Գլխավոր թատրոնը տարին կեզրափակի «Ամանորյա տոնական համերգով»
Արխիվ 12-16Գլխավոր թատրոնը տարին կեզրափակի
«Ամանորյա տոնական համերգով»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ինչպես բուռն սկսել այնպես էլ ավարտում է տարին: Հայաստանի գլխավոր թատրոնը տարին կեզրափակի դեկտեմբերի 25-ին` «Ամանորյա տոնական համերգով»: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 6–ին եւ 23-ին կցուցադրվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որն ընթացիկ թատերաշրջանի պրեմիերա է եւ արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը, Սոֆիա Բաղդասարյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Թամարա Դադոյանը, Աբգար Սարգսյանը, Տիգրան Կոնինյանը, Պողոս Բեազբեկյանը, Աշոտ Ղանթարջյանը: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը:
Դեկտեմբերի 8–ին Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա «Գալա համերգ»՝
Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի եւ Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/:
Դեկտեմբերի 12-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի եւ Մ. Պետիպայի: Ներկայացումը
վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ եւ բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ներկայացումներից է:
Դեկտեմբերի 14-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն 80 տարի է հանդիսանում է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունը եւ հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է: Մինչ ներկայացումը նույն օրը երեկոյան ժամը 18:00-ից սկսած թատրոնի ճեմասրահներում կկազմակերպվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» օպերայի բեմադրության 80-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն, հանդիպումներ տարբեր տարիներին «Անուշ» օպերայում հանդես եկած արտիստների հետ, ինչպես նաեւ արխիվային բացառիկ նյութերի միջոցով հնարավորություն կլինի ծանոթանալու օպերայի պատմությանը:
Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 16-ին: «Տրավիատան» Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել է 1936 թվականին /դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, բեմադրիչ՝ Լ. Քալանթար/:
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի դեկտեմբերի 19–ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

