ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿՈՂՄ ՉԷ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՆ
Արխիվ 12-16ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿՈՂՄ ՉԷ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՆ
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը: Կուսակցության ղեկավարը դարձավ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդմոն Մարուքյանը: Համագումարի ժամանակ Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» ցանկանում է Հայաստանը տեսնել եվրոպական մոդելի պետություն: «Իրավունք»-ը Էդմոն Մարուքյանին նրա կուսակցության մասին մի քանի հարց ուղղեց:
-Պարոն Մարուքյան, եթե «Լուսավոր Հայաստան»-ը ցանկանում է եվրոպական մոդելի պետության մասին, արդյոք Հայաստանի անվտանգությունն էլ եք տեսնում այսպես ասած եվրոպական մոդելի շրջանակում: Մասնավորապես, Հայաստանի անվտանգության համար լավագույն համակարգը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ ՆԱՏՕ-ն, եւ հետեւաբար, մեր երկիրը պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ:
-Մենք չենք խոսում ՆԱՏՕ-ի կամ անվտանգության այլ կառույցների մասին: Մենք խոսում ենք ՀՀ զինված ուժերի մասին, որոնց շնորհիվ կարող ենք ունենալ ուժեղ տնտեսություն: Մենք հույս չենք կապում որեւէ անվտանգության կառույցի հետ: Մենք խոսում ենք կասեցված եվրոպական գործընթացն ավարտին հասցնելու մասին:
-Եթե երկու նախադասությամբ ձեւակերպենք ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը, կլինի հետեւյալը` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Հայաստանը այնպիսի հարաբերություններ է զարգացնում այլ երկրների հետ, որոնք չեն վնասի ռազմավարական դաշնակցի շահերը: «Լուսավոր Հայաստանը» Հայաստանի արտաքին քաղաքական այս օրակարգն ընդունո՞ւմ է:
-Մեզ համար գերակա պետք է լինի մեր շահերը, ոչ թե դրանք ստորադասվեն որեւէ պետության շահերից: Մեր պետության շահերից է բխում ՀՀ-ի եվրոինտեգրացիայի շարունակումը: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա նրա հետ պետք է լինեն գործընկերային, ռազմավարական հարաբերություններ, որոնք կային մինչ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամ դառնալը: Մենք հակառուսականություն չենք քարոզում:
-Եվրոպական մոդելի պետության մասին երբ խոսում ենք, ապա պետք է հիշենք`եվրոպական մոդելի պետությանը, օրինակ, բնորոշ է բազմազգությունը, հայ հանրության մտածողության համար անընդունելի տարատեսակ, ավելի կոնկրետ սեռական փոքրամասնության իրավունքների ընդլայնումը: «Լուսավոր Հայաստան»-ի համար սա ընդունելի՞ է:
-Եթե խոսքը վերաբերում է կրոնական սեռական փորքամասնություններին, ապա մեր մոտեցումները չեն տարբերվում Հայաստանի կողմից 2001-ին վավերավրած եվրոպական կոնվենցիայում ամրագրված դրույթներից: Հետեւաբար, մենք այդ կոնվենցիայից եւ ՀՀ սահմանադրությունից դուրս չենք գալիս:
-Որպես հայ տղամարդ` հետաքրքիր է իմանալ` համասեռամոլության քարոզչությանն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես երբեւէ կողմ չեմ եղել: Փաստ է, որ թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ անկախ Հայաստանում եղել են եւ կան սեռական այլ կողմնորոշում ունեցողներ: Բայց որ այդ մոտեցումները պրոպագանդա արվի, մենք համաձայն չենք:
-Մենք ասելով` նկատի ունեք Ձեր կուսակցությա՞նը:
-Այո, մեր կուսակցությանը:
-Այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չէին մասնակցում ձեր համագումարին: Ինչո՞ւ:
-Որովհետեւ մենք դեռ չենք համագործակցում այլ քաղաքական ուժերի հետ եւ դա մեր հիմնադիր համագումարն էր:
-Ձեր կուսակցության ծրագրային դրույթներից մեկը ձեւակերպված է որպես «Հայաստանը տասը միլիոն հայերի երկիր»…
-Խոսքը վերաբերում է իդենտիֆիկացիայի մասին: Բրազիլիայում ապրող մարդը, օրինակ, իրեն իդենտիֆիկացնի Հայաստանի հետ, ոչ թե փող տա, որ մենք ասֆալտ անենք:
Այսինքն` սա ներգաղթի հերթական ծրագիրը չէ, որն առաջ է քաշում Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
-Ոչ: Սա տարբերվում է ՔՊ-ի մոտեցումից, չնայած նրա մոտեցումը վատը չէ: Մարդիկ կարող են վերադառնալ Հայաստան, երբ կունենանք արդիական զարգացող տնտեսություն, դատական արդար համակարգ, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների վրա խարսխված պետական համակարգ:
-Կարծիք կա, որ «Լուսավոր Հայաստան»-ը, «Ալյանսը», «Քաղաքացիական պայմանագիրը» պայքարելու են անելու ընդդիմադիր տրամադրված հանրության քվեների համար:
-Մենք նպատակ ենք դրել մեր արժեքներն ընդունող մարդկանց ձայները տանել: Իսկ թե ինչ նպատակ ունեն այլ ուժերը, պարզ է` ունեն իշխանության գալու ցանկություն, որը բնական է ու դասական:
Պրն Մարուքյան, «Լուսավոր Հայաստանը» խոսում է իրավունքի գերակայության, արդար դատական համակարգի ու լուսավոր այլ գաղափարների մասին, բայց մոտ մեկ տարի առաջ հրապարակվեց մի հոդված, որտեղ խոսվում էր այն մասին, որ Դուք մինչեւ օրենսդիր մարմնի անդամ դառնալը, լիարժեք հինգ տարի չեք ապրել Հայաստանում: Այսքանից հետո ինչ արդարության կամ իրավունքի գերակայության մասին եք խոսում:
-Ես հազար անգամ ասել եմ ու նորից կասեմ: Այդ հարցը բարձրաձայնել է Վիկտոր Դալլաքյանը` վիճարկելով խորհրդարանի ընտրության արդյունքները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել Դալլաքյանի բողոքը: Նրան էլ այլ բան չի մնացել, քան թերթերում հոդվածներով հանդես գալը: Իմ փաստաթղթերը նորմալ են եղել, օրենքի շրջանակից դուրս չի եղել ոչինչ, երբ գրանցվել եմ որպես պատգամավորության թեկնածու: Սա եւս մեկ ցույց է տալիս` մարդիկ անում են ամեն ինչ, որ որեւէ լուսավոր բան չլինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk