Զարմացած
Արխիվ 12-16
Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան ավելի են եռում ընդդիմամոլների կրքերը: Ճիշտն ասած, երբ օրեր առաջ իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ թասիբն ու պատվախնդրությունը հռչակեց կեղծ կատեգորիա, զարմացանք, թե ծերուկի ինչին էր դա պետք: Սակայն լսելով երեկվա հանրահավաքային ելույթները` ամեն ինչ ընկավ իր տեղը: Այսպես, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հարթակից կոչ հնչեցրեց. «Ասեք, որ «այո» եք քվեարկում, սակայն հետո գնացեք «ոչ» քվեարկեք»: Դե ինչ, եթե մեծն առաջնորդը թասիբը կեղծ կատեգորիա է համարում, ապա բնական է, որ նրա թիմակիցն էլ սկսի հրապարակավ ընտրողներին ստախոսության դասեր տալ:
Մեզ անզարմանք չթողեց եւ որձ կովերի հմուտ մասնագետ, նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` հայտարարելով. «Ցույց տվեք մի երկիր, որն այսպիսի Սահմանադրություն ունի: Ս. Սարգսյանն ասում է, թե Վենետիկի հանձնաժողովից մարդ եմ բերում: Ես չգիտեմ, թե այդ մարդկանց հետ ինչպես են խոսում, մենք էլ այդ կառույցի հետ թղթակցություն ունենք, եւ ամենեւին այդպես չէ: Վենետիկի հանձնաժողովից դեռ ոչ ոք ինձ չի գրել, որ կողմ է կայուն մեծամասնության երկրորդ փուլին, որը ոչնչացնում է ընտրությունները: Ես էլ կարող եմ ասել, թե Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Հոֆմանն այլ բան է մտածում: Հետո՞: Մենք կարծես թե տղա ենք բերում հասարակության վրա: Ու մենք չտեսանք նրանց, թող հանդիպեցնեին ընդդիմությանն այդ ներկայացուցիչների հետ»: Ու ով էլ խոսում է «տղա բերելու» մասին, ախր, ՀՀՇ-ականները եւ այլ «նարնջագույնները» վաղուցվանից գեշ խասյաթ ունեն տարբեր միջազգային ատյաններում գործ տալ սեփական (իրո՞ք սեփական) երկիր Հայաստանի վրա ու երկրի վրա «տղա բերել»: Համ էլ, ինչո՞ւ Է Բագրատյանը փնտրում այդպիսի Սահմանադրություն ունեցող այլ երկիր, մի՞թե պարտադիր պետք է ինչ-որ մեկից արտագրած լինեինք: Նույն հաջողությամբ նա կարող էր ասել` ցույց տվեք մի երկիր, որ այդպիսի էպոս ունի:
Րաֆֆի Հովհաննիսյանի ծաղկեփնջային էպոպեան բազում կատակների եւ ծաղրական մեկնաբանությունների է արժանացել: Մասնավորապես, համացանցում պտտվում է Կարաբալայի արձանի պատկերը` Րաֆֆիի դեմքով, բայց կարծում ենք, որ Րաֆֆիի գործունեության գնահատականը շատ ճշգրիտ տվել է ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ. «Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը մի գործիչ է, որ ֆանտաստիկ արագությամբ մսխեց այն քաղաքական կապիտալը, որը ժողովուրդը տվել էր իրեն նախագահական ընտրություններում: Նա մի գործիչ է, որ քանդուքարափ արեց այն կուսակցությունը, որը ձեռք էր բերել այդ հաջողությունը եւ իր լիդերին պարգեւել այդքան ձայներ: Եվ կարծում եմ` այս պարագայում ինքն այդ ծաղիկները դնելու ավելի հարմար տեղ պիտի գտներ»: Բայց պարոն Մինասյանը զարմանալիորեն դաժան է` ախր, Րաֆֆին ինչպե՞ս պետք է կարողանա սեփական ձեռքով ծաղիկ դնել սեփական քաղաքական գերեզմանոցի վրա:
Մինչ ոստիկաններն ու հեղափոխականները իրար սթափության կոչ են անում, տեղեկատվական անվտանգության փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ զարմանալիորեն ի ցույց է հանում, որ մարդիկ «Ֆեյսբուքում» ամեն ինչ զետեղելով, առավել քան անսթափ են վարվում. «Շատ քչերն են գիտակցում, որ անձնական տվյալների անմատչելի լինելը բավական կարեւոր է: Օրինակ, սոցիալական ցանցի միջոցով շատ կարեւոր տեղեկություններ են հրապարակում օգտատերերը, որը, ըստ նրանց, որեւէ կերպ չի կարող հետաքրքրել օտար մարդկանց, առավել եւս` իրենց վնասելու համար գործադրվել: Շատերը, օրինակ, հանգստանալու մեկնելիս իրենց պարտքն են համարում ի լուր սոցիալական ցանցի` հանրության տեղեկացնել այդ մասին` անգամ նշելով, թե որքան ժամանակ են բացակայելու տնից: Մինչդեռ այդ տեղեկությունը իմանալով` բնակարաններ ու տներ թալանող գողերը կարող են օգտվել առիթից ու անսպասելի այցելություն կատարել տվյալ օգտատիրոջ տուն: Նշվում են նաեւ այնպիսի անձնական տվյալներ` ծննդյան տարեթիվ, վայր եւ այլն, որոնց միջոցով կարելի է այդ մարդկանց անունից ինչ-որ գործարքներ կատարել: Անգամ լինում է, որ մարդիկ անձնագրի պատճենն են տեղադրում, եւ որեւէ երաշխիք չկա, որ ինչ-որ մեկը բանկի որեւէ աշխատակցի հետ հանցավոր հանաձայնության գալով` միամիտ օգտատիրոջ անունով վարկ չի ձեւակերպի»: Դե ինչ, հարգելի հայեր, «Ֆեյսբուքում» մի բան զետեղելուց առաջ սթափ կշռադատեք, իսկ երբ ոգելից օգտագործած եք` առհասարակ ոչինչ մի զետեղեք, ստեղնաշարի տեղը մոռացեք մինչեւ հաջորդ առավոտ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

