«ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՑԱՎ, ՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՉԷ»
Արխիվ 12-16«ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՑԱՎ, ՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՉԷ»
Օրերս լրացավ հայ մեծանուն գրող, արձակագիր ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Ժամանակակիցները նրան կնքեցին հայ ժողովրդի քայլող պատմություն անունով, ով իր բոլոր ստեղծագործությունները գրեց հայ ժողովրդի ձեւով ու ժողովրդի համար, իսկ նպատակը մեկն էր` հայությանը տալ ապրելու եւ չընկճվելու կամք: «Ով թշնամուն դիմադրել գիտի, նա կապրի», սա է Ս. Խանզադյանի պատգամը, ով ապրելով 20-րդ դարում կանխազգում էր, որ հայի պայքարը հանուն իր երկրի ու հողի շարունակվելու է նաեւ 21-րդ դարում: ]
Գրողի ծննդյան օրը մշակույթի մի շարք գործիչներ այցելեցին Երեւանի Կոմիտասի անվան Պանթեոն եւ ծաղիկներ դրեցին Խանզադյանի շիրիմին` իրենց հարգանքն ու խոնարհումը բերելով նրա հիշատակին: Մեծն գրողի հարգանիք տուրքը շարունակվեց Ս. Խանզադյանի անունը կրող Երեւանի հ. 184 ավագ դպրոցում, որտեղ թեւածում էր միայն խանզադյանական ոգին ու միտքը: Դպրոցի աշակերտները ներկայացրին փոքրիկ բեմադրություններ Ս. Խանզադյանի պատմավեպերի հիման վրա` ներկաներին ցույց տալով հայ ժողովրդի պատմության օրհասկան էջերը եւ փառավոր հաղթանակները, որը տրվեց հայի աննկուն ոգու եւ պայքարի շնորհիվ:
«ՆԱ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԸ ԿԱՐՈՂԱՑԱՆ ԱԶԳ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ»
Միջոցառմանը ներկա էր ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով խոստովանեց, որ միջոցառման ընթացքում աշակերտների շողշողուն աչքերի ներքո մեկ անգամ եւս աշակերտեց Սերո Խանզադյանին. «20-րդ դարը մեզ տվեց մշակույթի եւ գիտության բազմաթիվ գործիչներ, եւ ահա նրանցից մեկը Սերո Խանզադյանն էր, ով ժողովրդի սիրելին էր: Նա ապրեց մի ժամանակաշրջան, երբ միտքը դեռեւս կաղապարված էր, ինչը Խանզադյանի համար չէր, նրան հաջողվում էր ոչ թե ընդդիմադիր, այլեւ այլախոհ մտքեր արտահայտել, որի շնորհիվ էլ արժանացավ հայ ժողովրդի հարգանքին ու սիրուն: Նա եւ Հովհաննես Շիրազը կարողացան ազգ դաստիարակել, ժողովրդին սովորեցնելով` մոտենալ իր ակունքներին: Նրանք երկուսն էլ զարմանալիորեն կարողանում էին երիտասարդներին տանել իրենց հետեւից եւ խորհուրդներ տալ: Նրանց ընդօրինակել է պետք: Ազգը միայն հող ու արյուն չէ, տալիս է մարդիկ, ովքեր ժողովրդին ուղղորդում են դարերի մեջ»:
«ՀԱՅՐՍ ՑԱՎ ԷՐ ԱՊՐՈՒՄ` ՏԵՍՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՎԵՐՎԱԾ ՔԱՂԱՔԸ»
Աշակերտները միջոցառման ավարտին մեծ հետաքրքրությամբ լսեցին Սերո Խանզադյանի մասին տարբեր հուշեր, որոնք նրա մտերիմները, այդ թվում նաեւ որդին` Արարատ Խանզադյանը, մասունքի նման պահպանում են:
Որդին վերհիշեց, թե ինչպես մի օր հոր հետ հայտնվեց Ագուլիսում. «Դեռ 14-15 տարեկան տղա էի, որ հորս հետ գնացինք Ագուլիս, այդ ժամանակ զգացի, թե հայրս ինչ ցավ է ապրում` տեսնելով մեր ավերված քաղաքը: Երբ նոր էինք մտել քաղաք` հայրս ուշադիր ու լուռ շուրջն էր ուսումնասիրում: Նրան մոտեցավ ինչ-որ մեկը եւ չհասկացա, թե ինչ ասաց, հայրս նրան տվեց ժամացույցը եւ կարգադրեց, որ մեկ ժամ մեզ հանգիստ թողնի: Այնուհետեւ մեր ճանապարհն Արաքսի ափով շարունակեցինք դեպի վեր, եւ մեր առջեւ բացվեց հիանալի տեսարան: Արաքսից այն կողմ մեծ դաշտ էր, ամբողջը` կարմիր կակաչներ: Նայեցի` հայրս կրկին կլանված նայում էր, հարցրի` հայրիկ այդ ի՞նչ դաշտ է, նա հայացքն առանց ինձ դարձնելու ասաց, թե Ավարայրի դաշտն է, հետո ավելացրեց` կարմիրն էլ Վարդանի արյունն է: Այդ ժամանակ հայրիկիս հավատացել էի: Հետո տարիներ անցան, բացեցի քարտեզը եւ տեսա, որ Ավարայրի դաշտը շատ հեռու է, ամեն ինչ հասկացա, նաեւ հորս վերացական մտեցումն իմ հարցին»:
«ՀՈՐՍ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐՆ ԷԻՆ` ԱՐԱՐԱՏ ԱՐՑԱԽՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԵՆՔ, ԱՅԴՊԵՍ Է ՉԷ՞»
ԱՐԱՐԱՏ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ հիշեց մեկ պատմություն եւս, որն արդեն կապված էր գրողի մահվան նախօրեի հետ. «Հայրս հիվանդ գամված էր անկողնուն ու հաց չէր ուտում: Մայրս զանգահարեց ինձ ու ասաց, որ տուն գնամ, մի գուցե ինձ հետ հաց ուտի: Հիշում եմ, երբ տուն մտա շատ ուրախացավ, մի փոքր անկողնուց վեր բարձրացավ ու նորից պառկեց: Առաջարկեցի միասին ճաշենք, համաձայնվեց ու ասաց. «Ժենյա, Արարատն է եկել, օղի բեր թող խմի»: Մայրս մեկ բաժակ բերեց, ինչը զարմացրեց հորս, նայելով երկուսիս` ասաց. «Բա մարդ կարո՞ղ է միայնակ խմել...»: Չնայած` բժիշկները նրան արգելել էին խմել, բայց միասին խմեցինք: Այդ օրը հորս վերջին խոսքերն էին.
- Արարատ, Արցախն ազատագրել ենք, այդպես է չէ՞:
- Հա:
- Իսկ Նախիջեւանն ազատագրվա՞ծ է:
- Նախիջեւանն էլ է ազատագրված... Հայրս այդպես էլ չիմացավ, որ Նախիջեւանն ազատագրված չէ: Ճիշտ է, ստեցի, բայց գիտեմ, օրերից մի օր ազատագրելու ենք Նախիջեւանը, որի մասին հայրս անպայման կիմանա»,- եզրափակեց Արարատ Խանզադյանը:
«ԿԱՐԾԵՍ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ԹԵՎԱԾՈՂ ԱՐԾԻՎ ԼԻՆԵՐ»
Գրողների միության քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ` Ս. Խանզադյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից, իսկ գործի բերումով էլ հաճախ է հանդիպել նրա հետ. «Ս. Խանզադյանը գրողների միության սիրտն ու հոգին էր, ով ամեն ինչ անում էր, որպեսզի ազգային գաղափարախոսական մտքերը հասցներ Կենտկոմ: Հետաքրքիր աշխատաոճ ուներ, միանգամից սկսում էր գրել մի քանի վեպեր, երբ մի վեպի թեմայից հոգնում էր, անմիջապես անցնում էր մյուսին: Հիանալի պարող էր, ինչին ականատես եղանք Գյումրիում` Գրողների միության արտագնա պլենումի ժամանակ: Հսկայական դահլիճում նա այնպես պարեց, որ բոլորս հիացել էինք: Պարի ժամանակ կարծես ամբողջ սյունյաց աշխարհի վրա թեւածող արծիվ լիներ»:
ԽԱՆԶԱԴՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵՑ ՈՒ ԻՐ ՀԵՏ ՏԱՐԱՎ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՈՒՐԸ
Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրեն ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով` շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նշեց, որ այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ճանաչել Սերո Խանզադյանին. «Երբ հ. 179 դպրոցն անվանակոչվեց Անդրանիկ Օզանյանի անունով, բացման առաջին խոսքն ասաց Խանզադյանը: Նա դպրոց էր բերել Անդրանիկի սուրը, բայց հետագայում որոշ պատճառներով դպրոցը փաստաթղթերով չկոչվեց Անդրանիկի անունով, նա էլ սուրը դպրոցից վերցրեց ու իր հետ տարավ»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk