ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԵԿԵՔ ՄԵՐ ԳՐՊԱՆԻ ԼՈԲԻՆԵՐԸ ՀԱՇՎԵՆՔ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԵԿԵՔ ՄԵՐ
ԳՐՊԱՆԻ ԼՈԲԻՆԵՐԸ ՀԱՇՎԵՆՔ»
Սահմանադրական հանրաքվեից հետո եւ ընդդիմության պարտությունից հետո (ընդդիմությունը, սակայն, չի ընդունում հանրաքվեի արդյունքները եւ դրանք համարում է կեղծված) 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նշմարվում են նոր ընդդիմադիր ուժեր եւ դաշինքներ: Մասնավորապես, ըստ լուրերի` «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժերը դաշինք կկազմեն, կպայքարեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար եւ սահուն քայլերով կզբաղեցնեն արդեն 25 տարի հանրությանը փողոց դուրս բերող եւ տուն ճանապարհող արմատական ընդդիմադիրներին` ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» եւ այլն: Նորաստեղծ քաղաքական ուժերի հավանական կոնսոլիդացիային ուշի ուշով հետեւում է նաեւ իշխանությունը: Սակայն ՀՀԿ պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն մտահոգվելու խնդիր չունի, քանի որ ընդդիմությունը խոստումներ տալուց հետո պետք է կյանքի կոչի դրանք:
ՀՀԿ-ականը չի բացառում` կլինեն խորհրդարանական դաշինքներ, որն ինքը ողջունում է, քանի որ դաշինքների շնորհիվ հանրության բեւեռացվածությունը կմեղմվի:
Նախկին քաղաքապետի կարծիքով սերնդափոխության կարիք կա՝ ընդդիմության դաշտում: «Հաճախ ենք տեսնում, որ ամբիացներն են պատճառը, թե մի ուրիշ գործոն, ընդդիմության միավորվելու փորձերը մնում են կես ճանապարհին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչը համոզմամբ ընդդիմությունը պետք է խնդիրներն առաջ քաշելուց բացի` լուծումներ առաջարկի եւ ազնիվ խաղա թե՛ հանրության, թե՛ իշխանության հետ: «Ընդդիմությունը ուժեղ է նաեւ նրանով, որ փորձում է համագործակցել իշխանության հետ, պատասխանատվություն կրի ոչ միայն լավի, այլեւ վատի համար: Հակառակ դեպքում ընդդիմությունը դատապարտված է ձախողման: Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Բայց չեմ կարծում, թե որեւէ հայ իշխանավոր չի ցանկանում, որ մեր երկրի քաղաքացի լավ ապրի: Սակայն պետք է մեր գրպանի լոբիները հաշվենք եւ հասկանանք` ինչ ունեք` պետբյուջեի միջոցները բավարար են այդ ցանկությունները իրականացնելու համար»,- եզրափակեց պրն Մնացականյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk