«ՕԴԻՑ ՓՈՂ» ԲԵՐՈՂ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԸ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԳՏՆԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ
Արխիվ 12-16«ՕԴԻՑ ՓՈՂ» ԲԵՐՈՂ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԸ ՔԱՂԱՔՈՒՄ
ԿԳՏՆԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ
Պարզվում է, որ ժամանակակից աշխարհում փողոցների մայթերին տեղադրված վճարային տերմնալները բացօթյա առևտրի մասնակից են: Ամենազավեշտալին սակայն այն է, որ այդ թանկարժեք ագրեգատները կարող են նաև ապօրինաբար հայտնվել մայթերին:
Շատերն էլ գիտեն, որ բավականին արժեք ունեցող այդ տերմինալները օդից չեն իջնում ու մայթերի վրա հանգրվանում: Բայց, այնուամենայնիվ, ստացվում է, որ դրանց ապօրինին էլ է լինում: Այսինքն՝ օդից ընկնում են այս կամ այն ճանապարհին ու սկսում ինքնատեղադրվել ու ինքնաաշխատել:
Ինչ խոսք հետաքրքիր սցենար կարող էր լինել, անունն էլ «Օդից փող», բայց քանի որ մենք բավականին զգոն քաղաքապետարան ունենք, ուստի աշխատակիցները նախորդ շաբաթ արձանագրել են նման բացօթյա «ապօրինի» առևտրի կազմակերպման 4 դեպք և աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին զեկուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ տեղեկանալով այդ «ապօրինության» մասին, հանձնարարել է գույքագրել և խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքի փողոցների մայթերին առկա վճարային տերմինալների տեղադրման վայրերի նկատմամբ:
«Այս մասով լուրջ անելիք կա, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում տեղադրված են մայթերի այնպիսի հատվածներում, որ ակնհայտորեն խոչընդոտում են մեր համաքաղաքացիների անցուդարձին: Սա անթույլատրելի է, ըստ այդմ գույքագրեք ու համապատասխան քայլեր ձեռնարկեք դրանք մայթերի բանուկ հատվածներից տեղափոխելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես հետևեք, որ տեղադրվող այդ սարքավորումներն այսուհետ չհայտնվեն մայթերի բանուկ հատվածներում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Արդեն մի քանի տարի է այդ տերմինալներից բացի Երևանի մայթերին ու հատկապես կանգառներում անդիզայն ու անդուր երկաթից պատրաստված ծանր ու անիմաստ վահանակներ կոչվող սարքեր էլ են տեղադրված: Դրանք իբրև թե պետք է որ ավտոբուսների և երթուղայինների սպասարկման ժամերն ու այլ տեղեկություններ հաղորդեին մարդկանց, ինչպես քաղաքակիրթ երկներում է: Ինչպե՞ս է ստացվել, որ մարդկանց պիտանի ապարատները, որոնք բավականին օգնում են ժամանակ և նյարդեր խնայել կարող է ապօրինի լինել, իսկ տարիներով անիմաստ կանգնեցրած այն սև արկղերը՝ ոչ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
