«ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԵՄ ԻՆՁ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ ԼՑՐԵԼ` ՓՈՐՁԵԼՈՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՏԱԼ»
Արխիվ 12-16«ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԵՄ ԻՆՁ ՎՐԱ ԲԵՆԶԻՆ ԼՑՐԵԼ` ՓՈՐՁԵԼՈՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՏԱԼ»
Վերջին օրերի աղմկոտ պատմություններից մեկն էլ նոյեմբերի 10-ին Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 40-ամյա Լուսինե Սիմոնյանի ինքնահրկիզման փորձն էր: Դեպքն էլ ավելի սարսափազդու տեսք ուներ, հաշվի առնելով, որ Լուսինեի հետ էին նրա երկու մանկահասակ երեխաները: Առավել եւս, որ սա ամենեւին էլ կնոջ ինքնասպանության առաջին փորձը չէր, եւ եթե խնդիրը չլուծվի, ապա ոչ մեկը չի կարող ասել, որ էլի փորձեր չեն լինի:
Թե ինչու է Լուսինեն այսպես համառորեն փորձում կյանքից հրաժարվել, երկու հիմնական վարկած կա: Առաջինը, որ նա հոգեկան խնդիրներ ունի, ինչը պարբերաբար գլուխ է բարձրացնում: Երկրորդը, որ կինը չլուծված հարցեր ունի իրավապահների հետ, եւ որ իրականում ոչ թե կյանքից է փորձում հրաժարվել, այլ իր խնդրի վրա ուշադրություն է ուզում գրավել. հակառակ դեպքում` ինչպե՞ս կարող է երեք չստացված ինքնասպանության փորձ անել: Ուրեմն՝ ո՞րն է իրականությունը:
«ԼՈՒՍԻՆԵՆ ԱԴԵԿՎԱՏ, ՆՈՐՄԱԼ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿԻՆ Է»
Հոգեկան խնդիրներ ունենալու վարկածի հետ կապված` մեզ հետ զրույցում Երեւանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի ¥այստեղ Լուսինեն աշխատում է որպես հավաքարար¤ տնօրեն ՊԱՐՈՒՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ նկատեց.
- Լուսինեն մեզ մոտ կես դրույքով աշխատում է ամառվանից: Շատ պարտաճանաչ աշխատակցուհի է: Երբեւէ նրա մոտ ակնհայտ արտահայտված ագրեսիա չենք նկատել: Ընդհակառակը` Լուսինեն ադեկվատ, նորմալ, արժանապատիվ կին է: Նա մանկատան սան է եղել, ունի երկու քույր: Դեպքի օրն էլ սովորականի պես եկել է աշխատանքի, բայց թե ինչն է նրան դրդել նման քայլի, չեմ կարող ասել:
Լուսինեի պատմությունը շատ ավելի հանգամանորեն ներկայացրերց նրա քույրը` Ն. ՍԻՄՈՆՅԱՆԸ:
- Լուսինեն ժամանակին Երեւանում գտնվող իր բնակարանը վարձով էր տվել նորապսակ մի ընտանիքի, իսկ ինքն իր նորածին երեխաների հետ տեղափոխվել հանրակացարանում ապրելու: Տունը վարձով տալու պատճառն էլ այն էր, որ նա մենակ էր, չէր կարողանում հա՛մ աշխատեր, հա՛մ երեխաներին խնամել, իսկ հանրակացարանում գոնե երեխաները մենակ չէին լինի: Հետո էլ` տան վարձակալությունից ստացած գումարը ապրուստի միջոց էր քրոջս համար. Լուսինեն աշխատավարձից ու նպաստից բացի, ուրիշ եկամուտ չուներ:
Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Քույրս իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:
Էդ վերջին դեպքի օրն էլ, Լուսինեն գնացել էր Քննչական կոմիտե` Աղվան Հովսեփյանի հետ հանդիպելու:
«ԿԳՆԱՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԿԿԱԽՎԵՄ»
Իսկ թե ինչպես է ավարտվել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ հանդիպումը, եւ ի՞նչն է դրդել կնոջն այդ քայլին, մեզ պատմեց ինքնահրկիզման միջոցով ինքնասպանության փորձ կատարած Լուսինեն: Այն, ինչ նա պնդում է, թերեւս, այս պատմության ամենավտանգավոր պահն է. չի փոշմանել իր համար եւ սպառնում է, որ եթե իր ունեցածն իրեն հետ չվերադարձնեն, կրկին կդիմի նույն քայլին.
- Նախ նշեմ, որ ես հոգեկան խնդիրներ չունեմ, ինչպես որ գրում են: Ես ամեն ինչ արել եմ գիտակցաբար: Ես գիտակցաբար եմ ինձ վրա բենզին լցրել` փորձելով կյանքիս վերջ տալ: Արել եմ ու չեմ փոշմանել:
- Ո՞րն էր Ձեր այդ քայլի պատճառը:
- 2014 թ.-ին իմ տունը տնվորները թալանեցին, բայց մինչ օրս այդ գործը իրավապահ մարմինները չեն ուզում բացահայտել: Իսկ էդ օրն էլ հունից դուրս եկա, որովհետեւ երբ գնացի Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման, նախ` ինքը ինձ չընդունեց, ապա` ինձ ուղարկեցին Քննչական կոմիտեի աշխատակիցներից ոմն Կարապետյանի մոտ: Նա լսելով պատմությունս` կիսածաղրական տոնով ասաց. «Ազիզ ջան, տունդ, ապրանքդ վարձով չտայիր, հիմա էլ չգայիր այստեղ: Ո՞վ էր քեզ խնդրում՝ տայիր»: Ու ոչ մի հստակ բան: Էդպես հուզված, ջղայնացած դուրս եկա, գնացի մոտակա բենզալցակայանից բենզին գնեցի` լցրեցի վրաս ու վառեցի: Երեխեքիս ես հեռու էի տարել, որ չտեսնեին, թե ոնց է իրենց մաման, անարդարության դեմ այլեւս չկարողանալով պայքարել, ինքնասպան լինում: Սուտ է, այն էլ անբարո սուտ, թե ես ուզեցել եմ երեխեքիս էլ վառել: Ինձ հունից հանեց քննչական կոմիտեի աշխատակիցների արհամարհական վերաբերմունքը: Ես ասել եմ ու էլի կասեմ` մինչեւ իրավապահները ինձ չօգնեն վերադարձնել ինձանից հափշտակած ոսկեղենը, ապրանքներն ու գումարը, ես չեմ հանգստանա: Ու վստահաբար հայտարարում եմ, որ նորից ինքնասպանության փորձ կանեմ. կգնամ, հենց Քննչական կոմիտեի շենքի մոտ կկախվեմ, ու էս անգամ էլ չեն կարող ինձ փրկել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
