ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ ՕՐԱԿԱՆ ՍՏԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԻՆԸ 100 ԶԱՆԳ
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ ՕՐԱԿԱՆ ՍՏԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԻՆԸ 100 ԶԱՆԳ
Օրերս բացվել է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրային իրազեկման կենտրոնը, որը Հայաստանի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների նախաձեռնության արդյունքն է: Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների ծավալը, եւ դրա վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության դեռեւս ոչ բավարար մակարդակը, որը կխոչընդոտի նրանց հանրաքվեին մասնակցելուն, իրավաբան ուսանողները նպատակ են հետապնդում մասնագիտական խորհրդատվության արդյունքում` բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքներում ընդգրկված են մոտավորապես 60 ուսանողներ, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով:
Կենտրոնի 80-20 անվճար հեռախոսահամարով օրական ստացվում է միջինը 100 զանգ, որի արդյունքում քաղաքացիներին տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն:
- Նախ, պետք է նշեմ, որ որպես իրավաբաններ` մեր մասնագիտական պարտքն ենք համարում անվճար եւ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր երկրի քաղաքացիներին, ինչը կնպաստի նրանց ընտրական իրավունքի լիարժեք իրականացմանը,- «Իրավունքի» հետ հարցազրույցում ասաց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկման կենտրոնի նախաձեռնող խմբի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
- Քաղաքացիների ո՞ր հատվածն է առավել շատ հետաքրքրված սահմանադրական փոփոխություններով:
- Մեր կենտրոն զանգահարում են տարբեր տարիքային պատկանելիություն եւ զբաղվածություն ունեցող անձինք, ինչպես մարզերից, այնպես էլ Երեւանից: Եթե առանձնացնելու լինենք, ապա կարող եմ նշել, որ հիմնական տարիքային խումբը տատանվում է 20-45 տարեկան անձանց միջեւ:
- Ո՞րն է կենտրոնին ամենահաճախ տրվող հարցը:
- Երեւի թե կառվարման ձեւի փոփոխությանը եւ դրանից բխող իրավական հետեւանքներին վերաբերող հարցերն են:
- Ձեր կարծիքով, որո՞նք են նախագծով ամրագրված կարեւորագույն իրավունքներն ու ազատությունները:
- Թերեւս, որպես իրավական նորամուծություն, կցանկանայի առանձնացնել քաղաքացիներին տրված օրենսդրական նախաձեռնության իրավունքը: Ինչ խոսք, սա կարելի է համարել ինչպես ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարեւորագույն քայլ, այնպես էլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման սահմանադրական գործիք:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
