ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, Ո՞ՆՑ ՈՒՂԱՐԿԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, Ո՞ՆՑ
ՈՒՂԱՐԿԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ»
Սոցիալական ցանցերը շարունակում են քննարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ընդդիմությունը պնդում է` հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Իշխանությունն ասում է հակառակը: Սոցիալական ցանցերում` «Ֆեյսբուք»-ում, քննադատության թիրախում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը: Մասնավորապես, մի՞թե միայն ՀԱԿ-ն է ֆիքսել հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումները: Պատահական չէ, որ ընդդիմադիր ԲՀԿ-ն չի շտապում կարծես հանրաքվեն համարել լեգիտիմին, հավանաբար, սպասելով բողոքների քննման գործընթացի ավարտին: Ավելին` որոշ ԲՀԿ-ականներ, օրինակ Ստեփան Մարգարյանը, հայտարարում են` հանրության մեջ նորից անվստահություն առաջացավ համապետական այսպիսի կարեւոր ընտրության հանդեպ:
«Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանից պարզեց` իր համար «այո»-ի` սահմանադրության օգտին հավաքված քվեների քանակը վստահություն ներշնչո՞ւմ է: «Այո»,- ասաց ԲՀԿ-ականը:
- Բայց որոշ ընդդիմադիրներ բարձրաձայնում են ընտրակեղծիքների ու խախտումների մասին:
- Եթե կան նման դեպքեր, կան իրավապահ մարմիններ, թող զբաղվեն դրանցով:
- Զարմանալին այն է, որ ԲՀԿ-ը` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ոչ մի խախտում տեղամասերում չի արձանագրել, ոչ մի դիմում-բողոք չեք ուղարկել իրավապահ մարմիններին:
- Եթե չի եղել, ոնց կարող ենք ուղարկել: Եթե ապահովվել է հանրաքվեի անցկացման թափանցիկությունը... մեր անդամները, վստահված անձերը չեն նկատել խախտումներ: Մանր-մունր խախտումներ եղել են, որոնք տեղում արձանագրվել են:
- Կմիանա՞ք ՀԱԿ-ի նախաձեռնությանը, որպեսզի կարողանան դիմել Սահմանադրական դատարան` չեղյալ համարելու հանրաքվեի արդյունքները:
- Դա կորոշի խմբակցությունը: Այս պահին ոչինչ չի քննարկվել:
- Ձեր անձնական կարծիքով` արժե՞ միանալ, թեկուզ ընդդիմադիր ձեր գործընկերոջը «պոդերժկա» անելու համար:
- Ես կուսակցական եմ եւ գործում են կուսակցության որոշումների շրջանակներում: Խմբակցությունը կքննարկի եւ կկայացնի որոշում:
- Հանրաքվեի արդյունքներից հրապարակումից հետո ԲՀԿ-ն հայտնվել է ՀԱԿ-ի քննադատության թիրախում: ՀԱԿ անդամ, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը ասել է, որ Հայաստանում կուսակցություններ չկան: Կա վարչախումբ ու նրան սատարող ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական կազմակերպություններ: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:
- Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը եւ չեմ կարող գնահատական տալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk