ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ՀՕԳՈՒՏ ՀՖՖ-Ի
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ ՀՕԳՈՒՏ ՀՖՖ-Ի
Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպումից հետո Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հետ կապված գրեթե ոչ մի հարց առ այսօր չուներ իր հստակ պատասխանը: Չնայած, որ այդ անորոշությունը կրքերը բորբոքեց այնքան, որ գործը հասավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնանկության պահանջին եւ նրա կողմից հավաքականի երկրպագուների եւ խաղացողների հասցեին հնչեցված մեղադրանքներին:
Դրանից հետո էլ, կապված այն հարցերի հետ, թե ինչ է սպասվում հավաքականին եւ մասնավորապես գլխավոր մարզիչին, ՀՖՖ-ն շարունակում է քար լռություն պահպանել, թեեւ այն աղմկոտ օրերին Ռուբեն Հայրապետյանը խոստացավ գլխավոր մարզչի հարցն արագորեն լուծել: Եվ միայն մեկ-երկու օր առաջ շրջանառության մեջ մտավ այն լուրը, որ Հայաստանի հավաքականն աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում կգլխավորի Վարուժան Սուքիասյանը, որին էլ հաջորդեց նշանակումը:
Վարուժան Սուքիասյանի անունը հայկական ֆուտբոլում, իհարկե, անհայտ չէ: Նա նաեւ 2000-2001-ին արդեն գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը՝ 17 հանդիպում (3 հաղթանակ, 7-ական ոչ-ոքի եւ պարտություն): Թեեւ տպավորիչ արդյունք չէ, բայց չմոռանանք, որ այն ժամանակ շատ ավելի համեստ ֆուտբոլիստներ ունեինք: Ամեն դեպքում՝ իհարկե սխալ կլինի միանգամից փնովել նոր նշանակումը եւ վատատեսական կանխատեսումներ անել: Բայց այս որոշմա՞նն էին այն էլ այսքան երկար սպասում թիմի երկրպագուները, արդյոք Վարուժան Սուքիասյանի ուժերի սահմանո՞ւմ է համեստ ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելը: Այս հարցերի պատասխանները կտա միայն ժամանակը: Սակայն դրանով հանդերձ էլ՝ նույն տհաճ հարցադրումը մնում է օրակարգում. մի՞թե հնարավոր չէր այս նշանակման հարցը նախօրոք օրակարգ մտցնել, տարբեր կողմերից քննարկել, նաեւ երկրպագուների կարծիքն իմանալ:
Մի խոսքով՝ այս անգամ էլ նշանակման ողջ պատասխանատվությունը մնաց Ռ.Հայրապետյանի վրա, ով, հիշեցնենք, խոստացել է Աշխարհի առաջնության այս հերթական նախընտրական փուլն էլ ձախողելու դեպքում լքել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը: Հասկանալի է՝ մեկնարկային խաղերից սկսած` վիճակը կսկսի տեսանելի դառնալ, եւ չբացառենք, որ հենց սկզբնական փուլում, եթե նորից անհաջողություններ լինեն, պարոն Հայրապետյանը պարտադրված լինի իր այդ խոստումը կատարել: Միայն թե` դրանից ի՞նչ. նոր, ավելի ընդունելի մարզիչ էլ այդ պահին գա, ողջ առաջնությունը, մեկ է, կդառնա ձախողված:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk