Նոր տվյալներ Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ
Արխիվ 12-16ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջատար մասնագետների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած Կիրեեւսկի բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի բազմաբեկորային լուրջ վնասվածքներ, ելնելով տեղափոխման հետ կապված ռիսկերից` բուժումը կշարունակի ոչ թե Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում, այլ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը.
«Տուլայից հիվանդի ռեանիմոբիլով տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ իր տեղակալ ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ ձեւավորված աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Տուլայի հայ համայնքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Տեղեկացնենք նաեւ, որ վթարից տուժած այսօր լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետեւանքով մահացած, 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը Տուլայի հայ համայնքի անմիջական մասնակցությամբ կկազմակերպվի նոյեմբերի 8-ին, ժամը` 15:00-ի սահմաններում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Հավելենք նաեւ, որ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներից մեկը` հարազատների ցանկությամբ արդեն տեղափոխվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալ: Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժվող տուժածներից երկուսը` առողջացումով դուրս են գրվել: Այս պահի դրությամբ բուժումը Տուլայում շարունակում է հինգ հիվանդ: Նրանց առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բազմաթիվ կոտրվածքներ ունեցող երեք հիվանդներից մեկն անջատվել է արհեստական շնչառության սարքից, ինքնուրույն է շնչում: Մեկ այլ հիվանդի նոյեմբերի 9-ին կկատարվի կոնքի ոսկրերի եւ անրակի վիրահատություն», - ասված է ՀՀ առողջապահության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից շարունակվում են համակարգվել Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության եւ Հայաստան տեղափոխման աշխատանքները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
