ԱՍՔ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԾԱՂԿԵՓՆՋԻ, ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՍՔ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԾԱՂԿԵՓՆՋԻ, ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
Երեկ Լյովիկ Զուրաբյանի հանրահավաքային ելույթը լսելով արձանագրեցի, որ էժան պրծանք: Նա ընդամենը իր ստանդարտ «փաստարկներով» հանդես եկավ: Թեեւ պարզ է, որ օրեր անց «մահ ռեժիմին» գոռացողները ասելու են, որ ձյուն տեղալը խանգարեց շարժման ծավալմանը, բայց, այնուամենայնիվ, ՀԱԿ խմբակցության ղեկավարի շուրթերից չլսեցինք պնդում, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Բարձրյալին, որպեսզի ցուցարարների գլխին ձյուն գա: Թե չէ, Լյովիկից սպասելի է` այն բանից հետո, որ ՍԴ նախագահին մեղադրեց Վենետիկյան հանձնաժողովին կաշառելու մեջ:
ՐԱՖՖԻՆ ՈՒ ՍԷՖԻԼՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑԻՆ «ԱՅՈ»-ԻՆ
Ձմռան առաջին օրով «քաղաքացիական անհնազանդության» մեկնարկը թեեւ բավականին տպավորիչ էր, սակայն արեւմտյան դեսպանների կողմից շարժման առաջնորդ փաստացի կարգված Րաֆֆի Հովհաննիսյանը միանգամից այնպիսի տարօրինակ քայլ արեց, որ «ռեժիմին հեռացնողներին» այլեւս գրեթե ոչ ոք չի կարողանում լուրջ ընկալել: Երթի նախօրոք իրազեկված ուղուց դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ շեղվելը եւ գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելու փորձը դարձավ անեկդոտների առարկա: Առավել եւս, որ վերջում այդ չարաբաստիկ ծաղկեփունջը «Ժառանգության» առաջնորդը չգիտես ինչու որոշեց նվիրել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հայոց նորագույն պատմությանը, սակայն, տակավին անհայտ է, թե «անհնազանդությանը» չմասնակցած Զարուհի Փոստանջյանը ինչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. չէ՞ որ Զարուհին պատվիրել էր ՀՀԿ ամեն գրասենյակի մոտ սեւ ժապավենով կապած ծաղկեփունջ դնել, սակայն Րաֆֆու ծաղկեփունջն այդպիսի ժապավեն չուներ...
Ինչեւէ, «տունտունիկային հեղափոխությունը», որն ի ցույց հանեց գործողությունների ծրագրի իսպառ բացակայությունը, ճակատագրական ծաղկեփնջի պես զավեշտալի դրվագները, ինչպես նաեւ ցուցարարների կողմից հայհոյանք պարունակող վանկարկումները վանող տպավորություն թողեցին հանրության վրա:
Քիչ չեն այն մարդիկ, ովքեր սկզբում տրամադրված էին հանրաքվեին «ոչ» ասել, քանզի չեն սիրում գործող իշխանությանը, սակայն այդ ամենը տեսնելուց հետո որոշեցին ոչ միայն «այո» քվեարկել, այլեւ սկսեցին իրենց շրջապատին համոզել: Ու, ի դեպ, հետաքրքրությունը «քաղաքացիական անհնազանդության» նկատմամբ շատ արագ մարեց. եթե սկզբում ուղիղ եթերով համացանցային հեռարձակումներին հետեւում էր շուրջ 70 հազար մարդ (դա հենց «հեղափոխականների» հայտարարված թիվն է), ապա երեկվա դրությամբ այդ ցուցանիշը 10 հազարի էլ չէր հասնում: Հա, ի դեպ, օրեր առաջ տխրահռչակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Ժիրայր Սէֆիլյանին հրապարակավ մեղադրեց ԱԱԾ-ին ծախված լինելու մեջ: Մենք չգիտենք մեր քաջազուն հեղափոխականները իրոք ԱԱԾ-ին կամ Բաղրամյան 26-ին ծախված են, թե` ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ իրենց քաոտիկ, ագրեսիվ, թունդ ատելությամբ ներծծված եւ խուլիգանական դրսեւորումներով ուղեկցվող «հեղափոխությամբ» զգալիորեն բարձրացրին «այո»-ների քանակը: Դա նաեւ բավականին ակնհայտ եղավ եւ արեւմտյան տերերին, քանզի, եթե մինչ դեկտեմբերի 1-ը դեսպանները այցելել էին Րաֆֆուն, ապա երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նախապատվություն է տվել Ժիրայր Սէֆիլյանին, ով գոնե ծաղկեփնջային եւ աղոթքամոմային խաղերով աչքի չի ընկել:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻ
Հիշո՞ւմ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակած «Նոր Հայաստան կամ ոչինչ» կարգախոսը: Օրինակ, ի՞նչ է նշանակում «ոչինչ» կոչվող բաղադրիչը: Նույն ուկրաինական մայդանների փորձը հուշում է, որ դա նշանակում է քաղաքացիական բախումներ, արյուն, տնտեսության կործանում, տարածքային կորուստներ, ԼՏՊ-ի մութ ու ցուրտ ժամանակների վերադարձ: Րաֆֆի Հովհաննիսյանի համար այդ «ոչինչը» դժվար թե նշանակություն ունենա` ինքը ուղնուծուծով ամերիկացի է, ԱՄՆ-ում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան Հայաստանում, նրա զավակները ԱՄՆ քաղաքացիություն ունեն... Եվ «Նոր Հայաստան» (որը չգիտենք թե ինչ է) չստացվելու դեպքում գնալու տեղ ունի, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների մեծամասնության:
Ինչեւէ, ամերիկացի Րաֆֆու ձախորդփանոսական մեկնարկից անմիջապես հետո իրեն մեջ գցեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա առաջ բերեց բազում թեզեր, որոնցից օտարերկրյա դիվանագետի կարգավիճակին համապատասխանում էր միայն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման թեզը, իսկ մնացյալը մաքուր միջամտություն էր մեր ներքին գործերին: Նրա խոսքում նաեւ մաքուր, անթաքույց շանտաժ կար. «Չեմ կարող հորդորել ներդրումներ կատարել, եթե չեմ տեսնում առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում»: Իսկ ով ստեղծեց կոռուպցիայի աննախադեպ ծավալները` սկզբում ԼՏՊ-ի ամերիկամետ վարչակարգը տնտեսության հերն անիծեց, հետո մեր չինովնիկներին սովորեցրին վարկալափություն, որը «քեռի Սեմին» ձեռք էր տալիս այնքան ժամանակ, քանի դեռ չինովնիկները գործ ունեին ամերիկյան շահերի շրջանակներում: Իսկ հիմա, երբ մենք ԵՏՄ անդամ ենք, երբ ընդունում ենք Սահմանադրություն, որը նվազեցնում է ապակայունացման եւ արտաքին միջամտության հնարավորությունները, երբ մեր իրավապահները հաջողությամբ վնասազերծում են հակասահմանադրական զինյալ գործողություններ ծրագրած հանցավոր խմբին, երբ մեր ոստիկանները կարողանում են այնպես անել, որ բազմահազարանոց հանրահավաքի ոչ մի մասնակից իր հետ զենք կամ պայթուցիկ չբերի... Կարճ ասած, երբ ֆիասկոյի են մատնվում ամերիկյան «գունավոր» տեխնոլոգիաները, միանգամից ամերիկյան դեսպանը սկսում է մեր երկրին պոզուպոչ կպցնել:
Ավելին, այն պահին, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեր կենսաբանական թշնամի Թուրքիայի հախից է գալիս, դեսպանը սկսում է նորից հույժ կարեւորել հայ-թուրքական սահմանի բացումը: Եթե դրան հավելենք եւ ԱՄՆ-ից սնվող քարոզիչների վայնասունը, թե հեռու մնանք ռուս-թուրքական կոնֆլիկտից, չբոյկոտենք թուրքական միջոցառումները, ապա պարզ է դառնում, որ հային քարոզում են անել ինչ-որ հակաբնական քայլեր:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ Է ՄՏՑՆՈՒՄ
Սերժ Սարգսյանը հեռուստալրագրողների հարցերին պատասխանելիս շատ մանրամասն եւ հասանելի բացատրեց նոր սահմանադրությանը վերաբերող հիմնական դրույթները, պատասխանեց շահարկումներին, մտահոգություններին եւ այլն: Հեռուստաեթերում հնչածից առանձնացնենք այն հարցի պատասխանը, թե արդյոք Սահմանադրություն փոխելու հանրային պահանջ կա. «Սերժ Սարգսյան- Նախ ասեմ, որ այդ հարցը, որպես հռետորական է հնչում` թե ինչո՞ւ հիմա: Իսկ եթե դա անեինք մի տարի առաջ կամ մի տարի հետո, այդ հարցը չէ՞ր հնչելու: Սա` մեկ: Երկրորդ` ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ, եւ այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում է, թե 1995 թվականին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց եւ պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում, եթե հիշում եք` նախագահական ընտրություններից հետո: Ես ընդառաջ գնալով «Ժառանգության» ղեկավարի, այսպես ասած, պահանջներին` իրեն առաջարկեցի ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ինքը կնախագահի եւ կառաջարկի սահմանադրական բարեփոխումներ: Եթե չլիներ այդ պահանջը, ես ինչո՞ւ պետք է իրեն առաջարկեի»:
Իսկ ինչ է անում Րաֆֆին, ում 2013-ին առաջարկվել էր գլխավորել սահմանադրական բարեփոխումները, երեւանցու խոսքով ասած` «յուղ է վառում»:
Երկրի ղեկավարը նաեւ անդրադարձավ «ստվերից ղեկավարելու», «թաքուն վերարտադրվելու» եւ ընդդիմադիր այլ հարցադրումների, որոնք հնչեցրեց լրագրող Պետրոս Ղազարյանը. «Մեր երկրում չի կարող լինել ստվերային ղեկավարություն: Եվ իմ պրոբլեմների մի մասը նաեւ դրա պատճառով է, որ ես համաձայն չեմ մեր երկրի ստվերային կառավարմանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց գիտեք այդ առիթով մի շատ հետաքրքիր գաղափար է գալիս: Թվարկեցիր Նախագահ, Վարչապետ, մեր կուսակցականները հայտարարել են նաեւ Ազգային ժողովի նախագահ չլինելու մասին: Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաեւ կուսակցության նախագահ չեմ լինելու, Պետրոս, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու: Դե, գիտե՞ք` ամեն ինչ չափ ունի: Բայց ի՞նչ է խանգարում իրենց գնալ եւ մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երեւանում նստել եւ, ներողություն, տարբեր դիրքեր ընդունել կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով հոխորտալ, մեծ-մեծ խոսել»:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին «ահավոր կեղծիքների» մասին, ապա. «Լավ, ինչի՞ է նման, որ իրենց շատ ուժեղ քաղաքական կուսակցություն հորջորջողները այսօր, երբ իրենք սահմանադրական բարեփոխումները համարում են ինչ-որ աշխարհացունց իրադարձություն, չեն կարողանում հանձնաժողովի նույնիսկ կեսերում անդամներ առաջադրել: Մարդը, եթե չի կարողանում հանրապետությունում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչը առաջադրի, նա ընդհանրապես իրավունք ունի՞ այդքան մեծ-մեծ խոսելու: Վաղը Տիգրան Մուկուչյանին զանգեք, հարցրեք` ո՞ր կուսակցությունները որքանո՞վ են ներկայացված հանձնաժողովներում»:
Եվ իրոք, հենց տարիներ շարունակ մեծ-մեծ խոսելով ժողովրդին մոլորեցնելու մարտավարությունը բերել է նրան, որ «նարնջագույն» խորհրդարանական ուժերը` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», ամբողջովին հեղինակազրկվեցին եւ հայտնվեցին քաղաքական լուսանցքում: Հատկապես «Ժառանգությունը», որի առաջնորդի ճակատագրական ծաղկեփնջից հետո նույնիսկ ՀԱԿ-ը ցանկություն չունի հետը ճանապարհ անցնել:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ
Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը իր հեռուստահարցազրույցում այդքան տեղ հատկացրեց երկրի անվտանգության խնդիրներին, առավել եւս, որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Մասնավորապես. «Բայց ես պարտավոր եմ ասել, պարտավոր եմ, որպես նախագահ, որպես մարդ, ով իր կյանքի գրեթե կեսն անց է կացրել` ծառայելով մարմիններում, որոնք ապահովում են անվտանգությունը: Ես պարտավոր եմ: Թող որեւէ մեկն ասի, որ մի մարդու մեջ կենտրոնացված է այդքան փորձ` անվտանգության մարմիններում աշխատելու, ներքին գործերի մարմիններում, անվտանգության խորհրդում, պետական կառավարման ամենաբարձր մարմիններում: Պարտավոր եմ: Սա է: Իսկ եթե կուզեք` միանգամից կարող ենք խոսել նաեւ վտանգների մասին, որոնք տեղ են գտել սահմանադրական կարգավորումներում ու նաեւ խոչընդոտների մասին»: Ու պատահական չէր, որ ամենից մանրամասն ՀՀ նախագահը կանգ առավ հենց վտանգների եւ խոչընդոտների հարցի վրա:
Ի դեպ, շատ հասարակ լեզվով անվտանգության խնդրի շուրջ արտահայտվել է ազատամարտիկների եւ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ «Գեւորգյան մարտարվեստի» դպրոցի հիմնադիր եւ ղեկավար, լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը` պատասխանելով Արցախի անվտանգության մասին հարցադրումներին. «Այս նոր սահմանադրությամբ մենք մեկընդմիշտ փակում ենք, համենայնդեպս մեր` ազատամարտիկներիս համար ամենակարեւորագույն խնդիրը` Ղարաբաղի ազատագրված որոշ տարածքների փոխզիջման մասին պարբերաբար տարածվող լուրերի շահարկման հարցը, որը ինչպես տեսել եւ տեսնում ենք ժամանակ առ ժամանակ որոշ ուժեր փորձում են այսպիսով ընդդիմության ալիք բարձրացնել ժողովրդի մեջ, իհարկե սրանից մշտապես եւ բացառապես օգտվում են իրենք, ոչ թե ժողովուրդը: Մինչ այսօր ես` Գեւորգ Գեւորգյանս անձամբ, տարածքներ զիջելու հարցում անհանգստություն եւ մտահոգություն չեմ ունեցել, քանի որ ներկայիս Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, նախագահը ինքն ազատամարտիկ է, իր հայրենիքի համար պայքարած մարդ, եւ այդ հարցում հանգիստ եմ եղել, երբեւէ չմտածելով, որ կարող է մի թիզ հող անգամ զիջվել… Եթե շարունակենք կիսանախագահական համակարգով, ապա ես անձամբ վստահ չեմ, թե իրականում տարածքներ կզիջվեն, թե` ոչ, որովհետեւ ես չգիտեմ` ով է լինելու երկրի հաջորդ նախագահը…»:
Եվ իրոք, նոր սահմանադրությունը ստեղծում է կառավարման մի համակարգ, որն արդեն այդքան ճակատագրորեն կախված չէ երկրի առաջին դեմքի անձից: Հիշենք թեկուզ 90-ականների սկիզբը, երբ իշխանության գլխավոր մարմինը Գերագույն խորհուրդն էր` թեեւ ՀՀՇ-ականներն այնտեղ մեծամասնություն էին, այնուամենայնիվ, այդ խորհրդարանը արգելակ էր դարձել ԼՏՊ-ի բազում ազգավնաս նախաձեռնություններին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

