ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ
Լուսանցքում հայտնված մեր հեղափոխականները որդեգրել են կատարյալ անարժանապատիվ գործելակերպ` հրապարակային անեծքներ եւ «թուղթուգիր», հրապարակային հորդորներ հանրությանը, որն իրենց նկատմամբ լրիվ անտարբեր է, եւ հրապարակային բողոքներ ուղղված բոլոր տեսակի միջազգային ատյաններին: Կարճ ասած` կատարյալ քաղաքական մուրացկանություն:
ՋՂԱՁԻԳ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Հրապարակային անեծքի եւ «թուղթուգրի» տարբերակին հասցրել են դիմել ե՛ւ ՀԱԿ-ի գործիչները, ե՛ւ Զարուհի Փոստանջյանը: Խրտվիլակ այրելը իրեն սեւ մոգության մաեստրո երեւակայած Փոստանջյանի կողմից չի մոռացվում, սակայն թեեւ խորհրդարանում դա հարուցել է բացասական վերաբերմունք, այնուամենայնիվ, պատգամավորուհին անարգել ելույթ է ունենում ԱԺ-ում քննարկվող ցանկացած հարցում: Բոլոր ելույթները, անկախ քննարկվող հարցից, բաղկացած են արտահերթ ընտրությունների թեմայից եւ «ռեժիմը հեռացնելու» կոչերից: Դրանք ավարտվում են մոտավորապես նույն ձեւով` նախագահողը ի վերջո անջատում է խոսափողը, սակայն տիկինը, ամբիոնը պինդ գրկած շարունակում է իր ելույթ-ակցիան: Երեկ նույնիսկ հասավ նրան, որ Զարուհի Փոստանջյանի պատճառով հայտարարվեց կես ժամ ընդմիջում: Ինչեւէ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից մի խնդրանք-հորդորներն անտեսելուց հետո ԱԺ փոխխոսնակը ի վերջո նաեւ կշտամբեց նրան: «Դուք կարող եք ձեր տանը խոսել ինչ ուզեք, իսկ այստեղ մանկապարտեզ չի, հասկացեք վերջապես: Այստեղ պետք է խոսել թեմայի շուրջ եւ հարգել մյուս պատգամավորների իրավունքները: Եթե Ձեր ելույթն ավարտվել է, մի խափանեք խորհրդարանի աշխատանքը եւ թույլ տվել գործընկերներին ելույթ ունենալ: Սա պարզապես խեղկատակություն է»,- հայտարարել է Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում ջադուական անեծքներ թափեց ներկայիս «ռեժիմի» ներկայացուցիչների, նրանց զավակների ու ապագա սերունդների գլխին` հույս հայտնելով, որ «Աստծո պատիժը» չի ուշանա: Հարկ է հիշեցնել, որ թեեւ ՀՀՇ-ական վարչախումբը, որի ներկայացուցիչն է Արամ Մանուկյանը, իր իշխանավարման ժամանակ հաստատ էապես ավելի վատն էր, քան ներկայիս իշխանությունը, սակայն այն ժամանակվա ընդդիմությունը նման բաներ այդ վարչախմբի նկատմամբ իրեն թույլ չէր տալիս: Բայց Լյովիկ Զուրաբյանի պարագայում բավականին էժան պրծանք` նա ընդամենը պաթոսով արձագանքեց ԿԸՀ-ի կողմից ՀԱԿ-ի պահանջի մերժմանը, հայտարարելով, որ ժողովուրդը իրենց երբեք չի ների:
Իսկ «Նոր Հայաստանի» «փրկչիստները» շարունակում են իրենց անիմաստ շարժուձեւը Ազատության հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնում: Հրապարակ էին բերվել խորհրդանշական թղթե վրաններ, որոնք իբր բողոքի արտահայտություն են իրական վրան տեղադրելու արգելքի նկատմամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոստացավ ամեն օր հանրահավաք անել եւ ժողովրդի գլուխը «արդուկել» մինչեւ դեկտեմբերի 20-ը, իսկ դրանից հետո, հավանաբար, կմեկնի հայրենիք` ԱՄՆ` ամերիկյան ձեւով Ծննդյան տոները նշելու: Եվ «Ժառանգության» ձախողակ առաջնորդը իր ամեն հրապարակային ելույթում հերթական ծաղրածուական հայտարարությունով է հանդես գալիս: ՀՀԿ-ի դռանը ծաղիկ դնելու իդեա-ֆիքսին փոխարինելու եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջը: Դա էլ Րաֆֆիին քիչ թվաց ու որոշեց պահանջել ոչ ավել-ոչ պակաս... թաղային հեղինակությունների հրաժարականները: Կարելի է տեսականորեն պատկերացնել այդ տեսարանը, ու մնում է միայն հռետորական հարցում անել` թաղային հեղինակությունների հրաժարականները Րաֆֆին կանգնա՞ծ, թե՞ պպզած է ընդունելու...
Իսկ Ժիրայր Սէֆիլյանը իր ծայրահեղական կոչերում ծիծաղելիության սահմանից տեղափոխվեց վտանգավորության սահման` արդեն կոչով դիմելով բանակի զինծառայողներին: Միայն դա էր մեզ պակաս, որ զինվորներին դիրքերից հրապարակ կանչող լինի, ու մնում է հարցադրել իրավասու մարմիններին` արդյո՞ք դա դավաճանության հանցակազմի հատկանիշներ չի պարունակում:
Պարզ է, որ թեեւ այդ բոլոր քաղաքական մուրացկանները ժողովրդի անունից են հանդես գալիս, սակայն ժողովուրդը նրանց նկատմամբ բավականին անտարբեր է, ինչի վկայությունը հրապարակի աղաղակող դատարկությունն է: 420 հազար «ոչ»-երի հանդեպ շատերն ունեն մեծ-մեծ ախորժակներ, սակայն ներկայիս «հեղափոխականները» չէ, որ արտացոլում են այդ մարդկանց ձգտումները: 420 հազար քաղաքացի իրենց քվեով իրենց դժգոհությունն արտահայտել են, եւ դժգոհությունը հասել է հասցեատիրոջը: Սակայն այդ նույն 420 հազարը որեւէ ցանկություն չունեն նպաստել քաղաքական մուրացկանների եւ արկածախնդիրների ախորժակների բավարարմանը, այլապես հրապարակները լավ էլ մարդաշատ կլինեին:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սակայն գոյություն ունի մի պետություն, որն, այնուամենայնիվ, ականջալուր է լինում մեր քաղաքական մուրացկաններին` ԱՄՆ-ն, ի դեմս դեսպան Ռիչարդ Միլսի: Երեւի թե, հենց դրա շնորհիվ է, որ մինչեւ հիմա մեր «հեղափոխականները» չեն ցրվել տներով, այլ շարունակում են անիմաստ շարժուձեւը փողոցներում եւ խորհրդարանում:
Իսկ ԱՄՆ դեսպանությունն արդեն թվով երկրորդ հայտարարությունն է հրապարակել հանրաքվեի վերաբերյալ. «ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետեւել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների` մասնավորապես գլխավոր դատախազի եւ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը` հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ»: Թե դեսպանի ինչ գործն է` ինչպես մեր իրավասու մարմինները կվարվեն ընտրակեղծարարների հետ, դա, թերեւս պետք է հարցնել իշխանություններին, որ մինչեւ հիմա հանդուրժում են այդպիսի լկտի միջամտությունները եւ այդ վայ-դիվանագետին ցույց չեն տալիս հանրահայտ ռուսական հասցեն: Ավելին, դեսպանը նույնիսկ ՀՔԾ ղեկավարին է հանդիպում ու նրա հետ քննարկում հարուցված քրգործերի ընթացքը...
Իսկ դեսպանի հայտարարության մեջ նաեւ նոր, սպառնալիք պարունակող երանգներ են հայտնվել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից` դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Դա ոչ այլ ինչ է, քան ակնարկ, որ ամերիկացիները կարող են անցնել պատժամիջոցների կիրառմանը այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր իրենց դուրը չեն եկել: Դրան հավելվեց նաեւ ամերիկյան որոշ կազմակերպությունների կողմից թվերի հրապարակումը` իբր Հայաստանից վերջին տարիներին ապօրինաբար շուրջ 10 մլրդ դոլար կապիտալ է դուրս բերվել:
Ու նաեւ պարզ է դառնում, որ գարնանային նստաշրջանում մեր ԱԺ-ն ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ էլի չի պրծնելու իր գործերի մեջ խոթած դեսպանի երկար քթից. «Առաջիկայի հետ կապված` մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին եւ հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների` մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:
Ակնհայտից էլ ակնհայտ է, որ ԱՄՆ դեսպանի այդպիսի վարքագիծն ունի ուղղակի աշխարհաքաղաքական դրդապատճառներ` Սիրիայի հարցում ռուս-թուրքական հակամարտությունում մեր բնական ու միակ ընդունելի հակաթուրքական կողմնորոշումը ամերիկացիների դուրն ակնհայտորեն չի գալիս: Բայց ինչ արած, մեր սեփական շահը, անշուշտ, շատ ավելի կարեւոր է, քան ամերիկյան ցանկացած պաշտոնատար անձ կամ գնահատական:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk