ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Վերջին շրջանում արեւմտյան հովանավորությամբ ստեղծված գրանտակեր կազմակերպությունները առանձնահատուկ աշխուժություն են դրսեւորում համասեռամոլության քարոզչության առումով, ինչպես նաեւ ակնհայտ ոտնձգություններ ցուցաբերում ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Դրսից սնվող հասարակական մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Կանանց Աջակցման Կենտրոնը, «Նոր Սերունդը», Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների» կազմակերպութունը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ այլն, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որով քննադատում են Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարության պատրաստակամությունը հեռուստատեսությամբ Հայ Առաքելական եկեղեցու գործունեության լուսաբանմանն ու պատմությանը նվիրված հոգեւոր հաղորդումներ հեռարձակելու հարցում: Բանն այն է, որ դեռ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվության ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր Հանրային հեռուստաընկերությամբ կրոնական հաղորդումներ հեռարձակել՝ քաղաքացիների հոգեւոր դաստիարակության, ինչպես նաեւ աղանդավորական կազմակերպությունների վարած ագրեսիվ քարոզչության դեմ պայքարելու նպատակով: Առաջարկը հավանության էր արժանացել խորհրդի նախագահի կողմից. որը պատասխանել էր, թե Հանրայինն ունի նման հնարավորություն, ուստի այդպիսի հաղորդումներն անպայման կընդգրկվեն հեռուստաընկերության ծրագրերում: Ի դեպ, առաջարկը հավանության էր արժանացել իշխող կուսակցության մի շարք պատգամավորների կողմից: Մասնավորապես ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատել էր, որ ժողովրդավարության քողի տակ բավական գումարներ են մուտք գործում երկիր, որոնք օգտագործվում են մեր ազգային արժեքները ոչնչացնելու, մեր ավանդույթները, մեր ընտանիքի ամրությունը, մեր եկեղեցին քանդելու նպատակով: Պատգամավորը վստահություն էր հայտնել, որ այդ ազգակործան դավադրությունը կանխելու հարցում շատ մեծ գործ ունի անելու Հանրային հեռուստատեսությունը: Պատգամավորների նման դիրքորոշումը, ինչպես երեւում է, դուր չի եկել «հակահասարակական» կազմակերպություններին, եւ նրանք աղաղակել են, թե անընդունելի են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերը կրոնական նպատակներով օգտագործելը: Ինչպես նաեւ դատապարտել են «Հայաստանի կրոնական կազմակերպություններին ազգի թշնամի հայտարարելու հիշյալ պաշտոնյաների հայտարարությունները»: Ավելի հեռուն գնալով` ՀԿ-ներն անգամ սպառնացել են աղանդների դեմ հանդես եկողներին Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով, որը սահմանում է` «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» համարվում է քրեական հանցագործություն եւ դրա համար նախատեսված են պատիժներ: Անկասկած ոտուձեռ ընկած գրանտակերների ոչ թե ինքնասիրությունն է վիրավորվել, քանի որ չի կարող ազգային արժանապատվությունը, սեփական զավակների ապագան վաճառած որեւէ մեկն ինքնասիրություն ունենալ, այլ բոլորովին ուրիշ բան։ Չէ՞ որ մարդիկ ճշմարիտ խոսք ու քարոզչություն լսելով` հեշտությամբ կարող են դարձի գալ, եթե տրվել են որեւէ աղանդի: Նման դեպքերը բազմաթիվ են, եւ հոգեւորականներն իրենք են փաստում աղանդներից մարդկանց դեպի Հայ Առաքելական եկեղեցի վերադարձի եւ սեփական մոլորության խոստովանության մասին: Եվ հիմա հեռուստատեսությամբ լսելով բարոյական քարոզներ ու աստվածաշնչյան չաղավաղված ճշմարտություններ` հասարակությունը կարող է աղանդների դեմ հզոր իմունիտետ ձեռք բերել, ինչն ամենեւին ձեռնտու չէ գրանտակերներին: Վերջիններիս պայքարի անարդյունավետությունը տեսնելով` նրանց ֆինանսավորող կառույցները կարող են զրկել ապրուստի միակ միջոցից: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը լավ ուսումնասիրել է գրանտների հույսով ապրող ՀԿ-ների բուն գործունեությունը Հայաստանում, լավ գիտի, թե դրանք ինչ պատվերներ են կատարում, եւ որ այդ պատվերներն ամենեւին մեր պետականության ու ժողովրդի շահերից չեն բխում, որքան էլ դրանք ժողովրդավարության քողի ներքո են մատուցվում: «Ակնհայտ է, որ այդ մարդիկ պատվերներ են կատարում՝ հսկայական գումարների դիմաց: Օրինակները բազմաթիվ են: Դիցուք, «Սորոսի հիմնադրամը», որը նույն «Բաց հասարակության ինստիտուտն» է, ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Նորվեգիայի եւ Հոլանդիայի կառավարությունների կողմից: Այն դրամաշնորհներով հիմնականում ֆինանսավորում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների: Սակայն գաղտնիք չէ, որ իբրեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ այդ ՀԿ-ներից եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունը տարիներ շարունակ զբաղվում են համասեռամոլության, գենդերի, մանուկների այլասերության ու կեղծ կրոնական գաղափարների քարոզչությամբ ու տարածմամբ` նպատակ ունենալով այլասերել հասարակությունը եւ ոչնչացնել որպես ազգային, ժողովրդական միավորում: Ես բազմիցս այդպիսի կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու մասին նախազգուշացրել, հորդորել եմ արդարադատության նախարարությանը` ՀԿ-ների ֆինանսական աղբյուրները թափանցիկ դարձնելու միջոցով: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն արդեն նման հնարավորություն ընձեռում է: Սակայն նախորդ նախարարներին իմ դիմում-հորդորը որեւէ արդյունք չտվեց: Հույս ունեմ, որ նոր նախարարն ականջալուր կլինի դրան եւ օրենքի պահանջով կապահովի հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը: Այդ ժամանակ ակնհայտ կլինի, թե որ կազմակերպությունն ինչքա՞ն գումար է ստացել, որտեղից, ի՞նչ գրանտային ծրագրերով եւ ի՞նչ նպատակներով է ծախսել այդ գումարները: Բայց անգամ օրենքի կիրառության բացակայության պայմաններում շատ ՀԿ-ների գործունեությունը ջրի երես է դուրս գալիս: Օրինակ, Սաքունցի նման բացասական երեւույթը հայտնի է, որ վերջին երեք տարվա ընթացքում մինչեւ 500 հազար դոլար դրամաշնորհ է ստացել, այն հատկացրել մի շարք աղանդավորական եւ արվամոլություն քարոզող կազմակերպությունների: Ընդ որում՝ դրամաշնորհները տրամադրվել են «Սորոսի հիմնադրամի» կողմից: Նաեւ այդ տեղեկատվության շնորհիվ այլեւս պարզ է, թե Սաքունցի կազմակերպությունն ինչով է զբաղվում, ուստի նրան վերահսկելն ավելի հեշտ է դառնում: Բայց դեռ որքան նման գրանտներ են մտնում Հայաստան, որոնք չեն բացահայտվել: Մինչդեռ մենք պետք է այդ վտանգավոր վարակը վերացնենք Հայաստանից, օտար երկրների լրտեսները պետք է բացահայտվեն եւ դուրս մղվեն հասարակական կյանքից»,- ասում է պատգամավորը: Ըստ նրա` ՀԿ-ների ֆինանսական միջոցների թափանցիկությունը հնարավորություն կտա հասկանալ, թե այդ կառույցներից որն ինչով է զբաղված, եւ դրանց առանձին կարգավիճակ կտրվի, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ով է ֆինանսավորվում դրսից, ում պատվերն է կատարում ու հեռու մնա դրանցից: Նույն մոտեցումը պետք է ցուցաբերել օտար դրամաշնորհներով սնվող լրատվամիջոցների նկատմամբ: Դեռ 2012թ. Հայկ Բաբուխանյանը հանդես գալով խորհրդարանում` առաջարկել էր օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենսդրություն ստեղծել, որը կվերաբերի նաեւ այն հասարակական կազմակերպություններին, կրոնական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, որոնք սնվում են արտասահմանյան փողերով եւ բնականաբար ծառայում նրանց շահերին: Օրենքը հնարավորություն կտար սահմանափակել նման կազմակերպությունների ազատ գործունեությունը` պետությանն ու ժողովրդին չվնասելու մտահոգությամբ. «Մենք գերդեմոկրատական երկիր ենք, հասկանում եմ, բայց նման լրտեսների գործունեությունն արդեն հարվածում է մեր ազգային անվտանգությանը: Ուստի այդպիսի օրենսդրության ստեղծումն այսօր էլ հրամայական է»: Մեր այն մտահոգությանը, որ ոչ միայն օրենսդրություն չի ստեղծվում, այլեւ սահմանադրության նախագծում աղանդներին քարոզչություն իրականացնելու լայն հնարավորություններ են տրվել, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց, որ ինքն էլ է անհանգստացած այդ դրույթով: Սակայն դա է թելադրում սահմանադրության նախագծով ամրագրված խղճի ազատությունը: Պատգամավորը նախագծի քննարկումների ժամանակ առաջարկել է սահմանադրությամբ օտարերկրյա քաղաքացիներին կամ նրանց միջնորդ կազմակերպություններին արգելել մեր երկրում կրոնական քարոզչություն իրականացնել: Խոսքն իհարկե վերաբերում է ոչ թե կանոնավոր եւ ազգային փոքրամասնությունների եկեղեցիներին, այլ աղանդավորական «գաստրալյորներին»: Սակայն նրա առաջարկը սահմանադրության նախագծում չամրագրվեց: Փոխարենը պատգամավորը հույս ունի, որ դա հնարավոր կլինի անել կրոնական կազմակերպությունների մասին օրենքում: Անդրադառնալով ՀԿ-ների սպառնալիքին, թե աղանդների դեմ հակաքարոզչությունը դատապարտելի է Քրեական օրենսգրքի` «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին» 226-րդ հոդվածով, Հայկ Բաբուխանյանն այն ծիծաղելի համարեց, քանի որ կրոնական կազմակերպությունները, աղանդները չեն կարող կրոն համարվել, ուստի կրոնական թշնամանք հարուցելու մասին խոսք չի կարող լինել: Դրանք ընդամենը բուն կրոնից շեղված ուղղություններ են, ուստի Քրեական օրենսգիրքը հոդվածը նման դեպքերի համար չի նախատեսել:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk