ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀՐԱԶԴԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀՐԱԶԴԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Նոյեմբերի կեսերին Հանքավանում տեղի ունեցած Գալստյան եղբայրների սպանության վերաբերյալ առաջիկայում նոր մանրամասներ հնարավոր է ի հայտ գան, մասնավորապես. «Չի բացառվում, որ պարզվի, որ հանցագործություն կատարողը միտում է ունեցել վնասել նաեւ դեպքի վայրում գտնվող այլ անձանց»,-այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գալստյանների իրավահաջորդի փաստաբան Արշակ Կարապետյանը:
Փաստաբանը ապացուցված է համարում նաեւ այն հանգամանքը, որ.
- Հայրապետ Սեփոյանը ոչ թե ինքնապշտպանվել է, այլ դիտավորյալ խլել է Գալստյան եղբայրների եւ նրանց ընկերոջ կյանքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է Գալստյանների տարածքում անտառապահ աշխատող Գագիկ Սեփոյանի որդին` Հայրապետ Սեփոյանը: Նախքան սպանությունը Գալստյան եղբայրների եւ անտառապահի միջեւ վիճաբանություն է եղել, որի մեջ Սեփոյանների հարազատները մեղադրում են սպանված Գալստյան եղբայրներին: Նրանց պնդմամբ՝ եղբայրները մեկ ծառ հատելու շուրջ վիճել են անտառապահ Գագիկ Սեփոյանի հետ, դանակով հարվածել են Գագիկ Սեփոյանին, վնասել են աչքը: Սպանվածների հարազատները, սակայն, պնդում են, որ Գագիկ Սեփոյանին դանակով հարված չի հասցվել, եղբայրները նրա հետ վիճել են, քանի որ նրան բռնացրել են իրենց սեփականությունը հանդիսացող տարածքում մեծ քանակությամբ ծառեր հատելիս։ Վիճաբանությունից հետո Հայրապետ Սեփոյանը ինքնաձիգով կրակ էր բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին երիտասարդները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk