Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած 68-ամյա կինը մահացել է
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾ 68-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք այսօր լուսադեմին մահացել է: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ փոխանցմամբ` վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի վեցերրորդ կանգի արձանագրման հետեւանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նշենք, որ 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը կկազմակերպվի աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են Գ. Միրիջանյանի ղեկավարությամբ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայ համայնքի եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Հավելենք նաեւ, որ, ըստ այս պահին ՀՀ առողջապահության նախարարության ունեցած տեղեկությունների համաձայն, Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա եւս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:
Ի դեպ, փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ռուսաստանյան հիվանդանոցներում այս պահին գտնվող վթարից տուժածների մասին ուշագրավ տեղեկություն է հայտնել. «Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից վիրավորված ընկերս պատմում է, որ հիվանդանոցում, իրեն օրական այցելել են մի քանի Հայ ընտանիքներ: Հայ ընտանիքի մայրը ճաշը պատրաստել եւ անձամբ բերել է հիվանդանոց եւ մինչեւ իր իսկ ձեռքով չի կերակրել ընկերոջս, հիվանդասենյակից չի հեռացել: Եվ այսպիսի Հայ ընտանիքներ շատ են եղել, ովքեր բացի ընդհանուր գործից նաեւ անհատական օգնություն են ցուցաբերել վիրավորներին: Շնորհակալություն ձեզ ՄԵԾ ՀԱՅԵՐ... Իսկ Ռուս թոշակառու մի տատիկ, ստացած թոշակով նորից սնունդ, միրգ, հյութ է հասցրել վիրավորներին: Շնորհակալություն ձեզ՝ Ռուս ազգ...»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk