«ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈ՞ՐԴ», ԹԵ՞ «ՔԱՂԱՔԱՑԻ» ԽԱՌՆԱԿԻՉ, ԿԱՄ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Արխիվ 12-16«ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈ՞ՐԴ», ԹԵ՞ «ՔԱՂԱՔԱՑԻ» ԽԱՌՆԱԿԻՉ, ԿԱՄ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Իրավիճակը սահմանագոտում բավականին տագնապալի է: Արցախյան ուղղությամբ այլ զինատեսակներին թշնամին հավելել է եւ տանկերից կրակ արձակելը, գումարած դրան` Բաքուն ակնարկել է, թե շուտով մտադիր է հարվածներ հասցնել Տավուշի ուղղությամբ, մոգոնելով ստեր, իբր այդտեղից մերոնք խփել են իրենց քաղաքացիական բնակչությանը: Պարզ է, որ նման իրավիճակում երկրի ներսում պահանջվում է մեկ բան` համախմբում, համախմբում եւ կրկին համախմբում, ու քաղաքական կրքերը պետք է մղվեն երկրորդ պլան: Բայց արի ու տես, բավականին ակտիվ է այն կոնտինգենտը, որին կարելի է կոչել «քաղաքացի» խառնակիչ:
ՎՀՈՒԿԱՈՐՍ, ԿԱՄ «ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՏԱԿԱՆՔ Է»
«Նոր Հայաստանի» «փրկչիստական» շուրջօրյա պայքարները, բնականաբար, իրենց հունով գնում են դեպի մարում: Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց անել այնպես, որ այժմ իրենից եւ իր ներկայացրած ուժից բողոքավոր մարդիկ հիասթափվել են ավելի շատ, քան նույնիսկ 2013-ի հայտնի մոմավառությունից եւ աղոթքից հետո: Ազատության հրապարակը լարման կուտակման կենտրոն սարքել չի ստացվում, ու թերեւս այդ «հեղափոխության» կարապի երգն էր ՀԱԿ-ի` Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ կազմակերպված ավանդական երթը, որն այս անգամ ուղղվել էր դեպի ԿԸՀ: ՀԱԿ-ը այժմ հայտարարում է, որ մտադիր է հատուկ ընտրությունների վերահսկման համար ստեղծել «Ազնվության բանակ»: Թե ինչքանով են համադրելի ՀԱԿ-ն ու ազնվությունը` կարծում ենք բացատրության կարիք էլ չի զգում: Պարզապես, արդեն վեհագույն կատեգորիաները` ազնվությունը եւ արդարությունը, վերածում են ոտքեր սրբելու ջնջոցի` գլխիվայր շուռ տալով իմաստը: Ի դեպ, շաբաթներ առաջ էլ համասեռամոլապաշտպան ակտիվիստները իմաստի նոր ձեւախեղում էին մոգոնել` համասեռամոլի «քամինք աութը»` այսինքն` սեփական սեռական կողմնորոշման հրապարակային ինքնաբացահայտումը, սկսել են թարգմանել «ազնվացում» տերմինով: Չէ, ակնհայտորեն Հայաստան ներմուծվող համակարգչային ստեղնաշարերին պակասում է «յախք» կոճակը...
Բայց սա դեռ ծաղիկներն են, ու Լյովիկ Զուրաբյանի մերկապարանոց հայտարարությունը` «կես միլիոն կեղծված քվեների» մասին, մանկական անմեղ խաղ է թվում, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստների ծավալած արշավի համեմատ: Ի դեպ, այս հանրաքվեին բնորոշ էր խախտումների վերաբերյալ կոնկրետ փաստերի սուր պակասը, ու ի տարբերություն նախորդ ընտրությունների, իրավապահների հարուցած վարույթները հիմնականում հիմնվում են ոչ թե քվեարկության գործընթացի գործող անձանց գրավոր հաղորդումների վրա, այլ` ԶԼՄ-ների հրապարակումների: Բայց այդ ամենը չի խանգարում ծավալել ահավոր հիսթերիա «ահավոր ընտրախախտումների» մասին: Այդտեղ հատկապես ակտիվ է «Քաղաքացի դիտորդ» անունով նախաձեռնությունը, ուր միավորված են տարբեր գրանտակեր կառույցների կադրեր: Կոնկրետ փաստերի եւ ապացույցների ակնհայտ պակասը, ինչպես նաեւ փողոցային ակցիաների` դեպի մարում գնալը, նրանց դրդեց աննախադեպ ակտիվության համացանցում: «Ֆեյսբուքում» թխվում են ատելության թույնով ներծծված հայհոյախոսություններ, որոնք այնուհետ թափանցում են լրատվական կայքեր: Եվ հասել են նրան, որ առավել քան 800 հազար «այո» քվեարկած քաղաքացիներին պիտակավորում են (ամենամեղմ պիտակը պնակալեզն է) եւ սպառնում են ապագայում ենթարկել պատասխանատվության: Դե, մեթոդը նոր չէ` ՀՀՇ-ն վաղուց էր կիրառում «Ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսը, սակայն գրանտածիծների ու ֆեյսբուքյան «բազմոցային զորքերի» կատարմամբ դա հասել է վհուկների որսի մի աննախադեպ կատարելության: «Ֆեյսբուքում» ստեղծվել են անանուն անձանց կողմից ղեկավարվող խմբեր, ուր զբաղված են «ընտրակեղծարար հանցագործ» բռնելով եւ դատափետելով: Եվ եթե խոսքը վերաբերեր այն տեղամասային հանձնաժողովներին, ուր որեւէ թեկուզ չնչին միջադեպ է արձանագրվել, կասեինք` դեռ գլուխը քարը: Սակայն «ընտրակեղծարարության» ապացույց են համարում սոսկ այն փաստը, որ այս կամ այն տեղամասում «այո»-ները զգալիորեն գերազանցում են «ոչ»-երին, ու այդտեղ ինչ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ դաշնակցական գտնեն` լինի հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամ, վստահված անձ, նրանց հռչակում են «ընտրակեղծարար հանցագործ», հրապարակում լուսանկարներ, սոցցանցերում ունեցած էջերի հղումներ (եթե այդպիսիք կան), հաճախ նաեւ` տան հասցեն, ու ծավալվում է համացանցային հալածանքի մի այլանդակ խրախճանք, ուր որակումների, պիտակավորումների, սպառնալիքների ու հայհոյանքների պակաս չկա: Քաղաքացիական հասարակության ջատագով «քաղաքացի դիտորդները» եւ այլ կատեգորիայի ակտիվիստները, բնականաբար, իսպառ մոռանում են, որ իրավական պետության գաղափարը, որով նրանք երդվում են, հստակ պահանջ է դնում` մարդը չի կարող հռչակվել հանցագործ առանց ապացույցների: Իսկ իրենք միաժամանակ ստանձնում են ե՛ւ քննիչի, ե՛ւ դատավորի, ե՛ւ դահճի դերը, ու աննախադեպ պղտորում են մթնոլորտը ատելությամբ, խառնակչությամբ. փոխադարձ անվստահությամբ...
Այսինքն` անում են այն, ինչը պատերազմական պայմաններում գտնվող երկրի պարագայում թշնամու վարձկանների գործառույթն է: Էլ չենք խոսում առավել «ավանդական» խառնակչության մասին` ադրբեջանական կայքերի զառանցանքները տիրաժավորելու տեսքով, չենք խոսում նաեւ տարբեր ահավոր սուտ լուրերի տիրաժավորման տեխնոլոգիայի մասին:
Պարզապես, այդ ամենը տեսնելով, երբեմն պարզապես ափսոսում ես, որ նոր Սահմանադրությունում չեն վերացվել մահապատիժը եւ արտակարգ դատարանների ստեղծումն արգելող դրույթները:
ՊԱՅՔԱՐ 420 ՀԱԶԱՐ ԲՈՂՈՔԱՎՈՐ ՔՎԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ոչ» քվեարկածների պատկառելի թիվը` շուրջ 420 հազար, գումարած նաեւ հազարավոր մարդկանց, ովքեր քվեաթերթիկներն անվավեր են սարքել, բնականաբար, բոլորի կողմից դիտարկվում է որպես բողոքավոր ընտրազանգվածի շատ լուրջ ռեսուրս: Եվ առնվազն զարմանալի կլիներ, եթե այդ ռեսուրսի համար չծավալվեր կատաղի պայքար:
Ծայրահեղ ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Նոր Հայաստանը», չեն կարող ռեալ հավակնել այդ ռեսուրից օգտվելու, ինչքան էլ Լյովիկ Զուրաբյանը ճվճվա, թե այդ քվեներն իրենց շնորհքն է: «Ոչ» քվեարկածների ջախջախիչ մեծամասնությունը այդ սնանկ լուսանցքային ընդդիմադիրներին վերաբերվում է ոչ պակաս վատ, քան իշխանություններին, ու երեւի թե նրանցից շատերը հաճույքով կբամփեին այդպիսի գործիչների գլխին` «ոչ»-ի քվեաթերթիկի մեջ փաթաթած որեւէ ծանր բանով:
Այդ բողոքավոր ձայների համար ռեալ մրցակցողներն ուրիշ են: Այսպես, դրան ուղղված են Նիկոլ Փաշինյանի սուր քննադատական ելույթները` պատգամավորը ռեալ ձգտում է քվեներ վաստակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այդ ընտրազանգվածին տիրանալուն է ուղղված եւ այն, որ Էդմոն Մարուքյանն ու մի շարք հայտնի ակտիվիստներ այնքան տենդագին եւ շտապ են պատրաստվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարին, որ «ահավոր ընտրակեղծիքները» դատափետելը նրանց մոտ մղվել է երկրորդ պլան: Այդ ընտրազանգվածին տիրանալուն ձգտում է եւ Արա Աբրահամյանի կողմից արագացված կարգով ստեղծվող «Ազգային միասնություն» կուսակցությունը, որի թիկունքում երեւում են Ռոբերտ Քոչարյանի «ականջները»: Սակայն Ռոբերտ Սեդրակիչը հաջողացնում է սեփական վարկանիշին եւ սեփական գործին վնաս հասցնող բազում գործողություններ իրականացնել, որի դրդիչ ուժը, ըստ նրան լավ ճանաչողների` ներքին չարությունն է:
Այսպես, ամեն մի հրապարակային ելույթ միայն գցում է Քոչարյանի վարկանիշը: Նույնը եւ նրա գրասենյակի տարածած վերջին մեկնաբանության մասին կարելի է ասել, ուր կասկածի տակ է դրվում հանրաքվեի լեգիտիմությունը, եւ փաստացի հնչում է զանգվածային կեղծարարության մեղադրանք: Բնականաբար, դա մարդկանց ուղեղում թարմացնում է այն «հաճելի» հուշերը, թե ինչ էր կատարվում ընտրատեղամասերում Քոչարյանի նախագահության օրոք: Այդ պատճառով Քոչարյանը ունենալով ավելի լավ ելակետային տվյալներ, քան ժամանակին ուներ Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն համբերատար այդ ծերուկի, հիմնովին ջուրն է գցում իր իսկ շանսերը: Ու հիմա արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, որը ակնհայտորեն անբավարար է` իրավիճակը շտկելու համար, անգամ եթե երկրորդ նախագահը որդեգրի իդեալականորեն ճիշտ վարքագիծ:
Բայց, բնականաբար, բողոքավոր ընտրազանգվածի վրա աչք են դրել եւ այլ քաղաքական ուժերը: Այսպես, աչք դնողներից մեկը ընդդիմադիր դարձած եւ «ոչ»-ի կողմնակից հանդիսացող, սակայն այդպես էլ «ոչ»-ի ռեալ քարոզչություն չարած ՕԵԿ-ը: «Այո»-ի կողմնակից ՀՅԴ-ն նույնպես աչքաթող չի անում «ոչ» քվեարկած քաղաքացիներին` պատահական չէ, որ դաշնակները պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին, իսկ ՀՅԴ վստահված անձանց կողմից ընտրախախտումներ հայտնաբերելու եզակի դեպքերը լավ էլ թմբկահարում են:
Ինչ-որ քայլեր անպայման կձեռնարկի եւ «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ն, որպեսզի անմասն չմնա բողոքավոր ընտրազանգվածի այդ «կարկանդակից»: Ճիշտ է, ԲՀԿ-ն բյուջեի նախագծին կողմ քվեարկեց, սակայն ԲՀԿ-ական գործիչների շուրթերից բավականին սուր ելույթներ ու հարցադրումներ հնչել են:
Կարելի է կանխատեսել, որ 2017-ին լինելու են շատ հետաքրքիր եւ դինամիկ ընտրություններ, սակայն գլխանց հաշվարկել դրանց որեւէ արդյունք, գործնականում անհնար է: Չէ՞ որ նաեւ աշխարհաքաղաքական գործոնները կարող են լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց տրամադրությունների վրա, ու նաեւ հայերը շատ զգայուն են այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, ինչ կատարվում է Թուրքիայում եւ Վրաստանում` հատկապես այդ գործընթացների ռազմաքաղաքական բաղադրիչի տեսանկյունից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk