«ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐՆ ԵՆ»
Արխիվ 12-16«ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐՆ ԵՆ»
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեղերի թանկացման մասին լուրերը անհիմն են: Ավելին` նախարարի խոսքով` առավել մեծ օգտագործում եւ, բնականաբար, ներմուծում ունեցող դեղերի 60 տոկոսի գները չեն փոխվել, իսկ 34 տոկոսի գներն էլ նկատելիորեն` էժանացել են 30 տոկոսով: Եվ միայն մի փոքր մասի դեպքում է, որ կա թանկացում, այն էլ՝ չնչին չափով՝ մինչեւ 3 տոկոսով:
Չնայած նախարարը խոստացավ անգամ համապատասխան ցանկերը տրամադրել, բայց մեկ է՝ հանրության շրջանում շարունակում են դժգոհությունները, որ դեղատներում թանկացել է հենց այդ՝ առաջին անհրաժեշտության դեղորայքը: Օրինակ. «Երկու օր առաջ դեղատնից գնել եմ վալիդոլի հաբեր` 240 դրամով, այն դեպքում, երբ ամիսներ առաջ այդ գինը ընդամենը 100 դրամ էր, ճնշման դեղերն էլ են թանկացել»,- մեզ հետ զրույցում ասաց մեր ընթերցողներից մեկը: Այս օրինակը եզակի չէ, եւ այս հակասությունը փորձեցինք պարզել Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ ՎԱՐԴՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:
- Խնդրում ենք պարզաբանել, թե ինչո՞վ եք պայմանավորում դեղերի թանկացման մասին խոսակցություններն այն դեպքում, երբ նախարարը օրեր առաջ հայտարարեց, որ դեղերի գների նվազում է նկատվում:
- Տեսեք, Հայաստանում գրանցված է շուրջ չորս հազար հինգ հարյուր անվանում դեղ: Նախարարի հայտարարությունում խոսքը ընդամենը հիսուն անվանման մասին է: Այսինքն՝ նախարարության կողմից մշտադիտարկում է իրականացվել առավել լայն, ամենամեծ սպառում ունեցող (հիմք` ներմուծման ծավալները) հիսուն անվանում դեղերի (ցավազրկողներ, ոչ հորմոնային հակաբիոտիկներ, լայն սպեկտրի հակաբիոտիկներ, սրտային, հորմոնային, անոթային, հակադիաբետիկ, վիտամիններ եւ հակասնկային) մանրածախ գների նկատմամբ: Այդ ցանկում ընդգրկված 30 անվանում (60 տոկոս) դեղերի գները մնացել են անփոփոխ, 17 անվանում (34 տոկոս) դեղերի գները նվազել են մինչեւ 30 տոկոս, 3 անվանում (6 տոկոս) դեղերի գները բարձրացել են մինչեւ 3 տոկոս: Կան կազմակերպություններ, որոնք մարտ ամսից իրենց դեղերի գները իջեցրել են եւ համապատասխանեցրել Ռուսաստանի Դաշնության շուկայական գներին. դեղեր կան, որ էժանացել են մինչեւ 50 տոկոսով, դեղեր կան` 30, եւ միջին հաշվարկով՝ գները իջել են մինչեւ 35 տոկոսով: Բացի այդ՝ շարունակական աշխատանքներ են տարվում մնացած կազմակերպությունների հետ, որպեսզի դեղերի գները համապատասխանեցնենք ՌԴ-ի գներին:
- Եթե որոշ կազմակերպություններ, ինչպես որ ասում եք, կարողանում են իջեցնել դեղերի գները, ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ մնացածները բարձրացնում են, եւ հենց առաջին անհրաժեշտության դեղերի: Օրինակ՝ վալիդոլի հաբերը 100 դրամից դարձել է 240 դրամ:
- Անկեղծ ասած՝ Ձեր նշած դեղի վերաբերյալ մշտադիտարկում չունենք ¥զարմանալի է- հեղ.¤, անպայման կուսումնասիրենք եւ Ձեզ հավելյալ կտեղեկացնենք: Դա է պատճառը, որ ի սկզբանե էլ նշեցի, որ ՀՀ-ում գրանցված է շուրջ 4500 անվանում, բայց մշտադիտարկումը արվել է 50 անուն դեղորայքի հաշվարկով: Բայց մենք շարունակելու ենք մեր մշտադիտարկումները, նախարարը ամեն ամսվա ուրբաթ օրերին հանդիպում է դեղարտադրողներ եւ ներկրողների հետ, եւ մեր առջեւ դրված առաջնային խնդիրը դեղերի գներն են: Ավելին՝ այն դեղերը, որոնց արժեքը նվազել է, պայմանավորված է տվյալ կազմակերպությունների հետ մեր համագործակցությամբ: Նախարարի հորդորով ընկերություններն ուսումնասիրում են իրենց գնագոյացումը եւ աշխատանքներ են իրականացնում արտադրողների հետ, որպեսզի գներն իջեցնեն: Մենք անպայման կվերանայենք բոլոր դեղերի գները, եւ Ձեզ ավելի հավաստի փաստեր կներկայացնենք:
- Իսկ ո՞ր դեղերի գներն են նվազել:
- Օրինակ` «Պրեդուկտալը» 6150 դրամից դարձել է 5600, «Հեպտրալը» 26200 դրամից դարձել է 24000, երեխաների համար «Նուրոֆենի» գինը եւս իջել է` 3200-ից դարձել է 2900 դրամ, «Նեպիլեդը» 5530 դրամից դարձել է 3800 եւ այլն:
- Ամեն դեպքում փաստ է, որ կան դեղեր էլ, որոնք թանկացել են: Ինչո՞վ եք դա պայմանավորում, չէ՞ որ այս տարի դոլար-դրամ փոփոխություն էլ գրեթե չկա, որ դրա հետ կապվեր:
- Ընդհանրապես՝ մեր հանրությունն անընդհատ համեմատում է հայաստանյան եւ ռուսական դեղերի գները: Բայց պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ի շուկան անհամեմատ մեծ է եւ, բնականաբար, դեղերի շատ ավելի մեծ շրջանառություն ունի: Այդ իսկ պատճառով արտադրող կազմակերպությունները ՌԴ-ին այլ զեղչային համակարգով են տալիս դեղեր, քան՝ Հայաստանին: Պետք է չմոռանանք նաեւ, որ եթե ավելացված արժեքի հարկը ՌԴ-ում 10 տոկոս է, ապա Հայաստանում 20 տոկոս է, իսկ Վրաստանում առհասարակ բացակայում է: Ամեն դեպքում՝ մենք մարտ ամսից տենդենց ունենք, որ մեզ մոտ ներկայացուցչությունները, արտադրողները, ովքեր ուզում են մեր շուկայում կայուն մնալ` համագործակցելով մեզ հետ, լսելով նախարարի հորդորը, իրենք էլ են աշխատանքներ իրականացնում, որպեսզի դեղերի գները մեր շուկայում եւս նվազեն, ըստ այդմ էլ` բնակչությունը ապահովված լինի արդյունավետ, անվտանգ, որակյալ եւ մատչելի գներով դեղորայքով: Չմոռանանք, որ ՌԴ-ում կան դեղերի գների կարգավորման մեխանիզմներ, Հայաստանում դեռեւս դա չկա, բայց նոր օրենքով այդ դրույթը նախատեսված է. նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, սպասում ենք ընդունման, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեր բնակչությանը ապահովել որակյալ եւ արդյունավետ ու մատչելի դեղերով:
Այսքանով հանդերձ՝ մեկ բան փաստենք: Եթե որոշ ընկերություններ գները նվազեցնում են մինչեւ իսկ 30 տոկոսով, ապա հաստատ նրանք այդ կերպ չեն մտնում վնասով աշխատելու դաշտ. հակառակ դեպքում՝ տվյալ բիզնեսն իմաստ չէր ունենա: Եվ մյուսները, ովքեր գները չեն իջեցնում, առնվազն այդ 30 տոկոսի չափով հավելյալ շահույթ կստանան: Կոպիտ հաշվով՝ դեղի գնի մի 50 տոկոսը գրպաններն են դնում, ինչը ոչ թե պարզապես գերշահույթ, այլ՝ ամենասովորական թալանն է: Դրանց դեմն առնել, միգուցե, նաեւ օրենք փոխելով է պետք, բայց այլ տարբերակներ էլ կան: Օրինակ՝ բավական կլինի նման ընկերություններին պետական ամեն մի գնումներից դուրս թողնել, որ մտքները փոխեն եւ մտածեն համեմատաբար համեստ շահույթով աշխատելու մասին... Բայց դեռ հուսանք, որ գները համընդհանուր էժանացման մասին նախարարության այս խոստումները կյանքի կկոչվեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
