Համացանցի մեջ տրոփում է հայ մշակույթի հավիտենական ընթացքը. Մտավորականը սոցցանցի դրական կողմի մասին
Արխիվ 12-16«ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԵՋ ՏՐՈՓՈՒՄ Է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ».
Մտավորականը սոցցանցի դրական կողմի մասին
Վերջերս Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կայացած ամերիկահայ գրող Ավիկ Դերենցի «Խոհաշխարհ» խոհափիլիսոփայական աֆորիզմների գրքի շնորհանդեսին բանաստեղծ, թարգմանիչ եւ նկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆՆ առիթից օգտվելով` խոսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի դրական ազդեցության մասին. «Այդ դիմագրքի մեջ հնարավորություն է ստեղծվում այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներով ակնթարթորեն հանդիպել գրականության եւ մշակույթի հետ, լավ մարդկանց ու այն հայ ժողովուրդ հետ, որոնք անընդհատ իրենց երկրից ստիպված, ինչ-որ մի տեղ նաեւ իներցիայով արտագաղթում են աշխարհի տարբեր երկրներ: Բայց, այնուամենայնիվ, նրանք շարունակում են ստեղծել հայակարոտ այն հոգեւոր մշակութային մթնոլորտը, որի մասին տեղեկանում ենք այդ «ֆեյսբուք» կոչվածից»: Ապա մտավորականն ասվածը մանրամասնեց. «Ամեն անգամ, որ բացում եմ համացանցը, կարդում եմ` Ավիկ Դերենց, Անահիտ Բոստանջյան, Հովսեփ Նալբանդյան, Արամ Սեփեթջյան… Ու, փաստորեն, Բեյրությը, Լոս Անջելեսը, Բոստոնը, Փարիզը, Թիֆլիսը, աշխարհի բոլոր երկրները մի ակնթարթում ներկայանում են, եւ հնարավորություն է ընձեռվում իրար հետ կիսվելու, հավանելու, իրար նեցուկ լինելու` այս կամ այն ստեղծագործության տպավորություններով, ձեռքբերումներով, նոր լուսընծայված գրքերով, հեղինակային երեկոներով ուրախանալու, քննարկումներով իրար հարստացնելու եւ զգալու, որ աշխարհում` այս համացանցի մեջ, տրոփում է հայ մշակույթի հավիտենական ընթացքը, խոսքը, ձայնը, գույնը, հնչյունը…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk