ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ
Արխիվ 12-16ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ¥ՀՖՖ¤ շարունակում է, մեղմ ասած, տարօրինակ քաղաքականություն վարել: Այսպես՝ այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները դեպի ՀՖՖ երկրորդ երթն իրականացրին՝ արդեն ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջով, Ռուբեն Հայրապետյանը մեղադրանքների հերթական հեղեղը հնչեցրեց:
Իհարկե, որեւէ մեկի համար անսպասելի չէր, որ ՀՖֆ նախագահը ամեն քայլի կգնա, միայն թե շարունակի ֆուտբոլային մոնոպոլիան իր ձեռքերում պահել: Ինչպես երեւում է, Ռուբեն Հայրապետյանն իսկապես չէր սպասում, որ ֆուտբոլային ֆանատները մինչեւ վերջ կգնան եւ կպայքարեն իրենց պահանջների համար: Եվ պարոն Հայրապետյանի նյարդերը տեղի տվեցին: Այս անգամ արդեն, ըստ պարոն Հայրապետյանի, այս վիճակի մեջ մեղավոր են բոլորը: Նախ՝ հավաքականի նախորդ գլխավոր մարզիչը, ով թիմին հասցրեց անկառավարելի վիճակի, ապա՝ ֆուտբոլիստները, որոնք դավաճանի կարգավիճակ ստացան Ալբանիա-Հայաստան խաղի պատճառով. «Կարծում եմ, որ իրականում եղել է դա, եւ մեր գործն է, որ դա բացահայտենք, եւ այդ մարդկանց անունները հրապարակենք: Դա իմ անձնական գործն է: Ուղղակի, մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն: Խաղը սկսվելուց կես ժամ անց ես դա արդեն հասկացել էի»:
Միգուցե այդպես էլ կա. հավաքականի վիճակը կատաստրոֆիկ է, եւ դրանում մեղավոր են բոլորը: Միայն թե, այստեղ կա մեկ ուշագրավ փաստ. ինչո՞ւ, այսպես ասած, ծախված խաղից ամիսներ անց միայն պարոն Հայրապետյանը հանդես եկավ այս «անկեղծ» հայտարարությամբ: Կամ՝ այդ խաղն էլ մի կողմ թողնենք. հավաքականը մինչ այդ բազում ոչ պակաս խայտառակ այլ պարտություններ կրեց, նախկին մարզիչ Շալանդն էլ, անշուշտ, իրեն ոչ պակաս խայտառակ դրսեւորեց: Եվ ինչո՞ւ միայն հիմա պարոն Հայրապետյանը հիշեց, որ հավաքականի այդ վիճակի եւ մեղավորների մասին պարտավոր է եթե ոչ «իր դեմ» երթ անող ֆանատներին, ապա մյուս հարյուր հազարավոր ֆուտբոլասերներին հաշիվ տա:
Դա էլ մի կողմ. ոչ մեկի համար նորություն չէ, որ անգամ ճանճը հայկական ֆուտբոլի տարածքում թռչելու համար վիզա պետք է ստանա նույն ՀՖՖ նախագահից: Առավել եւս՝ նախկին գլխավոր մարզիչն ու «դավաճան» ֆուտբոլիստները հավաքականում չէին հայտնվի` առանց ՀՖՖ նախագահի «դաբրոյի», ավելի կոնկրետ՝ միանձնյա որոշման: Եվ այսքան ժամանակ էլ հենց դա ենք ասում՝ պարո՛ն Հայրապետյան, այս ի՞նչ անպետք կադրերով ես լցրել հավաքականը, ինչո՞ւ հանրությունը, մասնագետները մինչ հերթական նշանակումը, չեն քննարկում եւ կարծիք չեն հայտնում: Լավ, էլի ՀՖՖ-ն է որոշողը, թե ով կլինի մարզիչը, բայց կարող է, չէ՞ «կողային» խորհուրդներն օգնեն ավելի լավ ընտրություն կատարել: Ի վերջո՝ առաջինը ՀՖՖ-ի հեղինակությունն են բարձրացնելու հաջողված մարզիչը, նորմալ թիմն ու լավ արդյունքները:
Մնացածն արդեն հեքիաթների դաշտից է. սա դավաճանեց, այս մի ֆուտբոլիստը պարտվելիս՝ ժպտում էր, «Շալանդը հավաքականի ֆուտբոլիստներին տարել էր խոհարարություն սովորեցնելու» եւ այդպես շարունակ. այս ամենը ստեղծվել եւ գործել է Ռ. Հայրապետյանի մոնոպոլիստական ղեկավարությամբ, եւ եթե կան նման աղաղակող թերություններ, ապա առաջինը հենց նա պետք է լքեր պաշտոնը՝ բացատրելով, թե, գիտեք ինչ, ամեն ինչ իմ վրա վերցրի եւ հազիվ կարողացա հավաքականի ղեկին ֆուտբոլի փոխարեն խոհարարություն սովորեցնող մարզիչ նշանակել: Բայց չէ, քանի որ երիտասարդները հանդգնել են երթ անել, ուրեմն. «Հիմա հաստատ հրաժարական չեմ տա»,- շարունակում է ՀՖՖ նախագահը: Բայց այս դեպքում էլ շատ հետաքրքիր է՝ այդ «դավաճան» ֆուտբոլիստների՞ց է հավաքական ձեւավորելու...
Մի խոսքով՝ վայ հայկական ֆուտբոլին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
