ԲԱՑՎԵՑ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ԿՅԱՆՔՆ, ԻՆՉՊԵՍ ԱՐՎԵՍՏԸ»` ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Արխիվ 12-16ԲԱՑՎԵՑ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ԿՅԱՆՔՆ, ԻՆՉՊԵՍ
ԱՐՎԵՍՏԸ»` ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեկ ՀՀ նկարիչերի միությունում ՀՀ ժողովրդական նկարիչ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առիթով բացվեց «Կյանքն, ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսը, որին նկարիչի վրձնակից ընկերներից զատ ներկա էին անվանի արվեստագետներ ու հարազատներ: Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 150 կտավ` գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հայկական բնաշխարհի գույներով նատյուրմորտներ:
Ցուցահանդեսի բացման խոսքում ՀՀ նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ ասաց, որ թեպետ վարպետն իրեն չի դասավանդել, բայց իր համար եղել է ուսուցիչ. «Ես շատ բան եմ սովորել իր կտավներից ու իր մարդկային տեսակից »,- ըստ Կ Աղամյանի ցուցահանդեսը չէր իրականանա, եթե չլիներ ընտանիքի շատ ակտիվ եւ սրտացավ մոտեցումը:
Նկարչի դուստր ԶԱՐՈՒՀԻ ՊԱՐՈՆՅԱՆՆ էլ շարունակելով Կ. Աղամյանի խոսքը շեշտեց, որ այսօրվա ցուցահանդեսը կբացահայտի Սլավիկ Պարոնյանին ոչ միայն բնանկարիչ, դիմանկարիչ այլեւ, նատյուրմորտների ու գրաֆիկայի վարպետ: Ըստ նրա, իր հայրը, որպես բազմաժանր նկարիչ, միայն նեղ լսարանին է հայտնի եղել:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ նկարիչի մտերիմ ընկերներից ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ, ով իր խոսքում շեշտեց, որ բարձր է գնահատում ընկերոջ արվեստը. «Նրա նկարներին որ նայում ես, անգամ ձյունից արեւ ես տեսնում»,-ասաց Ա. Գեղամյանն ու մի քանի հուշեր պատմեց. «Մի լավ առիթով երջանկահիշատակ Վազգեն առաջինը պետք է ընդուներ մեր մաեստրոյի ընտանիքին, օրհնանքի հարց կար, մաեստրոն ասաց. «Պետք է իմ ամենալավ նկարը նվիրեմ Վեհափառ հայրապետին» Նրա ասածն էլ ո՞վ կարող էր հակաճառել: Գնացինք, պետք է տեսնեիք, թե Վեհափառն ինչ գորգուրանքով էր նայում նկարին, անգամ փոքր ինչ հուզվեց ու ասաց` սա մեր Հայաստանն է: Ես արվեստի ոլորտում ընկերներ շատ ունեմ, մի անգամ, կրկին ցավոք սրտի երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյան մեր տուն եկավ, նկարներ տեսավ, չթվարկեմ ում անունները տվեց ,մոտեցավ մաեստրոյի կտավին ասաց. «Ա՜, դե Սլավոն ուրիշա էլի…»,- դա էլ Հենրիկն է ասում, ով գիտեք, որ չհավան էր շատ: Մի առիթով Երուսաղեմի Թորգոմ Պատրիարքը եւ երջանկահիշատակ Գեւորգ Հովնանյանը մեր տանն էին, նայեցին մաեստրոյի մի քանի նկարներ, որոնք այսօր ցուցադրված են, ասաց `ինչքան լավ մարդ էր, կողքից Գեւորգ Ստեփանիչն ասաց` նկարներն են լավը: Մեկ էլ` մարդն է լավը, ասաց պատրիարքը, վատ մարդը չի կարող այսպիսի նկարներ նկարել»,- պատմեց Ա. Գեղմյանն ու ելույթը եզրափակեց. «Բացառիկ մարդ, բացառիկ գեղանկարիչ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk