«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ,
ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնը նոր խաղաշրջանը բացեց Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության նոր բեմադրությամբ` դերասան Արման Նավասարդյանի ռեժիսուրայով: Նախկինում բեմադրված կատակերգությունն այս անգամ շնորհիվ բեմադրիչի մոտեցումների եւ երիտասարդ դերասանական անձնակազմի, բոլորովին նոր շունչ էր ստացել. «Հատուկ միտում չեմ ունեցել նորացնելու այս ներկայացումը, պարզապես ցանկացած գործ, եթե բեմադրվում է այսօր, պետք է լինի ժամանակին համապատասխան: Հատուկ որեւէ բան չեմ արել, պարզապես խոսել եմ այն ամենի մասին, ինչն ինձ հուզում է եւ ինչի մասին ուզել եմ խոսել: Եթե ջինսով են խաղում, չի նշանակում, որ ներկայացումը նոր է, այստեղ մտածելակերպն է կարեւոր: Ես այսօրվա օրով եմ ապրում, բեմադրությունը զարմացնելու համար չի արվել: Դերը` դերասանի, ներկայացումը` ռեժիսորի կարծիքն ու տեսակետն է, սա էլ` իմ տեսակետն է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՌ ԲԱՆԵՐ ԷԻ ՄՏԱԾԵԼ, ԲԱՅՑ...»
Նրա խոսքով` «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը որպես դիպլոմային աշխատանք
բեմադրելու իր առաջարկությունն ուսանողների կողմից միանշանակ չի ընդունվել. «Եղան տարբեր կարծիքներ, ուսանողների մի մասն առաջարկեց Շեքսպիրի որեւէ գործ բեմադրել, մյուս մասն էլ` այլ հեղինակի կողմնակից էր: Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե այս ներկայացումը հին է: Ես էլ ասացի, որ նրանք իրենցն են խաղացել, մենք էլ` մերը կխաղանք: Եվ ահա նման «ծուռ» բան ստացվեց, նույնիսկ ավելի խելառ բաներ էի մտածել, բայց
բեմի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին իրագործել, հետագայում կանեմ»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը:
Ուսանողական թատրոնի տնօրինությունը բանակցություններ է վարում մարզային մի շարք թատրոների հետ` ներկայացումը մարզերում բեմադրելու համար: Չնայած Ա. Նավասարդյանը չցանկացավ բացել փակագծերը, թե որ մարզերում այն կներկայացվի, բայց շեշտեց. «Հարազատ Բերդում շատ կցանկանայի ցուցադրել ներկայացումը: Բերդ ասում եմ, աչքերս լցվում են, բայց Բերդի թատրոնը տեխնիկական որոշ հնարավորություններ դեռ չունի»,- հավելեց զրուցակիցը:
ԴԵՐԱՍԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ ԿՈՇԻԿՆԵՐ ՀԱԳՆԵԼ
Կատակերգությունում գլխավոր հերոսին մարմնավորած ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ներկայացման վերջում ստիպված էր բարձրակրունկ կոշիկներ հագնել, ինչը նրա համար մեծ փորձություն է եղել. «Սկզբում կերպարս այդքան էլ չէի հավանում, մտավախություն ունեի, կկարողանա՞մ արդյոք
մարմնավորել կնոջ կերպար: Բայց, ինչպես նկատեցի հանդիսատեսի վերաբերմունքից, ներկայացումը հաջողված է, նշանակում է` կերպարս էլ է հաջողված»,- նկատեց երիտասարդ դերասանը:
Նշենք, որ Ուսանողական թատրոնն այս թատերաշրջանում հանդես կգա յոթ ներկայացումով: Նարինե Գրիգորյանի` «Ես միայն զանգահարելու էի եկել» (Գ. Մարկեսի համանուն պիեսի հիման վրա), Լալա Մնացականյանի` «Մայրը» եւ «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումներից զատ, նոյեմբերի 17-ին թատերասեր հանրության համար նախատեսված է նաեւ Սամսոն Ստեփանյանի «Առաջարկություն» ներկայացման պրեմիերան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk