Խորհրդային Հայաստանի ֆենոմենը, ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի
Արխիվ 12-16ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ, ԸՍՏ ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

«1920 թվականի նոյեմբերի 29-ը Խորհրդային Հայաստանի ծննդյան օրն է, այն օրը, որից սկսվում է Հայաստանի երկրորդ հանրապետության փառապանծ պատմությունը», - այս մասին նշել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու հավելել. «Խորհրդային իշխանության հաստատումով սկսվեց հայ ժողովրդի պատմության նոր ժամանակաշրջանը, որով վերջնականապես կանխվեց հայ ժողովրդի ոչնչացման վտանգը, ավելին` հայ ժողովուրդը նոր խոսք ասաց քաղաքակիրթ ազգերի ընտանիքում: Մեծագույն նվաճումն եղավ զանգվածային ներգաղթի կազմակերպումը եւ սոցիալ-տնտեսական այն պայմանների ստեղծումը, որոնց շնորհիվ վերակերտվեց Արեւելյան Հայաստանը` 600-700 հազար բնակչությունը հասցնելով շուրջ չորս միլիոնի` ժողովրդին պարգեւելով զարգացման ու բարգավաճման նորովի ինքնահաստատման կենսահորդ պայմաններ:
Խորհրդային Հայաստանը հին կարգերից ժառանգություն էր ստացել հետամնաց եւ ծայրահեղ կազմալուծված տնտեսություն: Չէին աշխատում առանց այն էլ սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկությունները, շարունակվում էին պարենային ճգնաժամը, սովը, համաճարակը:
Ծանր էր հանրապետության արդյունաբերության վիճակը: Արտադրանքի թողարկումը 1920 թվականի նոյեմբերին կրճատվել էր 12 անգամ: Ծայրահեղ բարձիթողի վիճակում էր գյուղատնտեսությունը»: Ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի. «Առաջին հնգամյակի տարիներին, երբ խորհրդային բոլոր հանրապետությունները ձեռնամուխ էին
եղել երկրի շենացման գործին, ամբողջ երկիրը վերածվել էր շինարարական հրապարակի: Մեկը մյուսի հետեւից կառուցվում էին գործարաններ ու էլեկտրոկայաններ, քաղաքներ ու գյուղեր: Այս համաժողովրդական խանդավառությունն ու անսահման նվիրվածությունը սոցիալիստական գաղափարախոսությանը կարճ ժամանակամիջոցում մարդկության պատմության մեջ անհավատալի արդյունքներ արձանագրեցին: Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի 600 հազար զավակներ եղբայրական ժողովուրդների հետ մասնակցեցին գերմանական ֆաշիզմի ժանտախտից մարդկությանը փրկելու համար: Իսկ ընդհանուր առմամբ երեք միլիոն կոմունիստներ կրծքով փակեցին ֆաշիզմի ճանապարհը: Հայազգի 175 մարտիկներ արժանացան Խորհդային Միության հերոսի բարձր կոչմանը: Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ ոսկե տառերով են գրված փառապանծ մարշալ Բաղրամյանի, խորհրդային հերոս ծովակալ Իսակովի, մարշալ Բաբաջանյանի եւ մյուս հերոսների անունները:
Խորհրդային տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում հանրապետության փոքր ու միջին քաղաքներում արդյունաբերական նոր ձեռնարկությունների ստեղծմանը, որով եւ կանխվում էր գյուղի աշխատավորների միգրացիան դեպի քաղաք: Նոր ձեռնարկություններ ստեղծվեցին Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Տավուշում եւ այլ վայրերում: Այդ ուղղությամբ հզոր քայլեր էին իրականացվում հանրապետության երկրորդ քաղաքում` Լենինականում, ինչպես նաեւ Կիրովականում, Կապանում, Գորիսում եւ այլուր: Խորհրդային Հայաստանն արտադրում էր 50 հազար տոննա մաքուր պղինձ, 70 հազար տոննա կաուչուկ, ավելի քան չորս տոննա ոսկի: Զգալի աշխատանք կատարվեց նաեւ արդյունաբերության վերականգնման ուղղությամբ: Կարգի բերվեցին եւ սկսեցին աշխատել Երեւանի գինու, կոնյակի «Արարատ» գործարանը, երկու կաշեգործարաններ եւ մի շարք այլ ձեռնարկություններ: 1926 թ. մայիսին շահագործման հանձնվեց հանրապետության առաջին հիդրոկայանը»: Տ. Սարգսյանը ընդգծել է նաեւ, որ 1921թ. օգոստոսի 20-ից 25- ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների առաջին համագումարը: 1922 թ. հունվարի 26-ին իր աշխատանքը սկսեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին համագումարը, որտեղ հաշվետվությամբ հանդես եկավ կենտկոմի քարտուղար Ս.Լուկաշինը: ՌԿ/բ/Կ կոնֆերանսի արդյունքների մասին համագումարում զեկուցումով հանդես եկավ Ա.Մյասնիկյանը. «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, քաջ գիտակցելով գյուղի դերը երկրի տնտեսական զարգացման գործում` ձեռնամուխ եղավ հանրապետության գյուղատնտեսության վիճակի բարելավմանը, փաստորեն հիմնովին վերակառուցելով այն: Այսօր կարծես կրկնվում է դարավոր պատմությունը. գյուղացին պատանդ է դարձել իր սեփական հողի ձեռքին:
Խորհրդային տարիներին հանրապետությունում վիթխարի առաջընթաց ապրեց շինարարությունը, առանձնապես բնակելի շինարարությունը: Եթե մինչեւ 1920 թվականը Երեւանի խարխլված բնակելի ֆոնդը կազմում էր 250 հազար քառակուսի մետր, ապա 80-ական թվականներին այն հասավ շուրջ 14 միլիոն քառակուսի մետրի: Կառուցման հեւքը զգացվում էր ինչպես քաղաքամայր Երեւանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում ու բնակավայրերում:
1924 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց Երեւանի վերակառուցման պլանը, որը կազմել էր Ալեքսանդր Թամանյանը: Այդ տարիներին էլ արագորեն աճում էր կուլտուր-լուսավորական հիմնարկների ցանցը: Բազմահազար տպաքանակով լույս էին տեսնում մի շարք թերթեր ու ամսագրեր: Ստեղծագործական մեծ աշխատանք կատարեցին հայ գրականության անվանի ներկայացուցիչներ Հ. Հակոբյանը, Հ. Թումանյանը, Դ. Դեմիրճյանը, Ս. Զորյանը եւ ուրիշներ: Ժողովրդական տնտեսության վերականգնման տարիներին կապիտալիստական տարբեր երկրներից Սովետական Հայաստան ներգաղթեց 25 հազար հայ:
Ի դեպ, 1920-30-ական թվականներին Հայաստանում ծնվում էր 1,5-2 անգամ ավելի շատ երեխա, քան 20-րդ դարի վերջին: Նույնիսկ հայրենական պատերազմի տարիներին բնական աճը 4 անգամ գերազանցում է 2000-2001 թթ. մակարդակը: 70-80 թթ. Հայաստանում բնական աճը 2-2,5 անգամ գերազանցում էր միութենական ցուցանիշները:
Խելացի կազմակերպված ներգաղթի միջոցով խորհրդային տարիներին մայրաքաղաքի բնակչությունը 1920 թվականին 35 հազարից հասավ շուրջ 1,2 միլիոնի, իսկ հանրապետությանը՝ 750 հազարից շուրջ 4 միլիոնի:
ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի բնակչության կորուստը 2010 թվականին կազմել է մեկ միլիոն մարդ:
Հայաստանում բոլշեւիկներն իշխանության եկան, երբ երկիրը թաղված էր անգրագիտության խավարում, մոլեգնում էին համաճարակները՝ տիֆը, սովը, ամբողջ երկիրը լի էր անօթեւան գաղթականներով, աղքատներով:
Այդ տարիներին գիտության, մշակույթի զարգացման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ էր», - հիշեցնում է կոմունիստների առաջնորդն ու շեշտում. «Ահա այսպիսի անմխիթար վիճակում էր հայ ժողովուրդը, երբ հնչեց հայ ժողովրդի տաղանդավոր զավակ Ալեքսանդր Մյասնիկյանի թեւավոր խոսքը՝ «Արցունքի երկիրը մենք կդարձնենք վարդերի երկիրե: Նրա կոչով Հայաստան եկան Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, կոմպոզիտորներ, բժիշկներ, անվանի դերասաններ, հայ ժողովրդի հանճարեղ շատ զավակներ:
Մեծ Հոկտեմբերի նվաճումներից ոգեւորված՝ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն վերացնում էին անգրագիտությունը: Թե ինչպիսի հսկայական զարգացում ստացավ ժողովրդական կրթությունը, ցույց են տալիս հետեւյալ թվերը. 1914-1915 թթ.-ի ուսումնական տարում Հայաստանում գործում էին 7 միջնակարգ եւ 6 ոչ միջնակարգ դպրոցներ: Շատ կարճ ժամանակամիջոցում երկիրը ձեռնամուխ եղավ դպրոցաշինության աշխատանքներին, եւ արդեն ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին երկրում գործում էր 1600 դպրոց, որտեղ սովորում էին 600 հազարից ավելի պատանիներ ու աղջիկներ: Նրանց ուսուցանում էր 60 հազարանոց ուսուցչական բանակը: Խորհրդային պետությունն իր վրա էր վերցնում մատաղ սերնդի դաստիարակության ամբողջ համակարգի ծախսերը:
Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից Հայաստանում լայն թափ ստացավ բարձրագույն կրթությունը, որը հասանելի էր ժողովրդի բոլոր շերտերի համար: Հանրապետության 13 պետական ԲՈՒՀ-երում անվճար կրթություն էին ստանում 60 հազար ուսանողներ: Յուրաքանչյուր 10 հազար մարդուն ընկնում էր 190 ուսանող, եւ դա այն դեպքում , երբ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը 95 էր, Գերմանիայում՝ 96, Ֆրանսիայում՝ 165, Ճապոնիայում՝ 149:
Ինչպես նշեցինք վերեւում, 20-ական թվականներին երկիրը լցված էր տարաբնույթ հիվանդություններով, բարձր էր մահացության տոկոսը: 1980-90-ականներին Հայաստանի 10 հազար բնակչին ընկնում էր 1,7 անգամ ավելի շատ բժիշկ, քան ԱՄՆ-ում, 2,2 անգամ ավելի, քան Անգլիայում, 5,2 անգամ ավելի, քան Թուրքիայում, 6 անգամ ավելի, քան Իրանում:
Երկրի համար ամենածանր տարիներին՝ Հայրենական պատերազմի ընթացքում հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, որտեղ գիտաշխատողների թիվն անցավ 10 հազարից: Գիտության մեջ լուրջ ավանդ ներդրեցին մեծահռչակ գիտնականներ Վիկտոր Համվարձումյանը, Ալիխանյան եւ Օրբելի եղբայրները, Ն.Սիսակյանը, Ս.Մերգելյանը եւ ուրիշներ:
Խորհրդային Հայաստանում լուրջ զարգացում ստացան մշակույթը, գրականությունը, թատրոնը, կինոն, սպորտը: Աշխարհահռչակ գրողների համբավ վաստակեցին Ա.Իսահակյանը, Ե.Չարենցը, Պ.Սեւակը, Հ.Շիրազը Հ.Սահյանը եւ ուրիշներ: Հիմնվեց եւ շեշտակի առաջընթաց ապրեց հեռուստատեսությունը: Նկարահանվեցին պատմական Հայաստանի եւ հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող մեկ տասնյակից ավելի հայրենասիրական ֆիլմեր` «Դավիթ Բեկ», «Զանգեզուր», «Արշալույսին ընդառաջ», «Երկունք», «Եռանկյունի», «Նահապետ», «Ձորի Միրոն», «Մենք ենք մեր սարերը»:
Իր պատմության մեջ պանծալի էջեր գրեց հայկական օպերային թատրոնը, որտեղ հանդես էին գալիս Հ.Դանիելյանը, Շ.Տալյանը, Գ.Գասպարյանը, Տ.Սազանդարյանը եւ այլ հիանալի դերասաններ:
Թատերական արվեստի պատմության մեջ փայլուն էջեր գրեցին Վ.Փափազյանը, Օ.Գուլազյանը, Հասմիկը, Հ.Ներսիսյանը, Ա.Սիմոնյանը, Մ.Մկրտչյանը, Թ.Սարյանը, Խ.Աբրահամյանը, Կ.Խաչվանքյանը, Բ.Ներսիսյանը, Ս.Սարգսյանը: Հայ ժողովրդի մեծ եղեռնի իրական պատկերն արտացոլեցին Ծ.Աղայանը, Ջ.Կիրակոսյանը, Ս.Կապուտիկյանը, Հ.Շիրազը, Պ.Սեւակը եւ ուրիշներ:
Հայաստանի Խորհրդային Սոցիալիցտական Հանրապետության գերբի վրա Մարտիրոս Սարյանի վրձնով պատկերվեց հայ ժողովրդի բաղձանքը՝ մեր սուրբ Արարատ լեռը, իսկ Արամ Խաչատրյանի հանճարով ստեղծվեց Հայաստանի պետական հիմնը, որն իր բովանդակությամբ, հուզականությամբ ու խրոխտությամբ արտահայտում է Հայաստանի անցյալն ու ներկան:
Խորհրդային Հայաստանում կառուցվեցին Եղեռնի հուշարձանը, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Գայի, Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Սայաթ Նովայի, Կոմիտասի, Սպենդիարյանի, Թումանյանի արձանները, շատ բնակավայրերում հիմնադրվեցին Մեծ եղեռնը հիշեցնող կոթողներ, հուշարձաններ եւ այլն: Հայ կոմկուսի քարտուղարների կողմից բազմիցս բարձրացվեց Ղարաբաղը, Նախիջեւանը Հայաստանին միացնելու հարցը: Հայ կոմունիստները երբեք աչքաթող չեն արել պատմական Հայաստանի խնդիրը»: Եզրափակելով խոսքը` ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ
ՍԱՐԳՍՅԱՆԸ պնդում է. «Այո, պատմական կարճ ժամանակահատվածում հրաշքների երկիր դարձած Հայաստանի բանվոր դասակարգի, գյուղացիության, մտավորականության պայքարը սոցիալիստական շինարարության ամրապնդման գործում ղեկավարեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի ակունքների մոտ կանգնած էին Ա.Շահումյանը, Ա.Խանջյանը, Ա.Մյասնիկյանը, Լուկաշինը, այնուհետեւ Գ. Հարությունյանը, Յ.Զարոբյանը, Ա.Քոչինյանը, Կ.Դեմիրճյանը եւ այդ սերնդի մյուս ներկայացուցիչները:
Ժողովրդի կենսամակարդակը շեշտակի բարձրացավ խորհրդային տարիներին: Եվ հասկանալի էր Ռոքուել Քենտի այն արտահայտությունը, թե «Եթե ուզում եք հրաշքներ տեսնել, եղեք Խորհրդային Հայաստանում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

