Ո՞ՒՄ ՀԱՑՆ Է ԿՏՐԵԼՈՒ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ. ՏԵՍ
Արխիվ 12-16Ո՞ՒՄ ՀԱՑՆ Է ԿՏՐԵԼՈՒ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԼՈՒՍԱՎՈՐ
ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարը սկսվեց երեկ սահմանում զոհված զինծառայողի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը: Բացման խոսքով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան»-ի անդամ, ապա միաձայն քվեարկությամբ նախագահ դարձած, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինս ներկայացրեց նորաստեղծ կուսակցության անելիքները, տեսլականը: Մարուքյանի ոգեւորվածությունը միգուցե այնքան մեծ էր, որ անգամ խոսափողը չդիմացավ. առաջացավ տեխնիկական խոտան: Մարուքյանի ելույթից հետո քվեարկությամբ ընտրվեցին կուսակցության նախագահը, խորհրդի անդամները: Երկու ժամանոց համագումարից հետո լրագրողները հարցեր ուղղեցին Է. Մարուքյանին: Ի՞նչ միջոցներով է «Լուսավոր Հայաստանը» «Արմենիա Մարիոթ»-ի նման թանկ հյուրանոցում կազմակերպել համագումար, քաղաքական ի՞նչ դիրքերից է հանդես գալու: «Մեր կուսակցությունը հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: Մեր քաղաքական ուժը, չի ընդունում գործող իշխանության ներքին ու արտաքին քաղաքականությունը: Համագումարը կազմակերպվել է երկու դրամահայթայթման շնորհիվ: Շուտով տեսանյութ կհրապարակվի, որտեղ կխոսվի նաեւ ֆինանսների մասին: Բայց ասեմ` դրամահայթայթման գործընթացը շարունակվելու է»:
«Իրավունք»-ի դիտարկմանը, թե տպավորությունն այնպիսին է, որ «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս կառուցողական այն ընդդիմության դիրքերից, որի անհրաժեշտության մասին միայն խոսում է իշխանությունը, Մարուքյանն ասաց. «Այդ խոսակցությունը որեւէ կապ չունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ: Ոչ թե կառուցողական ընդդիմության տեսանկյունից ենք հանդես գալիս, այլ քաղաքական նոր մոդելի դիրքերից: Մենք, օրինակ, կառուցողական որեւէ բան չունենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցի դեպքում»,- ասաց Մարուքյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» համարում են իշխանական պրոյեկտ, նոր կուսակցության նախագահն ասաց. « Դրանք բամբասանքներ են, որոնց տարածողները հասկանում են` ընդդիմադիր նորաստեղծ ուժերն իրենց հացը կտրելու են: Մենք չենք որդեգրելու այն մոտեցումը, որ մեզ ասեն ուխտ եք, մենք էլ ասենք` ոչ»:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

