ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալիս Երեւանում, քանի որ հետաքրքրությունը երկկողմանի է:
Կինոռեժիսորը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են թե՛ քաղաքական դիրքով, թե՛ մշակույթով , թե՛ պատմությամբ: Երկու ազգերն էլ Ցեղասպանություն են տեսել, իսկ երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան իր հերթին որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով. «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մասին»:
Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking նվագախմբի երեւանյան համերգը եւս մեկ անգամ փաստելու եւ կարևորելու է սերբերի եւ հայերի բարեկամությունը:
Համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշնը» եւ «Ալմազյան Պրոդաքշնը»` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk