Ավիկ Դերենց. «Սփյուռքի մեջ երկու երանի մեկտեղ չի լինում, Հայաստանում հինգն էլ է լինում»
Արխիվ 12-16Ավիկ Դերենց. «ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵՋ ԵՐԿՈՒ ԵՐԱՆԻ ՄԵԿՏԵՂ
ՉԻ ԼԻՆՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՆԳՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ»
Այսօր ամերիկահայ գրող ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ էլ «Իրավունքը» հենց հիմա որոշեց անդրադառնալ դեռեւս ամիսներ առաջ Երեւանում` Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կայացած նրա «Խոհաշխարհ» խոհափիլիսոփայական աֆորիզմների գրքի շնորհանդեսին, որտեղ, ինչպես ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հեղինակն իր ազնվության, իր մաքուր մտքի թրթիռներն ու ելեւէջներն է հանձնել թղթին: Շնորհանդեսին ներկա էին անվանի գրողներ, արվեստագետներ ու մի քանի տասնյակ ընթերցասերներ եւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ընթերցումով հնչած Ա. Դերենցի աֆորիզմները եւ գրչընկերների անկեղծ խոսքերը յուրօրինակ ջերմ ու մտերմիկ միջավայր ստեղծեցին` շնորհանդեսը վերածելով գրական ցերեկույթի:
«ԱՆԸՆԴՀԱՏ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՓՆՏՐԵԼ ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԵՐԸ»

«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ անդրադառնալով Ավիկ Դերենցի աֆորիզմներին` նշեց. «Երբ ամեն օր բացում եմ դիմագիրքը («ֆեյսբուքը»), փնտրում եմ Ավիկի հրապարակումները, որովհետեւ այդ հրապարակումներն օգնում են ապրել… Այնքան լույս, այնքան բարություն, այնքան մտահոգություն, այնքան լուծումներ փնտրելու դեգերումներ կան նրա հրապարակումների մեջ: Շնորհակալ եմ, որ Ավիկը հեռվից հեռու օգնում է մեզ` Հայաստանում ապրող իր ընկերներին ու բարեկամներին, ապրել իր աֆորիզմներով, ապրել իր թեւավոր խոսքերով: Եվ ամեն անգամ կարդալիս, զգում ես, որ այնքան հարազատ ու այնքան նույն մտահոգություններով ապրող մարդ է գրողը, որ անընդհատ ուզում ես փնտրել նրա խոսքերն ու բանաստեղծությունները»:
«ԱՎԻԿԸ ՈՉ ԹԵ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ Է, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ Է»
Թարգմանիչ, գրող, հրապարակախոս ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ, ով նաեւ «Խոհաշխարհ»-ի խմբագիրն է, նույնպես նախեւառաջ խոսեց դիմագրքից. «Բոլորդ էլ գիտեք, որ մեր դիմագրքերը հեղեղված են բանաստեղծություններով, ու երբ այդ հեղեցից հանկարծ Ավիկը դուրս պրծավ եւ ուզեց, որ ծանոթանամ իր բանաստեղծություններին, անկեղծ եմ ասում, դրանք ինձ անհույս թվացին: Եվ ես Ավիկին խորհուրդ տվեցի այն «հույսով», որ այդ դժվարությունները նա չի հաղթահարի: Բայց Ավիկը զարմանալի աշխատասիրությամբ բոլոր դիտողություններին հետեւեց, ուղղումներ արեց, հետեւողականորեն աշխատեց իր վրա եւ ստեղծվեց իր առաջին գիրքը: Ովքեր ծանոթ են նրա գրական ընթացքին, կփաստեն, որ զարմանալիորեն գրքից գիրք Ավիկը աճեց եւ հասավ այսօրվա այս խտացումներին…», - ասաց Գ. Ջանիկյանն ու խոսեց «Խոհաշխարհից». «Ավիկն այսօր ներկայանում է ոչ միայն որպես բանաստեղծ, այլեւ խոհուն, ընդհանրացնող, ասելիք ունեցող բանաստեղծ, եւ այս գիրքը ես խմբագրել եմ հեռանկարով, որ այն հաջորդ բանաստեղծական գրքերի ուղին է բացելու: Ես պիտի ի պատիվ մեր գրողների միության ասեմ, որ Ավիկը թեպետ ապրում է Բոստոնում, բայց ինքը ոչ թե հայ բանաստեղծ է, այլ` հայաստանցի բանաստեղծ` իր մտածողությամբ, լեզվով, էությամբ: Եվ նա ավելի շատ այստեղ է լինում հոգով ու մտքով, քան Բոստոնում»:
«ԻՄ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄԸ ՃԻՇՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ»

Հատկանշական էր գրող, հրատարակիչ, Հայաստանի գրողների միության մանկական բաժանմունքի վարիչ ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ դիտարկումը` Ավիկ Դերենցի մասին. «17 տարեկանից նա մեկնել է հայրենիքից, բայց առ այսօր պահպանել է մեր արեւելյան խոսելաձեւը ու այն չի խառնել օտարամուտ շեշտերով: Մինչդեռ մենք լսում ենք, թե ընդամենը մի քանի տարի արտերկրում ապրած մարդիկ ինչպիսի հպարտությամբ են անգլիահայկական խոսվածքով խոսում: Եվ իրենց թվում է` դրանով շատ ավելի զարգացած կերեւան»: Իսկ բանաստեղծ, թարգմանիչ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ հիշեց. «Երբ երկու տարի առաջ այստեղ նշեցինք Ավիկ Դերենցի
«Խաչարձան» գրքի շնորհանդեսը, ասացի, որ այս գրքում այնքան անկեղծություն, խոհականություն եւ պարզության կա, որ, կարծես թե, հետագայում պիտի ծնվի նորը… Ես կանխազգացի, որ ծնվելու է այսպիսի գիրք, մանավանդ, որ այդ գրքում էլ կար աֆորիզմների բաժին: Եվ ուրախ եմ, որ իմ կանխազգացումը ճիշտ դուրս եկավ ու այսպիսի մի հրաշալի գիրք է ծնվել: Երբ կարդում ես գիրքը, զգում ես, որ քեզ վարակող, տանող, խորը մտքեր կան այնտեղ»: Շարունակելով այս միտքը` բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆՆ էլ ընդգծեց. «Գիրքը հրաշալի իմաստասիրությունների, խտացումների եւ կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Ու այդ կոլեկտիվի մեջ մտնում են նաեւ մեր նախնիները, մարդկությունը, որը այնպիսի աֆորիզմնոր է հորինել, որ երբ կարդում ես, քեզնից անկախ ուզում ես մի ուրիշ նմանակումով այն կրկնել»:
«ԵՐՋԱՆԻԿ Է ԱՅՆ ԳՐՈՂԸ, ՈՒՄ ԳԻՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ՆՈՒՅՆԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ»

Շնորհանդեսին անակնկալ էր սպասվում Ա. Դերենցին, քանի որ հենց այդ պահին սրահ բերվեց թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հուզառատ նամակը.
«Երջանիկ է այն գրողը, ում գիրն ու կենսակերպը նույնանում են իրար, ում ստեղծագործությունն ու մարդկային տեսակը հիանալիորեն, ներդաշնակվում են իրար եւ մի գեղեցիկ ու հազվադեպ (մանավանդ՝ մեր օրերի համար) ամբողջություն են կազմում…Այս դեպքում մի տեսակ դժվարանում ես որոշել սահմանագիծը, թե որը որտե՞ղ է ավարտվում ու որտեղից սկսվում` մարդկայի՞նը, թե՞ գրականը…Եվ նրանցից ո՞րն է ձեւավորում դիմագիծ ու դեմք....Երեւի թե մարդկայինը…Երեւի թե գրականը... Ուրեմն՝ երկուսն իրար հետ…Գրում եմ այս տողերը ու ընդամենը երկու օրվա
բաժանումից հետո արդեն կարոտում գրչեղբորս, հարազատիս` Ավիկ Դերենցին…Հիմա իմ առջեւ իր նորածին գիրքն է` սիրուն ու գեղեցիկ ե՛ւ արտաքինով, ե՛ւ ներքինով, ինչպես ինքը` եղբայրս…Նայում, ուրախանում-հրճվում, հպարտանում եմ, ու ցավում է անպես սիրտս, որ հիմա Թբիլիսիում եմ ու մի ժամուկեսից չպիտի մասնակցեմ այս հրաշալի, ես կասեի ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ «դասագրքի» շնորհանդեսին հայ գրողների ու գրասերների, ընթերցողների ամենասիրելի ու հինավուրց, ջերմ , նույնքան սիրելի ու ջերմ «տանտիրուհու», մեր հրաշք Հասմիկ Կարապետյանի գլխավորությամբ շնչող օջախներից մեկում` Ավ. Իսահակյանի անվան գրադարանում…Գրքի լեյտմոտիվը հենց այս տողն է` «Ինչ ուզում ես մոռացիր, մարդ լինելդ՝ երբեք», որը ծառայում է որպես գրքի բնաբան եւ որն այնքան ճիշտ է ընտրված թե՛ հեղինակի, թե՛ գրքի խմբագրի` մեր սիրելի ու տաղանդավոր գրչակցի՝ Գրիգոր Ջանիկյանի
կողմից…Սա՛ է կարեւորը…Սա՛ է ակունքը ամեն լավի ու բարու, ընդանրապես կյանքի, սա է ամեն չարյաց հաղթող ուժը, եւ ինչպես մեծ Բանաստեղծն է ասում` ամենադժվար արվեստը՝ Մարդ լինելը…Ավիկ Դերենցը , անվարան ու ահմարձակ, ի լուր ամբողջ աշխարհի կարող եմ հայտարարել, հաղթահարել է այդ դժվարությունը եւ ՄԱՐԴ ծնվել ՄԱՐԴ ապրում ու ՄԱՐԴ է մնում .. Ու «երբեք չի մոռանում Մարդ լինելը»…Եվ նրա այս սրբազան պատգամը միանգամայն հոգեբուխ է, միանգամայն անկեղծ...Կեղծիքի շպար այստեղ դույզն-ինչ չկա՜…»: Եվ վերջում գրել է. «Դե՛հ, շնորհավոր նորածնիդ առթիվ, սիրելի եղբայրս... «Խոհաշխարհդ» շնորհավոր... Երկար կյանք եմ մաղթում նրան, շնորհակալություն հայտնում քեզ, Գրիգոր Ջանիկյանին,Վահրամ Մնացականյանին՝ այսպիսի իմաստուն ու սիրուն զավակ բոլորիս պարգեւելու համար...Ու նորից Հասմիկին հայտնեմ շնորհակալություն՝ իր սրբազան հարկի տակ այս իմաստուն զավակի ծնունդը նշելու, նրա աչքալուսանքը անելու համար...Բարի վայելում, սիրելի ընթերցողներ, բարի ընթացք քեզ, շնորհանդես...Ինչպես կասեր մեծն Համո Սահյանը, «ինձ բացակա չդնեք....»»:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ Ե՛Վ ՀԱՃԵԼԻ Է, Ե՛Վ ՊԱՏԻՎ Է»
Գնահատանքի խոսքեր ասացին նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, սփյուռքահայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը եւ այլք: Եվ վերջին խոսքն, իհարկե, տրվեց ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻՆ. «Խորապես շնորհակալ եմ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին, շնորհակալ եմ իմ լավ ընկեր, հանրաճանաչ արձակագիր Գրիգոր Ջանիկյանին` այս գրքի հրատարակության գործում նրա ջանքի եւ ներդրման համար, շնորհակալ եմ Վահրամ Մնացականյանին` գրքի հոյակապ ձեւավորման եւ հրատարակման համար: Ինձ համար ե՛ւ հաճելի է, ե՛ւ պատիվ է իմ կողքին տեսնել հայրենանվեր, գրականության եւ մատաղ սերնդի դաստիարակության գործին նվիրված տաղանդավոր գրողների, գիտաշխատողների, հարգարժան հայորդիների ներկայությունն այստեղ: Ի՞նչն է տարբերությունը Հայաստանի եւ Սփյուռքի. Սփյուռքի մեջ երկու երանի մեկտեղ չի լինում, Հայաստանում հինգն էլ է լինում: Զգացված եմ, մեծ երախտագիտությամբ ու ոգեւորությամբ գնում եմ տուն եւ աշխատելու եմ իմ հաջորդ գրքի վրա»:
Ի դեպ, ուշագրավ էր այն, որ ողջ շնորհանդեսի ընթացքում մտավորականները փորձում էին գուշակել օրվա գրական հերոսի տարիքը, բայց այդպես էլ չհաջողվեց, քանի որ նա ուներ իր երիտասարդության գաղտնիքը: Ուստի` շնորհավորելով Ավիկ Դերենցին` ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում ենք, որ իր երիտասարդական խանդավառությունը, ստեղծագործելու ոգեւորությունն ու կորովը մշտապես բոցավառվի ինչպես իր, այնպես էլ ամենքիս սրտերում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk