«ԱՅԴ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻՆ, ՔԱՆ` ԻՆՁ»
Արխիվ 12-16«ԱՅԴ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻՆ, ՔԱՆ` ԻՆՁ»
Իտալացի հայտնի դիրիժորի հետ «Իրավունքի» զրույցը կայացավ համերգին նախորդող օրը` գլխավոր փորձին, որի ընթացքում նախ խոսեց օրվա խորհրդի` երկրաշարժի 27-րդ տարելիցի մասին, ապա Հայաստանի ու Արցախի ջերմության, ինչպես նաեւ հայաստանյան արտիստների ու հանդիսատեսի պրոֆեսիոնալության մասին:
«ԱՄԵՆԵՎԻՆ ԴԺՎԱՐ ՉԷՐ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ»
- Ես գիտեմ այն մեծ աղետի մասին, որը տեղի ունեցավ Հայաստանում` 1988-ին: Գիտեմ,
թե ինչ բան է դա, այդ մասին խոսելիս ապրում եմ այդ զգացողությունները, քանի որ Իտալիայում նույնպես նման աղետալի ու ողբերգական երկրաշարժեր գրանցվել են: Նման դեպքերի կողքով չես կարող անտարբեր անցնել, հնարավոր չէ մոռանալ: Այդ մասին խոսելիս իմ սիրտը միշտ ցավում է, բայց, ցավոք, ոչինչ չես կարող անել: Պարզապես, այդ աղետին զոհ գնացած մարդկանց մասին հուշերը մնում են քո սրտում:
- Այս տարվա ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցաք աշխատել հայ արտիստների հետ, հե՞շտ էր, թե ունեցաք նաեւ դժվարություններ:
- Նախ այս տարվա ընթացքում մի քանի անգամ Հայաստանում եմ եղել Գեղամ Գրիգորյանի հրավերով եւ պիտի ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ էր աշխատել մեծահամբավ տենորներից մեկի հետ` ինչպիսին Գ. Գրիգորյանն է: Ամենեւին դժվար չէր աշխատել հայ արտիստների հետ, բնականոն գործընթաց էր: Ամեն մարդ գիտեր իր գործը, թե ինչ պետք է անի: Այստեղ շատ շնորհալի մարդիկ են աշխատում, իսկապես շատ շնորհալի` նրանք ունեն մեծ էներգիա եւ կարեւորը` շատ լավ զգում են երաժշտությունը, եւ այդ երաժշտության միջոցով հաղորդում են մեծ էներգիա: Նրանք ճիշտ են ծախսում այդ էներգիան, եւ դա շատ կարեւոր է: Իհարկե, այստեղ կան որոշակի ավանդույթներ, բնավորության գծեր, որոնք ինձ հարազատ են, եւ ես ինձ լավ էի զգում ու երջանիկ էի: Սա Հայաստանի օպերային թատրոնում իմ առաջին փորձը չէ, հույս ունեմ, որ այն կլինի շարունակական, արդյունքներն էլ` առավել գոհացնող: Հնարավոր է կրկին վերադառնամ, շատ սիրեցի այստեղ աշխատելը:
«ՄԻ ՏԵՍԱԿ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ»
-Իսկ հայ հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք: 
- Շատ ջերմ զգացողություններ ունեմ, երջանիկ եմ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, մի տեսակ ջերմություն եմ զգում հայ հանդիսատեսից: Իրոք, նրանք շատ ջերմ են, ու պիտի ասեմ` երաժշտությամբ հետաքրքրված: Դուք մշակութասեր ու արվեստասեր հանդիսատես ունեք, որը սիրում եւ շատ ճիշտ զգում է երաժշտությունը:
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ ԿԿՐԿՆՎԻ»
- Ասացիք, որ երաժիշտներն ու արտիստները ճիշտ էներգիա են հաղորդում, այդ էներգիա՞ն Ձեզ ստիպեց, որ նույնիսկ անտեսելով ադրբեջանական «սեւ ցուցակները»` կրկին գաք Հայաստան: Եվ արդյո՞ք Արցախ էլի կգնաք:
- Ես խնդիրներ չունեմ, այդ «սեւ ցուցակներն» ավելի շատ վերաբերում են Ղարաբաղին, Ադրբեջանին ու Պուտինին, քան` ինձ: Ես Ղարաբաղում շատ լավ ժամանակ անցկացրի, ծանոթացա շատ լավ մարդկանց հետ: Ղարաբաղը ֆանտաստիկ է, եւ կարծում եմ` այո, այցելություններս դեպի Ղարաբաղ կկրկնվեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում:
- Հաջորդ անգամ ե՞րբ սպասենք Ձեզ Հայաստանում:
- Հենց հիմա մտածում ենք այդ մասին, հետագա պլաններն ենք մշակում: Այնպես որ, չգիտեմ երբ, բայց շուտով կրկին կգամ Հայաստան:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk