Զարմացած
Արխիվ 12-16
ՀԱԿ-ում գնալով զարմանալիորեն ավելի ու ավելի են հակվում փիլիսոփայելուն: Այդ հակումը չշրջանցեց եւ ամենաօգտապաշտ եւ պրագմատիկ ՀԱԿ-իստներից մեկին` նախկին զինդատախազ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ. «Հայերը միշտ, ամեն տեղ ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Մի բան որ լսում են, ուզում են առաջինն իրենք լինեն»: Այ, դա այն դեպքն է, երբ ասվածը կտրականապես սխալ է: Օրինակ, նրա հարազատ կուսակցությունում` ՀԱԿ-ում, եթե ավելի կաթոլիկ լինեին, քան իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, այնպիսի գործում, ինչպիսին է հեղափոխական ճանապարհով «ավազակապետության կազմաքաանդումը», ապա փողոցային անկարգությունների հետեւանքով ՀԱԿ խմբակցությունից բան մնացած չէր լինի, քանզի գլխավոր դատախազը վաղուց եկած կլիներ ԱԺ ՀԱԿ-ի «հեղափոխական» պատգամավորների ետեւից: Բայց, ինչպես կյանքը ցույց է տալիս, ամենեւին էլ այդպես չէ:
Ի դեպ, նման է, որ նույն ՀԱԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ դեկտեմբերի 6-ով կյանքը չի ավարտվում, զորօրինակ` հրապարակախոս ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ. «Այս պայմաններում ընդդիմությունը, անհրաժեշտաբար դիմադրելով սահմանադրական փոփոխություններին, չպետք է միաժամանակ տարվի «վերջին ճակատամարտի» հոգեբանությամբ, չպետք է շփոթի սահմանադրական փոփոխությունների ընդունումը բուն «մեծ պլանի» վերջնական իրականացման հետ, այլ գիտակցի, որ տեղի ունեցողը ոչ թե ավարտի, այլ ընդամենը նոր մեկնարկի սկիզբ կարող է լինել: Տարբերակները շատ կարող են լինել` գրեթե պարտիզանական, այլախոհականին մոտ ձեւաչափերից մինչեւ նոր լայն համախմբումներ»: Իսկ թե ինչ «մեծ պլանի» մասին է նա խոսում, ապա քանզի ՀԱԿ-իստ է, չի կարող իշխանությանը չմեղադրել ահավոր դավադրության մեջ: Եվ որո՞նք են այդ «դավադրության» բաղադրիչները: Առաջինը` որ վերացվում է երկիրը մշտապես ցնցումների տանող նախագահական ընտրությունների ինստիտուտը: Երկրորդը` որ սահմանադրական բարեփոխումը նպաստելու է «առաջնորդ գումարած զանգված» սխեմայից հրաժարվելուն եւ կայացած կուսակցությունների տարբերակին անցնելուն, իսկ երրորդը ամենազարմանալին է` ՀԱԿ-իստները վատ են համարում, որ ներդրվելու է «Եթե փող ունես, դա դեռ չի նշանակում, որ կարող ես քաղաքականությամբ զբաղվել» սկզբունքը: Այ, երբեք չէի պատկերացնի, որ կգտնվի ընդդիմադիր մեկը, ով կպաշտպանի օլիգարխների` քաղաքական դաշտ խցկվելու սկզբունքը ու մականունավոր պատգամավորներին հրաժեշտ տալը տխրությամբ կընդունի:
Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն փիլիսոփայելու հակումով ՀԱԿ-ից վարակվել է եւ «Նոր Հայաստանի» «փրկիչների» շտաբի պետ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ. «Մեր ժողովուրդը պատրաստ չէ մարաթոնի, մեր ժողովուրդը պատրաստ է սպրինտի, նրա բնույթն է այդպիսին: Դեկտեմբերի 1-ից կարելի է հավանական պոռթկումը սպասել»: Զարմանալի է, ի՞նչ սպրինտ: Ախր, նույն «Հիմնադիր խորհրդարանի» սպրինտը տեսել ենք, թե ինչպես էին պատրաստվում ունենալ «100-ամյակն առանց ռեժիմի»: Նույն սպրինտային տեմպով կարելի է հասնել եւ «200-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի, իսկ ինչ վերաբերում է մարաթոնին, ապա թող պարոն Սէֆիլյանը գոնե երբեմն Հայոց պատմություն կարդա, տեսնելու համար, թե պատմական մարաթոնում քանի-քանի ազգեր, ի տարբերություն հայերի, «դիստանցիայից» դուրս են թռել:
Եվ վերջապես լավ, թեեւ ինչ-որ տեղ զարմանալի լուր է հաղորդել քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Խոսքը վերաբերում է Կրկեսի շենքին. «Դա բավական բարդ շինարարություն է: Այն տեխնոլոգիապես շատ բարդ է: Շինարարությունն այս պահին ընթանում է: Շինարարությունն իրականացվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով եւ, իմ տվյալներով, դա պետք է ավարտվի 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին»: Դե ինչ, իսկական Կրկեսը պատրաստ կլինի հենց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այսինքն` ճիշտ ժամանակին, ու թերեւս կխորհրդանշի մեր երկրում քաղաքական կրկեսի ավարտը: Թե չէ մեր ժողովուրդն արդեն շատ է հոգնել քաղաքական ծաղրածուներից եւ կարոտ մնացել բարի, ծիծաղաշարժ, լավ տրամադրություն բերող իսկական կրակեսային ծաղրածուների:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
