ՀՀԿ-Ը ԲՈՅԿՈՏԵՑ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Արխիվ 12-16ՀՀԿ-Ը ԲՈՅԿՈՏԵՑ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը այսօր եւս մի քանի անգամ անջատեցին, քանի որ տիկին Փոստանջյանը խախտեց ԱԺ կանոնակարգը: Վերջինս օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթ չէր ունենում, այլ հորդորում էր քաղաքացիներին կրկին անհնազանդություն սկսել եւ միանալ «Նոր Հայաստան»-ին: Դրոշմապիտակների միջոցով դրոշմավորման մասին օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծի քննարկման ընթացքում նորից ելույթ ունեցավ եւ խոսեց օր առաջ ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին:Մինչ ելույթ ունենալը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հորդորեց Զարուհի Փոստանջյանին չխախտել ԱԺ կանոնակարգը: Սակայն տիկինը մնաց անդրդվելի: Խոսեց այն, ինչից ցանկացավ: Դահլիճում գտնվող մի քանի ՀՀԿ-ական պատգամավոր ցուցադրաբար լքեցին դահլիճը` բոյկոտելով պատգամավորուհու լալահաչառ ելույթը: Միայն Կորյուն Նահապետյանը, ով ավելի ուշ էր մտել նիստերի դահլիճ մնաց այնտեղ, քանի որ զրույցի էր բռնվել ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
Փոստանջյանի ելույթին միջամտեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում հակադարձեց պատգամավորուհին: Նա հիշեցրեց ամիսներ առաջ ԲՀԿ-ի բնութագրումը գործող իշխանության մասին: «Ես չէի, որ այս ամբիոնից այս իշխանությանը չարիքի իշխանություն էի անվանում: Չի կարելի այսքան կարճ ժամանակահատվածում փոխել դիրքորոշում»,- հիշեցրեց «Ժառանգության» միակ ու անկրկնելի պատգամավորը:
Բացի ԲՀԿ-ից` Զարուհի Փոստանջյանը դիմեց դաշնակցությանը. «Իմ սիրելի ՀՅԴ-ին կոչ տարանջատվել պոկվել այս ռեժիմից»:
Փոստանջյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը դիմելով նրան, ասաց, որ տիկին Փոստանջյանի ելույթը քանի որ չի ստացվում Ազատության հրապարակում, հետեւաբար, նրան այլ բան չի մնում, քան զավթել խորհրդարանի ամբիոնը եւ խոսել ամեն ինչից բացի օրակարգային հարցերից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk