«Չեմ պատկերացնում` ոնց պետք ա խեղճացնեին, որ մտածեր կյանքին վերջ տալու մասին»
Արխիվ 12-16«Չեմ պատկերացնում` ոնց պետք ա խեղճացնեին, որ
մտածեր կյանքին վերջ տալու մասին»
«Ախր էնքան սիրով էր եկել Ռուսաստանից ծառայության անցնելու համար, ասում էր` գնամ հայրենիքին պարտքս կատարեմ, հանգիստ խղճով էլի գնամ իմ գործերին: Ով կհավատար, որ Ռազմիկը կարար ինքնասպանության փորձ արած լիներ, մի բան մութ է էս պատմության մեջ: Չեմ պատկերացնում եմ` ոնց պետք ա խեղճացնեին, որ Ռազմիկը մտածեր կյանքին վերջ տալու մասին»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ իրեն ամրակցված զենքից` իր վրա կրակած ժամկետային զինծառայողի ինքնասպանության փորձին, ասաց Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի համայնքապետ Կարո Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով: Նշենք, որ զինծառայողն այս պահին գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը եւ Վ.Տեր-Վարդանյանը ձերբակալվել են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

