ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻՆ, ԹԵ՞ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ ԵՆ ՈՐԴԵԳՐԵԼ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ
ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻՆ, ԹԵ՞ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ ԵՆ
ՈՐԴԵԳՐԵԼ
«Իրավունք»-ի օրեր առաջ հրապարակված «ԱԱԾ-ում դուստր ու փեսա ունեցող դասղեկը դրահամավաքությա՞մբ է զբաղվում» հոդվածը լայն արձագանք է գտել: Վերոնշյալ հրապարակման հիման վրա, իսկ ավելի կոնկրետ դատախազության կողմից, ոստիկանություն ուղարկված նյութերի հիման վրա գործ է նախապատրաստվում:
Այսօր «Իրավունք» թերթի խմբագրություն էր զանգահարել Էրեբունու ոստիկանության հետաքննության բաժնի քննիչ Սուրեն Բաղդասարյանը, ով մեզ տեղեկացրեց, որ գրավոր ծանուցում է ուղարկել խմբագրություն եւ ցանկանում տեղեկանալ` մենք այն ստացել ենք, թե՞ ոչ: Բացասական պատասխան լսելուց հետո քննիչը հարցրեց`կարո՞ղ ենք նրան տրամադրել դրամահավաքության մասին տեղեկատվություն տվողի անուն-ազգանունը, այսինքն այն աղբյուրը, որից օգտվել ենք հոդվածը նախապատրաստելիս: Բնականաբար պատասխանըկրկին անգամ եղավ բացասական` հղում անելով ԶԼՄ-ի մասին օրենքի այն հոդվածին, ըստ որի` լրատվամիջոցը պարտավոր չէ իր տեղեկատվության աղբյուրը բացահայտել:
Փաստորեն, ոստիկանությունն ու դատախազությունը փոխանակ պարզեն` ինչ է կատարվում մեր կրթօջախներում, հանրությանը հուզող այս խնդրի` դրամահավաքության դեմ, հոգեբանական ճնշում են գործադրում լրատվամիջոցի վրա, որպեսզի բացահայտեն ԶԼՄ-ի տեղեկատվության աղբյուրը: Ավելին` վերոնշյալ իրավական կառույցները այսկերպ հասկացնում են լրատվամիջոցին, որ նա զերծ մնա վերոնշյալ թեմային անդրադառնալուց: Եթե իրավական այս կառույցներն այլ տարբերակ չունեն դրմահավաքության համատարած երեւույթը բացահայտելու, խորապես ցավակցում ենք նրանց, միաժամանակ հորդորում` աղբյուրների բացահայտման համար այլեւս մեզ չդիմել, քանզի ԶԼՄ-ն կարող է իր աղբյուրը բացահայտել` օրենքով սահմանված կարգով` դատարանի պահանջով:
Զարմանալին այն է, որ բազում օրինախախտումների մասին մեր ահազանգերը երբեք չէին օպերատիվ արձագանք, որքան այս մեկը: Եթե սա ճնշման փորձ չէ, այլ նոր աշխատաոճ, ըստ որի` ցանկացած հրապարակում կստանա այսպիսի օպերատիվ արձագանք, մենք միայն ուրախ կլինենք:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր վերոնշյալ հոդվածի առնչությամբ «Իրավունք»-ին պարզաբանում է ուղարկել ԿԳ նախարարությունը, որտեղ ասվում է` 119 դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ ժողով է գումարվել: Ժողովի ընթացքում ծնողները հայտնել են, որ գումար են հավաքել դասագրքերի վարձավճարների, աշխատանքային տետրերի, էքսկուրսիաների ու թատերական ներկայացումների համար: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվել են ծնողների նախաձեռնությամբ: Միաժամանակ ԿԳ նախարարությունը հանձնարարել է 119 դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանին`զգուշացնել 11-րդ դասարանի դասղեկ Գոհար Մելիք-Ստեփանյանին զերծ մնալ դրամահավաքությանն առնչվող որեւէ գործընթացից:
Այսպիսով` ԿԳՆ-ը, այնուամենայնիվ, չի հերքում, որ դպրոցում առկա է դրամահավաքության երեւույթը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk