«ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16«ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Այսօր ողջ օրը համացանցը ողողված էր տեղեկություններով, թե ուսուցիչ, վերլուծաբան Կարպիս Փաշոյանին հեռացրել են Երեւանի թիվ 145 դպրոցից, որտեղ նա դասավանդում էր պատմություն առարկա: Իսկ պատճառն, ըստ աշխատանքից հեռացված ուսուցչի, եղել է այն, որ նա ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում` Բաղրամյանի ցույցերի եւ «Ոչ»-ի հանրահավաքների մասնակից էր: Ավելին` Կ. Փաշոյանը փորձում է հանրությանը հավատացնել, որ աշխատանքից ազատումը պայմանավորված է հենց այդ հանգամանքներով. «Բնականաբար, հենց այդպես չեն կարող հիմնավորել: Պատրվակ բերեցին ուշացումներս: 145 դպրոցում եմ աշխատում, նաեւ աշխատել եմ 37 դպրոցում եւ սովորում եմ համալսարանում: Շատ զբաղված եմ, բայց նախկինում այդ ուշացումներս ընկալելի էին տնօրինության համար: Ուշացումներս սկսեցին չընկալվել, երբ սկսվեց «Ոչ»-ի պայքարը»:
Անդրադառնալով չարչրկված թեմային` ԿԳ մամլո խոսնակ ԶՈՀՐԱԲ ԵԳԱՆՅԱՆԸ նշել է հետեւյալը. «Սոցիալական ցաներում եւ էլ. Զլմ ներում տարածված տեղեկությունն, առ այն, որ ոչ ԿԳՆ ենթակայության դպրոցներից մեկում, իբրեւ քաղաքական պատճառներով հեռացված ուսուցչի մասին լուրն արդեն զեկուցել եմ գործուղման մեջ գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով կզբաղվի սույն հարցով Հայաստան վերադառնալուց հետո, միաժամանակ բացառելով, որ ուսուցիչը կարող է հեռացված լինել քաղաքական հայացքների համար:
Մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ ԿԳՆ-ի հասցեին հնչող անհիմն, երբեմն նաեւ զավեշտի ու սանձարձակության հասնող քննադատություններից»:
Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին` այնուամենայնիվ, նկատենք, որ Կ. Փաշոյանը չի հերքել, որ պարբերաբար ուշացել է դասերից: Եվ թեպետ ոչ գրավոր, բայց բազմաթիվ նկատողություններ է ստացել, քանի որ իր ակտիվիստ լինելը երբեմն անդրադարձել է ուսուցչական գործունեության վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk