ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` ՀՀ կառավարության երեկվա նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: «Երեկ մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք եւ որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը` ե՛ւ բուժման, ե՛ւ հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Երեք տասնյակից ավելի հարցերի թվում կառավարությունը որոշումներ է ընդունել ներդրումային ծրագրերի, Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի գործունեության ներդաշնակեցման խնդիրների վերաբերյալ:
Արտոնություն ստացավ ներդրումային ծրագիրը: Կառավարությունն իր որոշմամբ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչեւ երեք տարով հետաձգելու արտոնություն է տվել «Արմյանսկի ուրոժայ» ՍՊ ընկերությանը, որը նպատակ է դրել վերազինվել եւ գյուղմթերքի արտադրությունը փոխարինել հոլանդական բարձրորակ վարդի աճեցմամբ` գրավելով Ռուսաստանի Դաշնության վարդի իրացման շուկայի զգալի մասը:
Կառավարության սույն որոշման նախագիծը մշակել են ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ ֆինանսների նախարարությունները: Ըստ ներդրումային ծրագրի` Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է աճեցնել հոլանդական վարդեր եւ կատարել ավելի քան 1,6 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1,34 մլրդ դրամը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2,5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան եւ այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 90 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում): Միջին աշխատավարձը 2016թ. կլինի 125 հազար, 2017թ.` 130 հազար եւ 2018թ.` 140 հազար դրամ:
Կառավարությունն ակնկալում է, որ որոշման իրականացումը կնպաստի ընկերության ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ գյուղատնտեսության առաջընթացին:
Հաշվի են առնվում ապրանքաշրջանառության առանձնահատկությունները: Երեկվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման որոշ հարցերի մասին» արձանագրությանը եւ ընդունել է «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի եւ թափոնի` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման եւ ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշումը:
Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների ներմուծման եւ տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու հետ:
Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում, եւ որոնց հանդեպ Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:
Նախատեսվում է, որ այդ ապրանքները Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծելու ժամանակ ձեւակերպվելու են «ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան: Այս դեպքերում Ղազախստանի Հանրապետությունը պարտավորվում է կիրառել համապատասխան միջոցներ` նշյալ ապրանքների` մյուս անդամ երկրների տարածք տեղափոխումը արգելելու համար:
Թանկարժեք քարերի եւ թանկարժեք մետաղների արտահանման եւ ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու որոշումը թելադրված է 2014թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու եւ ապրանքների արտահանման եւ /կամ/ ներմուծման արտոնագրի եւ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման 6-րդ կետի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012թ. օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» որոշման դրույթների կատարման անհրաժեշտությամբ:
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը, լինելով միասնական տնտեսական տարածքի անդամ երկիր, պետք է պետական վերահսկողություն կիրառի այդ ապրանքները ներմուծելիս եւ արտահանելիս:
Որոշմամբ հաստատվել են պետական վերահսկողություն իրականացնելու կարգերը եւ համապատասխան ակտերի ձեւերը, ապրանքների ցանկերը, սահմանվել են ակտերը տրամադրող լիազոր մարմինները:
Երկրի գիտական խմբերը կմասնակցեն եվրոպական ծրագրերին: 2014 թվականից իրականացվում է Եվրամիության հետազոտության եւ նորարարության Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրը, որը շարունակվելու է մինչեւ 2020 թվականը: Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական մաս` գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ Եվրամիության իրականացրած FP7 շրջանակային ծրագրի արդյունքը` հանգել է այն եզրակացության, որ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից եւ բուհերից շուրջ 30-ը կարող է արդյունավետ մասնակցել Հորիզոն-2020 ծրագրի տարբեր գերակայություններով անցկացվող մրցույթներին: ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության եւ Եվրահանձնաժողովի միջեւ Եվրամիության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցելու առաջարկությանը: Ծրագրի իրագործումը կարող է նպաստել մեր երկրի գիտական խմբերի` հետազոտության եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների անմիջական մասնակիցը դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
