«ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ԿՆՈՋ ԴԵՐՆ ԱՅԼ ԷՐ»
Արխիվ 12-16«ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ԿՆՈՋ ԴԵՐՆ ԱՅԼ ԷՐ»
Նոյեմբերի 3-7-ը կայացած «Կին» միջազգային 12-րդ կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը եւ դերը հասարակության մեջ: «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆՆ ասաց, որ կինոյի միջոցով ցանկանում են լուսաբանել նրա խնդիրները, ձեւավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաեւ` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
«ՈՐ ՄԵՐ ԿԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԴՐՍՈՒՄ»
-Փառատոնում ներկայացված ֆիլմերում կինը ոչ թե թեման է, այլ` հեղինակը: Մեզ համար
կարեւոր է ոչ միայն խոսել կնոջ խնդիրների մասին, այլ ունենալ կնոջ տեսակետը` հասարակության մեջ: Կարեւոր է, որ կինը կարողանա արտահայտվել, այս առումով փառատոնը հարթակ է, որտեղ կարող ենք լսել կնոջ ձայնը: Նպատակներից մեկն այն է, որ մեր կին ռեժիսորները կարողանան ներկայանալ նաեւ դրսում: Անցյալ տարվա մեր ֆիլմերից ցուցադրվեցին կանադական կանանց ֆիլմերի փառատոնում, Ստամբուլի, նույնիսկ` Ճապոնիայի կանանց փառատոներում: Բացի այդ` այլազգի կին ռեժիսորները, որոնք ծանոթ չեն մեր տարածաշրջանին, իրենց համար բացահայտեցին նոր երկիր, նոր մշակույթ: Հուսով եմ` մեր ժյուրիի ճապոնացի անդամը, որը Ճապոնիայում ունի փոքրիկ փառատոն, իր հետ կտանի որոշ ֆիլմեր ու կցուցադրի, այսինքն` ճապոնացիները կծանոթանան մեր մշակույթին, մի փոքր ավելին կիմանան մեր մասին:
«ԴԱ ՄԻ ՔԻՉ ԱՅԼ ԽՆԴԻՐ Է»
-Այսօր կնոջ կերպարը շատ է աղավաղվել, կանայք ներկայանում են ֆեմինիստուհիների կամ մեկ այլ կերպարով: Ուշադրություն դարձնո՞ւմ եք ֆիլմերի բովանդակությանը:
- Եթե չլիներ ֆեմինիզմը, այսօր մեր կանայք հնարավորություն չէին ունենա դպրոցում սովորելու, աշխատելու, ընտրելու իրավունք չէին ունենա: Այն բոլոր «բարիքները», որից այսօր մեր կանայք օգտվում են, հենց ֆեմինիստական շարժման արդյուքն է: Ցավոք` մեզ մոտ կա այդ աղավաղված պատկերացումը, թե ֆեմինիզմը վատ բան է: Նույնիսկ` որոշակի բարձունքի հասած կինը` կին քաղաքական գործիչը կամ ինչ-որ հիմնարկի տնօրենն ասում է` ես ֆեմինիստ չեմ: Բայց, կներեք, ինչպե՞ս կարող է ֆեմինիստ չլինել, եթե նա օգտվում է ֆեմինիստական շարժման արդյունքի «բարիքներից»: Իսկ եթե խոսքը սեռական փոքրամասնությունների մասին ապա տղամարդկանց մեջ նույնպես կան սեռական փոքրամասնություններ, դա մի քիչ այլ խնդիր է:
«ՈՉ ՈՔ ՀԱՏՈՒԿ ՆՄԱՆ ՖԻԼՄ ՉԻ ԲԵՐՈՒՄ»
- Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերն ընտրելիս հաշվի առնո՞ւմ եք, որ գենդերային թեմաներ կամ էլ սեռափոխվելու մասին պատմող ֆիլմեր չլինեն, հաճախ փառատոների ժամանակ նման ֆիլմեր «սողոսկում» են:
- Ոչ ոք հատուկ նման ֆիլմ չի բերում: Դիմում են մեր փառատոնին, ուղարկում են իրենց ֆիլմերը, մենք էլ ընտրում ենք, թե որն է հարմար, որը` ոչ: Առաջին հերթին առաջնորդվում ենք ֆիլմի որակի չափանիշներով, որպեսզի այն լինի արվեստի գործ, հետաքրքիր ու արդիական աշխատանք: Բնականաբար, քանի որ հեղինակները կանայք են` հաճախ նաեւ անդրադառնում են կանանց խնդիրներին:
- Իսկ գենդերային թեմաներով ֆիլմե՞ր:
- Ինչ է նշանակում գենդերային թեմա:
- Ասենք` սեռափոխված կանանց մասին ֆիլմեր:
- Ցավոք, հաճախ հենց լրագրողները ճիշտ չեն հասկանում, թե ինչ է նշանակում գենդեր կամ գենդերային հետազոտություններ, եւ այդ ամենը մատուցվում է աղավաղված ձեւով: Եթե խոսում ենք գենդերային հետազոտություններից` ապա խոսքը սոցիալական դերի մասին է: Հասարակության մեջ կա ֆիզիկական սեռ եւ մյուս դեպքում` սոցիալական դեր, որը ըստ հասարակության, կինը պետք է լինի այսպիսին, տղամարդը` այնպիսին: Այդ դերերը ժամանակի ընթացքում փոփոխվում են` ընդամենը դարասկզբին կնոջ դերն այլ էր, նա իրավունք չուներ նույնիսկ նստել սեղանի շուրջ` տղամարդու կողքին, էլ չեմ ասում, որ բերանը փակ էր ման գալիս եւ իրավունք չուներ խոսել իր սկեսրայրի հետ, եւ դա նորմալ էր համարվում: Ա՛յ, դրանք էին գերնդերային դերերը: Այսօր ունենք ահռելի փոփոխություն` աղջիկները տղաների հետ նույն դպրոցում են սովորում` դերերի մեջ մտան որոշակի փոփոխություններ: Գենդերն ավելի շատ գիտական ուսումնասիրություն է, իսկ ֆեմինիզմը` կան մի քանի ալիքներ, որոնցից առաջինը սկսվել է Անգլիայից, երբ ապահովված խավի կանայք պայքարում էին ընտրելու իրավունքի համար, արդյո՞ք վատ բան կա, որ կինն իրավունք ունի ընտրելու:
«ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ ՍԵՌԱՓՈԽՎԵԼԸ»
- Վատ բան չկա, բայց մեզ հետաքրքրում է, արդյո՞ք փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերում կան այնպիսիները, որոնք պատմում են սեռափոխված կանանց մասին, փառատոների ժամանակ նման բաներ պատահում են:
- Մեր փառատոնում չի եղել նման ֆիլմ, բայց ասեմ` այդքան էլ հեշտ բան չէ սեռափոխվելը: Ուրեմն, մարդն ունի ինչ-որ ներքին խնդիր, եւ գտնում է, որ սեռափոխվելով` կլուծի այդ խնդիրը: Ծիծաղելի է մտածել, որ եթե հանկարծ այսօր անվճար լինի սեռափոխումը, բոլորը կվազեն ու կփոխեն իրենց սեռը:
- Հասկանալի է` բարդ է, բայց դա նորմալ չէ: Իսկ այդ մասին ֆիլմ ցուցադրելով` պրոպագանդվում է դա:
- Ամեն մեկի համար նորմալը տարբեր է: Չի կարող պրոպագանդվել, այն բավականին թանկ եւ բարդ վիրահատություն է` ատամ քաշել չէ եւ, կարելի է ասել, դեռ գտնվում է էքսպերիմենտի մակարդակի: Դա հաճախ կապված է հոգեբանական խնդիրների հետ, չեմ կարող ինձ իրավունք վերապահել ու ինչ-որ մեկին մեղադրել սեռափոխվելու համար, դա այդ մարդու ընտրությունն է, որը շատ բարդ է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Այնուամենայնիվ, խուսափողական պատասխաններից այդպես էլ անորոշ մնաց, թե ինչպես են ընտրվում «Կին» փառատոնում ցուցադրվող ֆիլմերն իրենց բովանդակություններով եւ ինչ չափորոշիչներով է առաջնորդվում փառատոնի տնօրենը: Ամեն դեպքում` չշտապենք շնորհակալություն հայտնել ֆեմինիստուհիներին, այլ փորձենք մտաբերել հայոց պատմության մեջ նշանակալի դեր ունեցող կանանց, ովքեր ոչ թե փորձում էին գերազանցել ամուսիններին, այլ թեւ ու թիկունք դառնալով` բարձրացնում էին նրանց, իրենք էլ մնում իրենց կանացի բարձունքում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
