«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»
Արխիվ 12-16«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»
Անցյալ տարին «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» համար կարեւորվեց, երբ տարեվերջին էկրան բարձրացավ Ղ. Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Անահիտ» մուլտֆիլմը: Իսկ անցնող տարին, ըստ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» ղեկավար, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ, կրկնակի է կարեւորվել: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Սահակյանցը ոչ միայն անդրադարձավ այդ ձեռքբերումներին ու տարվա խորհրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այլ նաեւ հայաստանյան քաղաքական իրավիճակին:
«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ»
- Վերջապես այս տարի ձեռք բերեցինք տարածք` հնարավորություն ունեցանք
զարգացնելու անիմացիայի ոլորտը: Իսկ հետագայում, եթե ֆինանս էլ կարողանանք հայթայթել, ապա անպայման կբացվի մանկական դպրոց-ստուդիա: Հուսով եմ` եկող տարի այդ բազայի վրա կգործի մեր կինոթատրոնը, որտեղ կցուցադրվեն միայն մուլտիպլիկացիոն ֆիլմեր` տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր երկրների: Ինչպես նաեւ կպատրաստվեն հատուկ ծրագրեր: Մի խոսքով` այսօր արդեն ունենք մեր տունը, ինչն ամենակարեւորներից էր մեր ստուդիայի համար:
«ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՖԻՆԱՆՍԸ ՉԷ»
-Ֆինա՞նսն է պատճառը, որ այս տարի նոր ֆիլմ չստեղծեցիք:
- Խնդիրը միայն ֆինանսը չէ: Ընդհանրապես, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ լիամետրաժ ֆիլմ նկարահանել, դրա համար առաջին հերթին մեծ մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ: Բայց մենք ձեռնունայն չենք նստել` աշխատում ենք մի նոր ֆիլմի վրա, որի աշխատանքները կտեւեն մոտ 3 տարի: Այն «Օլիմպիկոս» ֆիլմն է, որը պատմում է Վարազդատ արքայի` 4-րդ դարի հանրահայտ հաղթանակի մասին` օլիմպիական խաղերում:
ՀՆԱՐԱՎՈՐ Է` «ԱՆԱՀԻՏԸ» ՑՈՒՑԱԴՐՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
- Պարոն Սահակյանց, տարվա ընթացքում «Անահիտը» շատ քննադատվեց:
- Ես ավելին էի սպասում, կարծում եմ` մեծ հաշվով ֆիլմն ընդունվեց հանրության եւ երեխաների կողմից: Դրանք էլ եմ համարում կարծիք, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, ուղղակի որոշ մարդկանց ինչ-որ դրվագներ կամ էպիզոդներ դուր չեն եկել, ինչը շատ բնական է:
- Մեկ տարի անց էլ` դեռեւս «Անահիտը» շարունակվում է ճամփորդել` Արցախում, ինչպես նաեւ հանրապետությունից դուրս:
- Մեզ համար դեռ տարին չի ավարտվել, «Անահիտը» դեռեւս շարունակվում է ցուցադրվել երեւանյան կինոթատրոններում, ինչն արդեն աննախադեպ է հայկական կինոարտադրության մեջ, եզակի դեպքերից է: Բացի դրանից, դեռ նախնական պայմանավորվածություններ կան, որ ֆիլմը ցուցադրվի Ռուսաստանում` կա՛մ Սոչիում, կա՛մ Մոսկվայում, մինչ տարեվերջ կհստակեցվի:
«ԴԵՌ ԱՅԴ ԹԵՄԱՅԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ»
-Տարվա ընթացքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ով ասես,
ուղղակի եւ անուղղակի իր աշխատանքները կապեց այդ թեմայի հետ, բայց կարելի է ասել, այդ մասին Դուք «լռեցիք»:
- Մենք Ռաֆայել Հովհաննիսյանի հետ ունեինք մի գաղափար, որը պարզապես չհասցրինք իրականացնել այս տարի: Չէինք ուզում ուղղակի կիսատ աշխատանք անել: Շատ լավ գաղափար է առաջարկել Ռաֆայելը` նախագծի հեղինակը, որը, կարծում եմ, դեռ կիրականացնենք, մանավանդ, որ այս հարցը արդիական կլինի եկող տարի էլ, մոտակա տարիներին էլ, ուստի պարտադիր չէր հենց 2015-ին անել: Եվ հետո, ես եւ Ռաֆայելը չէինք ուզում այն կոնկրետ կապել թեմայի հետ, ինչ է թե ֆինանսական հարց լուծեինք, չէ որ այս տարվա ընթացքում շատ ավելի կարեւոր նախագծեր իրականացան: Իսկ մենք այդ թեմային դեռ կանդրադառնանք:
«ՁԵԶ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ Է ՆԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՇՆՉՎՈ՞ՒՄ»
-Պարոն Սահակյանց, մենք միայն մուլտֆիլմերում ենք լսել մահ այսինչին կամ այնինչին, բայց վերջին օրերին ընդդիմության կողմից այդ արտահայտությունը հաճախ ենք լսում, գուցե մուլտֆիլմերի ազդեցությո՞ւնն է:
- Այսինքն` ձեզ թվում է, որ ընդդիմությունը մուլտֆիլմեր է նայում եւ դրանից ոգեշնչվո՞ւմ է, կարծում եմ` ոչ: Հակառակը` այդ ընդդիմությանը, կամ այդ ներկայացուցիչներին, ովքեր նման կոչեր են անում, ընդհանրապես ես ընդդիմություն չեմ համարում եւ կոնկրետ որոշ մարդկանց մասին իմ կարծիքը դեռ 2 տարի առաջ եմ արտահայտել` չեմ համարում իրենց ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ` մանավանդ ընդդիմություն: Դրա համար այդ ամենին նայում եմ ժպիտով:
«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ՉԷ ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼ»
- Բոլոր ժամանակներում էլ մտավորականության խոսքը կշիռ է ունեցել: Կարելի է ասել` այսօր «ոչ»-ի կողմն անցած մշակույթի որոշ գործիչներ ավելի ակտիվ են, քան` «այո»-ի կողմնակիցները:
- Կարծում եմ` ակտիվ լինելն ինքնանպատակ չէ, եւ ամեն ինչի համար պետք չէ ակտիվ լինել, կամ էլ` 100 տոկոսանոց աջակցել: Իմ կարծիքով` ե՛ւ «ոչ»-ի, ե՛ւ «այո»-ի կողմնակիցները այդքան շատ տեղեկացված չեն, թե ինչից դրդված է հարկավոր այս տարի ընդունել այդպիսի կտրուկ որոշում: Շատ ավելի լուրջ միջազգային եւ աշխարհաքաղաքական հարցեր կան, որոնցից մենք պարզապես չենք հասկանում: Ուստի, ուղղակի ելնել ու պարտադրել, մի բան էլ ավելի քան ակտիվ, որ այդ ակտիվությունն արդեն դառնում է գռեհիկ, ագրեսիվ, դառնում է մատնանշող` այլ անձանց պահվածքին, դա լրիվ սխալ է:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ՏԵՂԸ ԿԱՍԵՆՔ ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԵՎ «ՈՉ»-Ը»
-Այն դեպքում, երբ առանց այդ էլ ամբողջ աշխարհը խառնվել է իրար:
- Իհարկե, այդ ամենը, կարծում եմ, իրար հետ է կապված: Ես մեծ հարգանք ունեմ շատ մարդկանց հանդեպ, ովքեր «ոչ»-ի կողմնակից են, բայց նաեւ ունեմ հարգանք այն մարդկանց հանդեպ, ովքեր «այո»-ի կողմնակից են, իսկ ես մի քիչ ավելի կողքից եմ այդ ամենին նայում, որովհետեւ վստահում եմ այսօրվա իշխանության մեջ գտնվող որոշ մարդկանց, որոնք, կարծում եմ, շատ ավելի տեղեկացված են: Ընդհանուր առմամբ, այդ քվեարկությունը լինելու է փոքր մասնիկ, չի լինելու ինչ-որ բանի սկիզբ եւ ինչ-որ բանի վերջ: Իսկ թե ինչպիսին դա կլինի` միայն ժամանակը կարող է ցույց տալ: Այսօր ասել, որ միանշանակ սա է ճիշտը, կամ` նա, սխալ է: Իսկ մտավորականները` կարծում եմ, ընդհանրապես երկրում մեծ խնդիրներ կան, եւ ցավոք սրտի, նրանք Հայաստանին օգնելու միջոց չգտնելով, ընտրում են ավելի հեշտ ճանապարհ, ինչը եւ դրսեւորվում է «այո» կամ «ոչ» քարոզելով: Յուրաքանչյուրս մեր տեղը պիտի երկրի համար անենք առավելագույնը եւ դրանով էլ կասենք մեր «այո»-ն եւ «ոչ»-ը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

