ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` 2017-ԻՆ ԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻԱ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` 2017-ԻՆ
ԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻԱ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ աստված մի արասցե, եթե «ոչ»-ը հաղթի, կշարունակվի այս իրավիճակը: «Հաջորդ ընտրություններին քաղաքական մեծամասնությունը դարձյալ խորհրդարանում մեծամասնություն կլինի: Երեք նախագահների ժամանակ էլ կուտակվել են խնդիրներ, սակայն խնդիրները չեն լուծվել»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Արմեն Ռուստամյանի խոսքով` «այո»-ն դուռ է բացում իրական փոփոխությունների համար: «Մենք կոչ ենք անում մեր հանրությանը գնալ կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց դաշնակցական գործիչը:
«Իրավունք»-ի հարցին` խոսակցություններ կան, որ ՀՅԴ-ի եւ իշխանության հետագա հարաբերությունները` մասնավորապես կոալիցիա մտնելը, պայմանավորված են լինելու հանրաքվեի արդյունքներով, ՀՅԴ խմբակցության ղեկավարը հերքեց այդ լուրերը` ասելով, որ յոթ կետերի ընդունմամբ է դա պայմանավորված:
Պատգամավորը, սակայն, չբացառեց` նոր սահմանադրության ընդունվելու դեպքում 2017 թ-ին կլինի կոալիցիոն ղեկավարում:
Մեր հարցին` որ ուժերն են լինելու կոալիցիայի մեջ, Ռուստամյանը դժվարացավ ասել` իրավիճակից կախված կլինի:
«Իրավունք»-ի մեկ այլ հարցին` ՀՅԴ-ն իշխանության հետ հանրությանը «այո» քարոզելով` տպավորությունն այնպիսինն է, որ ՀՅԴ-ի վարկանիշը տուժել է: Մասնավորապես ռեալիթի շոուի ժամանակ քաղաքացիներից մեկը Արծվիկ Մինասյանին ասել էր` բա 120 տարի առաջվա ՀՅԴ-ն այսօրվա «տյունինգ» արած ՀՅԴ-ն է: Քաղաքական գործչի խոսքով` դաշնակցությունը, եթե տասը մատներն էլ մոմ անի, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: «Մարդիկ կան, որ ասում են` ՀՅԴ-ն 125 տարի առաջ մի բան չէր, հիմա էլ մի բան չէ: Հակադաշնակցական այդ տրամադրությունները ձեւավորվել են ԽՍՀՄ-ի տարիներին եւ որոշ մարդիկ այդ տրամադրություններն ունեն: Ես չեմ համեմատվում դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի հետ, ես շատ-շատ հարցերում զիջում եմ նրան, բայց ուրախ եմ` նրա հետնորդ եմ»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

