ՀԺԱՄ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ «ԱՅՈ»-ԻՆ
Արխիվ 12-16ՀԺԱՄ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ «ԱՅՈ»-ԻՆ
Նոյեմբերի 28-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցության 12-րդ համագումարը, որն ազդարարեց կուսակցության մուտքը «ԱՅՈ»-ի ճամբար: Չնայած դրան` ՀԺԱՄ վարչության նորընտիր նախագահ ԱՐԹՈՒՐ ԼԵՎՈՆՅԱՆՆ անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության երեք նախագահների գործունեության ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, կեղծված ընտրություններին, ինչպես նաև փաստեց երկրում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների գոյության մասին: Օլիգարխիան մատնանշվեց որպես լուրջ խոչընդոտ երկրի զարգացման գործում: Պարոն Լևոնյանը ներկաներին հիշեցրեց, որ շուրջ 15 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը իր ստեղծման օրվանից արժևորել է խորհրդարանական մշակույթը և խրախուսել խորհրդարանական կառավարման մոդելի կիրառումը Հայաստանում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Վերջինս շեշտադրեց կառավարման պառլամենտական ձևին անցնելու արդիականության մասին` հատկապես առանձնացնելով մարդու իրավունքների պաշտպանության բլոկը և կարևորելով անձակենտրոն քաղաքական մշակույթից հրաժարվելու խիստ անհրաժեշտությունը: Պատգամավորն իր խոսքը եզրափակեց ապագայի լավ սպասումներով` հավաստիացնելով, որ դեկտեմբերի 6-ից հետո ապրելու ենք նոր Հայաստանում:
Ելույթներով հանդես եկան նաև ՀԺԱՄ վարչության անդամներ Տ. Եփրեմյանը, Ա. Մանուկյանը և Տ. Գալստյանը: ՏԻԳՐԱՆ ԵՓՐԵՄՅԱՆԸ նշեց, որ ներկա պայմաններում անհնար է հասնել իրական ժողովրդավարության` մեծապես կարևորելով համակարգային բարեփոխումների դերը: ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ իր խոսքում կարևորեց դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումներին կողմ քվեարկելը` բարձրաձայնելով նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունները ազգային հարստության վերաբաշխման հետ կապված: ՏԻԳՐԱՆ
ԳԱԼՍՏՅԱՆԸ մատնանշեց ՀԺԱՄ կուսակցության համագործակցային մարտավարությունը` նշելով այն մասին, որ ներկայիս քաղաքական դաշտում մրցակցային ցանկացած ծրագիր դատապարտված է տապալման և ավելի խրախուսելի է խորհրդային կամ կոլեկտիվ կառավարումը, որն էլ որոշակիորեն արտացոլված է նոր Սահմանադրությունում:
Համագումարի վերջում ՀԺԱՄ խորհրդի նախագահ ԱՇՈՏ ԱՎԱԼՅԱՆԸ ներկայացրեց ՀԺԱՄ քաղաքական հայտարարությունը. «ՀԺԱՄ կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից բարձրաձայնել է կառավարման պառլամենտական համակարգի առավելությունների մասին: Պառլամենտարիզմն ընկած է ՀԺԱՄ կուսակցության քաղաքական սկզբունքների հիմքում: Հայաստանի ապագան համագործակցային ժողովրդավարությունն է: Վերջինիս հիմքերն են կառավարման պառլամենտական համակարգն ու պառլամենտական մշակույթը: ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարում է` Կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

